Հարգելի պարոն նախարար,
Այնպես է ստացվել, որ ես արդեն երկրորդ անգամ ականատես եմ լինում ձեր ստորադասների կողմից թույլատրվող ճչացող օրինախախտման։ Առաջին անգամ անցած ամիս էր, երբ հիվանդ լինելու պատճառով տանն էի մնացել այն օրը, երբ 90-ամյա վետերան պապուս թոշակը տուն բերեցին (ինքն արդեն չափազանց մեծ է, որպեսզի անգամ մեր օգնությամբ անձամբ ներկայանա՝ թոշակն ու պատվովճարը ստանալու համար)։ Այդ օրը գումարը հաշվելիս ես նկատեցի, որ երկու մասից բաղկացած ընդհանուր գումարը «կլորացվում» է սոցաշխատակցի կողմից, և գոյացած տարբերությունը յուրացվում է։ Ես նրա ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ տրված գումարը չի համապատասխանում նշված գումարի հետ (1400 դրամ), ինչին նա պատասխանեց մոտավորապես այսպես. «Դե դա էլ մեր տաքսու փողն է, որ գալիս, հասնում ենք»։ Քանի որ առաջին ագամն էր, ես որոշեցի անտեսել։ Հետո իմացա, որ հայրս նրան խնդրել էր, որ միանգամից երկու վճարները բերի, այլ ոչ թե առանձին-առանձին, որովհետև պապս գանգատվել էր այս երևույթի պատճառով։ Անցած ամիս չարձագանքեցի, որոշելով սպասել, որ երևույթը կրկնվի, գուցե մարդը հետևություններ աներ։
Այսօր կրկվեց նույն պատմությունը, այն տարբերությամբ, որ ընդհանուր 69400 կազմող գումարից տրվեց 68400։ Ստուգելու համար ես հարցրի, թե արդյո՞ք պետք է «շնորհակալություն» հայտնել, ինչին ի պատասխան ասվեց. «Պապիկն ինձ ասել է, որ ես 1000 դրամ վերցնեմ բերելուց, դե տաքսու փողն ա էլի»... Ես լռեցի, ճամփեցի սոցաշխատակցին ու իմ գրպանից դրեցի հազար դրամ, որ պապս չիմանա։
Պարոն նախարար, փառք Աստծո, մեր ընտանիքում բոլորս ապահովված ենք աշխատանքով, և պապուս թոշակը պապուս թոշակն է ու մեծ հաշվով եղանակ չի փոխում մեր տանը, այնպես որ իմ կռիվը այդ մի քանի կոպեկի համար չէ։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի թոշակառու կա, ովքեր, ելնելով իրենց հատուկ մենթալիտետից, կամ անտեր լինելուց, կամ էլ անզորությունից ենթարկվում են նման ռեկետի։ Այդ ինչքա՞ն թոշակ են ստանում այդ խեղճ ծերունիները, որ մի հատ էլ սոցաշխատակիցներին նման շաբաշներ տան։ Խնդրում եմ, զբաղվեք այս հարցով և արմատախիլ արեք այս խիստ տհաճ ու արատավոր երևույթը։ Հասկանո՞ւմ եք, ծիծաղելի է, երբ սոցաշխատակիցը պահանջում է, որ անգամ պապուս ներկայությամբ ես չստորագրեմ փաստաթուղթը, իսկ մյուս պահին նույն սոցաշխատակիցը յուրացնում է 90-ամյա ծեունու ու Հայրենական մեծ պատերազմի վետերանի 1000 դրամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել