Image result for Mourinho MkhitaryanՈրքան էլ հայ հանրությունը, հատկապես մարզաշխարհի ներկայացուցիչները, լավատես լինեն Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջողելու հարցում, ամեն դեպքում հայ ֆուտբոլիստը կարծես թե բախվում է լուրջ խնդիրների անգլիական գրանդում։ Մխիթարյանը սկզբնական շրջանում չէր ընդգրկվում Անգլիայի ամենատիտղոսակիր թիմի մեկնարկային կազմում, իսկ անցյալ շաբաթ, մեկնարկային կազմում դուրս գալու հնարավորություն ստանալով, Մխիթարյանը մասնակցեց Մանչեսթեր Սիթիի դեմ սկզբունքային խաղի առաջին խաղակեսին, որից հետո փոխարինվեց։ Մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայ ֆուտբոլիստի խաղից հիասթափված էր և հայտարարեց, որ նա դեռ պատրաստ չէ մասնակցել նման հանդիպումների։ Իրականում ի՞նչն է խնդիրը։ Բրիտանական մամուլում այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ Հենրիխ Մխիթարյանի մոտ կրկնվել է Չեխիա-Հայաստան խաղում ստացած վնասվածքը և նա բաց կթողնի հավելյալ 10 օր։ Հարց է առաջանում, թե արդյոք արժեր Մխիթարյանին ընդգրկել Սիթիի դեմ խաղի մեկնարկային կազմում, եթե նա նոր էր վնասվածքից ապաքինվել, մանավանդ, եթե դրանից հետո ֆուտբոլիստը հայտնվելու էր Ժոզե Մոուրինյոի քննադատության թիրախում։ Տեղեկություններ կան նաև, որ Մխիթարյանը դժգոհ է նաև Մանչեսթերում իր խաղային դիրքից։ Ըստ բրիտանական աղբյուրների՝ Հենրիխը նախընտրում է հանդես գալ ենթահարձակվողի դերում, որտեղ խաղում է Ուեյն Ռունին, այլ ոչ թե ձախ եզրում։ Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Մխիթարյանին հեշտ օրեր չեն սպասվում մառախլապատ Ալբիոնում։ Դորտմունդի Բորուսիայում Թոմաս Տուխելը նրա տեղը դաշտում հրաշալիորեն գտավ, ինչը ոչ մի կերպ չէր հաջողվում դորտմունցիների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։ Այժմ կարծես պատմությունը կրկնվում է․ Մխիթարյանը դաշտում անցկացրած ժամանակ այնքան էլ արդյունավետ չէր իր գործողություններում և տաղանդավոր ֆուտբոլիստը հիմնականում ստվերում էր գտնվում։ Նրան, ըստ էության, մեկ բան է մնում՝ անդադար աշխատել և քմահաճ պորտուգալացուն համոզել ընդգրկել իրեն մեկնարկային կազմում, հակառակ պարագայում կարծում ենք, չնայած Մանչեսթեր Յունայթեդն աշխարհի ամենագրանդ թիմերից է, ամեն դեպքում Հայաստանի հավաքականի ավագը չի հանդուրժի պահեստայինների նստարանն ու կլքի կարմիր թիմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել