Hetq.am–ը գրում է.

Հադրութի շրջանի Տումի գյուղից իրավաբան ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տաքության մեջ պառկած էր, երբ զորամասից զանգ ստացավ։ Նա արագ հագնվեց ու հինգ ընկերների հետ շտապեց առաջնագիծ։ Մաքսիմի մայրը՝ տիկին Լուսիկը, պատմում է, որ տղաները հայտնվել են շրջափակման մեջ, բայց չեն հանձնվել, կռիվ են տվել մինչև վերջ։

«Մի օր առաջ, երբ  հերթափոխը դիրքեր էր բարձրանում, զինվորներին ասաց՝ տղեք, բարով գնացեք, ոչնչից չվախենաք, ես էլ եմ գալու։ Ոնց որ սիրտը զգում էր, հաջորդ օրն էլ ինքը գնաց։ Ինքը դիրքապահ չէր, իրավաբանն էր զորամասի»,-հիշում է տիկին Լուսիկը։

Ընկերների պատմելով՝ վերջինը նա զանգել է զինակիցներից մեկին՝ Հարություն Նալբանդյանին, ու զգուշացրել, որ իրենց մոտ չբարձրանա, իրենք շրջափակման մեջ են։ Ընկերը վիրավորվեց, բայց փրկվեց։

«Գծի այն կողմից լսվեց կրակոց ու Մաքսիմի ձայնը կտրվեց»,-պատմում է մայրը՝ անկարող լինելով այլևս զսպել արցունքները։

2014թ․օգոստոսյան էսկալացիայի ժամանակ էլ, Մաքսիմն առանց վարանելու շտապել էր դիրքապահ զինվորների մոտ՝ առաջնագիծ, ինչի համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակայանի կողմից պարգևատրվել էր մեդալով։ Մայրը հպարտությամբ է ասում, որ 29 տարեկանում որդին արդեն 7 մեդալ ունի ու մի շարք պատվորգրեր, շնորհակալագրեր՝ բարեխիղճ ծառայության համար։

Տիկին Լուսիկը, ցույց տալով որդու մեդալները, պատմում է, որ նա անթաքույց հրապտությամբ ու ուրախությամբ է ցույց տվել ստացած մեդալը։

«Ուրախ էի, իհարկե, որդուս հաջողության համար, բայց սրտումս վախ կար։ Պարզապես չէի ուզում, որ երկու թոռներս էլ առանց հայր մեծանային, ինչպես ինքը»,-ասում է նա, հավելելով, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո կորցրեց ամուսնուն, ով ազատամարտիկ էր, բայց մահացավ գլխուղեղի ուռուցքից, որը զրուցակցիս հավաստմամբ՝ պատերազմի հետևանք է։

Տիկին Լուսիկը մենակ է մեծացրել ու կրթության տվել երեք զավակներին։ Նա օր ու գիշեր աշխատում էր, որ զավակները ոչ մի բանի կարիք չզգան։

«Վերջին տարիներին Մաքսիմն ընտանիքով ծառայողական բնակարանում էր ապրում՝ զորամասին մոտ։ Ես էլ իմ ուժերով հայրական տունն եմ կարգի բերել, որ հոր կարիք երբեք չզգան»։

Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 8-ի կոմերը, տիկին Լուսիկն իրեն վատ զգաց, հարևանին կանչեց։

«Սիրտս վատացավ, չէի հասկանում ինչ է կատարվում։ Հետո լսեցի, որ սահմանում անհագիստ է։ Սկզբից խաբեցին, թե վիրավոր է, գերի է ընկել, բայց ես գիտեի, որ իմ որդին գերի չէր ընկնի։ Նա միշտ ասում էր, որ վերջին փամփուշտն իր համար կպահի, բայց թուրքին գերի չի ընկնի։ Օրեր անց որդուս դին փոխանակեցին ու փակ դագաղով հանձնեցին մեզ։ Բալիս դեմքն էլ չեմ տեսել, հիմա էնքան կարոտում եմ»,-ասում է մայրն ու էլ չի շարունակում խոսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել