Ռուսական «Независимая газета» թերթը գրում է, որ Վլադիմիր Պոտինը ՌԴ կառավարությանը հանձնարարություն է տվել շուտափույթ կերպով պատրաստել պայմանագիր Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ: Իսկ ՌԴ ՊՆ-ն այս տարվա հունրվարի 15-ին ավարտեց 102-րդ ռազմական բազան, որը տեղակայված է Գյումրիում,  պայմանագրային զինծառայողներով համալրելու ծրագիրը: Կես տարվա ընթացքում պայմանագրայինների թիվը աճել է երկու անգամ, ընդ որում ընդհանուր քանակը մնացել է նույնը:

Ռազմական փորձագետները 102-րդ ռազմական բազան պրոֆեսիոնալներով համալրելը բացատրում են տարածաշրջանում հնարավոր փոփոխություններով, ինչը վտանգավոր է Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար: Այդ սցենարները պայմանավորված են Ադրբեջանի հնարավոր հարձակման, ինչպես նաև Իսրայելի` Իրանի վրա հարձակվելու հավանականությամբ:

 Ըստ «Независимая газета»-ի ՌԴ ՊՆ աղբյուրների պայմանագիրը նախատեսում է ստեղծել միասնական պաշտպանական ձեռնարկություններ, ինչպես նաև սահմանապահների և արտակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստման կենտրոններ: Հայաստան ՌԴ-ի օգնությամբ պետք է զբաղվի որոշ տեսակի զինատեսակների արտադրությամբ: Համապատասխան պրոտոկոլ ստորագրվել է 2012 թվականի փետրվարի 9-ին Երևանում երկու երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների` Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի  կողմից: Ըստ «Независимая газета» թերթի՝ ռազմա-տեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը կստորագրվի հաջորդ ամսվա սկզբին:

 Մեկնաբանելով երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական համագործակցության մասին պայմանագրի հնարավոր ստորագրումը` Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխով հայտարարել է. «Մինչև վերջին ժամանակներս այնպիսի տարօրինակ տպավորություն էր, որ մեր դաշնակիցը Հայաստանն է, իսկ մենք զենք ենք մատակարարում Ադրբեջանին: Այժմ ցանկանում եմ հուսալ, որ պայմանագրի օգնությամբ այդ սխալը կուղղվի»: Պուխովը կարծում է, որ Ադրբեջանը ոչ միշտ է բարեկամական քաղաքականություն վարում Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ ակտիվացնելով հարաբերությունները Հայաստանի հետ` Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը Հարավային Կովկասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել