Image may contain: 1 personԱմուլսարի հանքի շահագործումը եղել և շարունակում է մնալ հասարակության շրջանում խորը մտահոգություններ հարուցող խնդիր: Մտահոգիչ են հատկապես Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրերի, դրանց միջոցով Սևանա լճի ջրերի, և, մասնավորապես, Ջերմուկի հանքային ջրերի վրա հնարավոր արհեստածին ազդեցությունները:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթերում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը ներկայացրել է Չեխիայի Հանրապետությունում իրականացրած հետազոտությունների տվյալներ, համաձայն որոնց` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրերի վրա ազդեցություն չի լինի: Միաժամանակ ներկայացվել են Մեծ Բրիտանիայում իրականացված իզոտոպային հետազոտությունների տվյալներ, համաձայն որոնց` Ջերմուկի հանքային աղբյուրները կապված չեն Ամուլսարի վրա առկա ստորգետնյա և մակերևութային ջրերի հետ:
Հաշվի առնելով Ջերմուկի հանքային ջրերի և Սևանա լճի ջրերի վրա ազդեցության բացահայտման կարևորությունը` այս հարցը չի կարող համարվել փակված` հիմնվելով մեկ հետազոտության արդյունքների վրա: Ներկայացված տվյալներն ու եզրակացությունները վերաբերվում են ներկայիս` մինչև հանքավայրի շահագործումը հղումային վիճակին: Մինչև հանքավայրի շահագործումը Ջերմուկի հանքային ջրերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրերի և Ամուլսարի գոտու մակերևութային ու ստորերկրյա ջրերի միջև կապի բացակայությունը դեռևս միանշանակ չի նշանակում, որ հանքավայրի շահագործումը սկսելուց հետո, երբ տեղի կունենան հողային աշխատանքներ, հարյուրավոր հեկտարներով տարածքների արտաքին բնական ծածկույթների և լանդշաֆտների փոփոխություններ, պայթեցումներ, տարիներ շարունակ հազարավոր տոննաներով քիմիական միացությունների օգտագործում տեղանքում, ջրային մարմինների միջև կապ չի առաջանա կամ Ամուլսարի գոտու ջրային մարմիններից դեպի Ջերմուկի հանքային ջրային մարմին, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ ներթափանցում տեղի չի ունենա:
Պետությունը և հասարակությունը պետք է վստահ լինեն, որ հանքավայրի շահագործման փուլում շրջակա միջավայրի և, հատկապես, Սևանա լճի ջրհավաք ավազանի ու Ջերմուկի հանքային ջրերի վրա ցանկացած ազդեցություն կբացահայտվի արդեն նախնական փուլերում, երբ ազդեցությունները կլինեն վերահսկելի և դարձելի, իսկ հետազոտությունների տվյալներն անպայման հասանելի կլինեն հասարակությանը, գիտական շրջանակներին և պետական կառույցներին:

«Civil voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը ակտիվորեն մասնակցել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի ներկայացրած ՇՄԱԳ բազմափուլ քննարկումների երկու հասարակական լսումներին, ներկայացրել է դիտողություններ և առաջարկություններ՝ կապված Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով Ջերմուկի հանքային ջրերի, շրջակա ջրային էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցությունների վերահսկման ծրագրերի հետ։
«Civil voice» բնապահպանական ՀԿ-ն առաջարկում է Ամուլսարի հանքավայրի գործարկման, շահագործման և ռեկուլտիվացիայի ժամանակահատվածներում իրականացնել Ջերմուկի հանքային ջրերի, Սևանա լճի ջրհավաք ավազանի (Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ) ջրերի բաղադրության հատուկ մոնիտորինգային ծրագիր՝ օգտագործելով հետազոտությունների առնվազն երկու մեթոդ՝ իզոտոպային հարաբերությունների (ներառելով առնվազն ջրածնի, ածխածնի, թթվածնի, ազոտի և ծծմբի իզոտոպները) և հազվագյուտ տարրերի հարաբերությունների (ներառելով լանթանոիդների և հազվագյուտ այլ տարրեր) մեթոդները:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ին առաջարկում ենք Հայաստանում ստեղծել իզոտոպային հարաբերությունների մասս-սպեկտրաչափական հետազոտությունների լաբարատորիա, որի հիմնական նպատակը և գործառույթը պետք է լինի Ջերմուկի հանքային ջրերի և Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրերի (Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների) վրա հանքավայրի շահագործման ցանկացած ազդեցության վերահսկողությունը և բացահայտումը:

Լաբորատորիայի ստեղծման առաջարկն ընկերության կողմից ընդունելու դեպքում պարտադիր պայման ենք համարում մոնիտորինգային և լաբորատոր աշխատանքների իրականացման ժամանակ ապահովել հավասար մասնակցային պայմաններ և՛ պետական պատկան մարմինների, և՛ հասարակական կազմակերպությունների համար:
Ծանոթ լինելով ընկերության պատասխանատուների հավաստիացումներին, թե «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը իրականացնելու է առանց բացասական ազդեցության հանքարդյունաբերություն, և որ ընկերությունը նոր որակ է հաղորդելու հայաստանյան հանքարդյունաբերությանը, և այսպես շարունակ՝ ակնկալում ենք ընկերության կողմից գործուն քայլեր՝ լաբորատորիայի ստեղծման միջոցով մոնիտորինգային աշխատանքների իրականացման համար:

«Civil Voice» բնապահպանական ՀԿ
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել