Lurer.com-ը գրում է.
«Իսլամական պետությունը» սկսել է նոր երթուղի օգտագործել Ադրբեջանի, Կիպրոսի և Վրաստանի միջով, որպեսզի տեղափոխի մահապարտներին Սիրիայից դեպի Եվրոպա: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով թուրքական հետախուզության աղբյուրին:
Մասնավորապես, պարբերականը նշում է, որ ԻՊ-ն հանձնարարել է իր զինյալներին մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ադրբեջանում: Հարձակումների զոհեր պետք է դառնային իրավապահներն ու նրանց ընտանիքների անդամները:
Հատուկ նշանակության ծառայությունները նաև զգուշացրել են, որ ջիհադիստներ մտադիր են շարունակել Թուրքիայի վրա հարձակումները՝ ի պատասխան ԻՊ-ի դեմ գործողությունների և իր նախկին անդամների ձերբակալության: Որպես թիրախ՝ ահաբեկչական կազմակերպությունն ընտրել է Անկարայում, Ստամբուլում և Իզմիր նահանգում քրդական հասարակական գործիչներին, ոստիկաններին և զինվորականներին: