Էլեկտրաէներ­գիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը կնվազեցվեն հարկման բազայիցBarometer.am-ը գրում է.

2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված "Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ կառավարության որոշմամբ` բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությանը հնարավորություն է տրվել նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը համարել անհուսալի պարտքեր և նվազեցնել հարկման բազայից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսինքն, որոշմամբ ՀՀ կառավարությունը չվճարված հարկերի չափով իր վրա է վերցնում նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված պարտքերից ընկերության մոտ առաջացող կորուստները:

Ընդունված որոշումը, մասնավորապես, տարածվում է այն ֆիզիկական անձ բաժանորդների վրա, որոնք ստացված էլեկտրաէներգիայի դիմաց ժամկետանց պարտք ունենալուց հետո մեկ տարվա ընթացքում վճարում չեն կատարել և նոր էլեկտրաէներգիա չեն սպառել, կամ անվճարունակ են ճանաչվել կամ մահացել են:

Միաժամանակ, որոշման ընդունումը նշանակում է, որ բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությունը նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը հարկման բազայից նվազեցնելու համար այլևս ստիպված չի լինի ֆիզիկական անձանցից պարտքերը բռնագանձելու համար հայցադիմումներ ներկայացնել դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել