Ամեն տարի գարունը մեր լեռնաշխարհ գալիս է յուրովի - 1982 թվին գարունը ուշանում էր... Մի ըղձանք, թախիծ, թե կարոտ այդ տարի թևածում էր - մինչև գարունը եկավ: Օրերը, ապրումները մնացին «Ուշացած գարուն» բանաստեղծական շարքում... Երկու բանաստեղծություն եմ դնում այդ շարքից: Եվ ասում՝ 2013-ի գարունը չի ուշանում: Ավելին՝ նա այս անգամ փետրվարին է եկել... Միայն զգույշ - սառնամանիք չզարկի մեր ծաղկող ծառերին: Հույսն ու տագնապը՝ այս երկու էսքիզներում.
*
* *
Վազը արդեն լաց է լինում`
Հարս է գնալու,
Բողբոջ–բողբոջ արթնանում`
Մայր է դառնալու:
Արև–փեսան` արբած ու թեժ,
Նրան է նայում,
Մեկ ծակում է շողերով կեզ
Ու մեկ փայփայում:
Իմ շուրթին սառ արցունք կաթեց`
Վազի համբույրով,
Եվ արևը խանդից մթնեց`
Ծածկվեց ամպերով:
Ինձ մի խանդիր, գարնան արև`
Իմ վազն եմ ուզում,
Նա էլ` կանաչ իմ մանկան հետ,
Ինձ է սպասում:
*
* *
Ծիրանի ծաղիկ, սպիտակ ծաղիկ
Բացվեցիր գարնան արևի դիմաց,
Մեղուն քեզ համար հորինեց խաղիկ,
Անամպ երկնքից ցողիկ իջավ ցած:
Բայց եկավ գիշեր, և ցրտեց այգին,
Մի սիրուն ձյունիկ թերթիկդ գրկեց, –
Ա՛խ, անսիրտ ձյունիկ, ուշացած ձյունիկ. –
Նա մութ գիշերին քեզ կյանքից զրկեց:
Էլ չես տեսնելու արևը գարնան,
Էլ չես լսելու ոչ ձայն, ոչ տաղիկ,
Քնքուշ ժպիտդ ինչպե՞ս մոռանամ,
Ծիրանի ծաղիկ, սպիտակ ծաղիկ:
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
1982