Կրոնների պատմության մեջ՝ քրիստոնեականը եղավ մեծագույնը: Իր հիմնադիրի՝ Քրիստոսի կրած չարչարանքներն ու հանուն ճշմարտության խաչելությունը, մարդկության համար նոր ուղի բացեց հոգեկան արժեքների նվաճման համար: Ավանդ ստեղծվեց, որ մարդը անհրաժեշտության դեպքում արյան հեղումով կամ կյանքի գնով պաշտպանի հավիտենականն ու անժամանցելին:
Մնայուն արժեքների ու կյանքի այս նոր ըմբռնմամբ խանդավառված, Քրիստոսի Համբարձումից հետո, Առաքյալները գերազանց եռանդով լծվեցին քարոզչության և Երուսաղեմում հաստատեցին առաջին եկեղեցին:
Զոհողության և նվիրումի ոգին ամբողջական էր և Նոր Կտակարանի շունչը լայն կերպով սկսեց ծավալվել ժողովրդի տարբեր խավերում: Շուտով, առաքյալների կողքին եկեղեցու սպասավորության համար հավելյալ անձանց կարիք զգացվեց: Կատարվեց առաջին ընտրությունը և յոթ արժանավորներ ճշտվեցին սուրբ խորանի ծառայության համար: Նրանք կոչվեցին ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐ, որոնց համար միևնույն ժամանակ սահմանվեցին եկեղեցու նկատմամբ և հավատացյալների հանդեպ ծառայության դաշտն ու ուղեգիծը.
-Սպասարկել Եկեղեցու սուրբ խորանին,
-Ավետարանել՝ ուր որ կարիքը զգացվի:
-Հասցնել օգնություն և նպաստ աղքատներին, և
-Հոգալ որբերի և որբևայրիների կարիքները:
Սահմանված այս պայմաններով, սարկավագության աստիճանը եկեղեցում դարձավ շատ սիրելի և հարգված պաշտոն:
Առաջին եկեղեցու կողմից ընտրված յոթ սարկավագներից ամենափայլուն և գործունյա սպասարկուի անունը Ստեփանոս էր, որ ջերմեռանդ հավատացյալ էր դեռ Քրիստոսի կենդանության ժամանակ: Նա լծվեց արդար գործին: Եռանդը սահման չճանաչեց և անդուլ ու անվախ քարոզեց Նոր Կտակարանը՝ սիրո և լայնախոհության նոր ըմբռնումներով:
Իր համար տաճարը շենք չէր և ոչ էլ ինչ-որ կառուցված. պետք էր ինչ-որ բան փոխել հին մտայնությունների և տիրող կարգերի մեջ:
Մյուս կողմից օրենքի նախանձախնդիր հրեաների համար բավական էր, որ այդպիսի միտք արտահայտողը, առաջնորդվեր դատարան:
Եվ այնտեղ, դատավորների առջև, Ս. Ստեփանոսն իր գաղափարները ոչ միայն կրկնեց, այլև ամբողջացրեց՝ ասելով. «Դուք նրանց ժառանգորդները չե՞ք, որոնք հակադրվեցին նույն ինքը Մովսեսին, և նրանց՝ որոնք հալածեցին և սպանեցին գրեթե բոլոր մարգարեներին՝ երբ նրանք ազդարարում էին Արդարի գալստյան մասին». և ակնարկելով Հիսուսի խաչելությունը. եզրափակեց. «Դուք, հիմա Նրա մատնիչներն ու սպանիչները...»: (Գործք Առաք. Է. 48-53):
Ս. Ստեփանոսի պատիժը սահմանված էր արդեն. ամբոխը քաշկռտեց, տարավ նրան քաղաքից դուրս և քարաձգության տարափի տակ, վերջ տվեց կյանքին, որի պայծառամտությունից լսելի էր դառնում վերջին հետևյալ խոսքերը. «Տե՛ր, թող այս մեղքի պատասխանատվությունը չծանրանա նրանց վրա...»:
Ս. Ստեփանոսը եղավ հավատքի Առաջին Նահատակը: Այս պատճառով քրիստոնեական եկեղեցին նրան կոչում է Նախավկա Սարկավագ: Իր կյանքը դարձավ կարմիր օրինակ: Ցուցաբերված քաջությունը ցնցեց ամբոխի ամենակարծր տարրերից մեկը համարվող՝ մոլեռանդ Սողոսին, որ շուտով Դամասկոսի ճանապարհին հավատափոխ լինելով պիտի վերակոչվեր Պողոս Առաքյալ և դառնար քրիստոնեության մեծագույն քարոզիչներից մեկը:
Ս. Ստեփանոսի հիշատակությունը իբրև եկեղեցական Ավագ Տոն, Երուսաղեմում, զետեղված է Հունվարի առաջին շաբաթվա մեջ, որ կանխում է Ս. Ծնունդն ու Նոր Տարին:
Երուսաղեմում՝ պահպանելով վաղեմի սովորություններն ու ավանդությունները, տոնից մի շաբաթ առաջ՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի երեկոյան, Ս. Աթոռի սարկավագների և ուրարակիրների ողջ դասը ժողով է գումարում Ժառանգավորաց վարժարանում: Ժողովը վարում է Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսուչ հայր սուրբը:
Սարկավագների կողմից կատարվում է գաղտնի քվյարկություն, որի արդյունքում ընտրվում են Ս. Ստեփանոսի տոնի պաշտոնները:
Օրվա պատարագիչ քահանային ընտրում են հենց այդ ժողովի ընթացքում: Այդ օրը Ժամերգության ժամանակ զույգ խնկարկու սարկավագապետերը, ընդհանրապես, լինում են վարդապետ հայրեր: Ընտրվում են նաև Պատարագի զույգ բուրվառակիրներ սարկավագներից, զույգ քշոցակիր սարկավագներ, զույգ փոխասաց-դպիրներ, «Հայսմավուրք» գիրքը ընթերցող սարկավագ, «Ճաշու Գիրք» ընթերցող սարկավագ, ով իր ձախ ձեռքին փոքրիկ Ավետարան, իսկ աջ ձեռքին մոմ բռնած բարձրանալով ամբիոն կարդում է գիրքը: Ընտրվում են նաև պատարագի սպասարկու սարկավագ, ամբողջ արարողության համար պատասխանատու ատենապետ, որ սարկավագներից է լինում և ատենադպիր, որ դարձյալ սարկավագներից է ընտրվում: Ինչպես նաև գանձապահ, ով տոնակատարությունից հետո, երբ «Նախասարկավագ» շարականի երգեցողությամբ այցելում են տոնի ավետիսը վարդապետ հայրերին փոխանցելու, և վերջիններս իրենց սրտի նվերն են տալիս նրանց, տնօրինում է այդ նվերները:
Տոնի առավոտյան, սարկավագական հանդեսի ժամանակ, բոլոր սարկավագները զգեստավորված 18-րդ դարի շապիկներով, գլխներին սաղավարտ և ձեռքներին 18-րդ դարի բուրվառներ բռնած, սարկավագապետերի ուղեկցությամբ խնկարկում են Պատրիարք Սրբազան Հորը, ապա համբուրում նրա խաչը և աջը:
Իսկ երեկոյան, Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի ճաշարանում տեղի է ունենում սիրո ճաշ, որին մասնակցում են ողջ միաբանությունը, ուսուցչական կազմը, սարկավագներն ու ժառանգավոր սաները:
Այս տարի այդ ընտրությունների արդյունքում սարկավագապետների պատասխանատու պաշտոնը վստահվել էր Ս. Աթոռի երեցագույն վարդապետներ՝ Ելևմտից Տեսչության Վարիչ և Ս. Հարության Տաճարի տեսուչ Հոգշ. Տ. Սամվել Ծ. Վրդ. Աղոյանին և Կալվածոց Տեսուչ՝ Հոգշ. Տ. Պարետ Ծ. Վրդ. Երեցյանին:
Օրվա պատարագիչ էր ընտրվել Յաֆայի Ս. Նիկողայոս վանքի տեսուչ՝ Հոգշ. Տ. Տիրան Աբղ. Հակոբյանը:
Արարողության ավարտին սարկավագները սարկավագապետների ուղեկցությամբ և «Նախասարկավագ» շարականի երգեցողությամբ այցելեցին Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյան Պատրիարք Սրբազան Հօրը և ստացան Պատրիարք Հոր օրհնությունը, ապա այցելեցին նաև Ս. Աթոռի Լուսարարապետ՝ Գերշ. Տ. Սևան Արք. Ղարիբյանին:
Տոնն իր լրումը գտավ, ինչպես վերևում նշեցինք, Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի ճաշարանում՝ սիրո ճաշով:

ՆԵՐՍԵՀ ԱԲՂ. ԱԼՈՅԱՆ

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել