Մի՛ գաղտնի մորմոքեք… Ինչ-որ բանի կիսատ մնալու, ինչ-որ դառնության զգացումը հեռացրե՛ք ձեր սրտերից: Հասկանալը կօգնի մեզ:
Ամեն ազգ-պետություն ունի խաղաղության ձգտելու և իր երկրում այն հաստատելու իրավունք: Նաև պատերազմելու իրավունք: Խաղաղ ապրելու և պատերազմելու սրբազան մեր իրավունքը: Նույն մեդալի երկու երեսները:
Որտեղի՞ց է դառնահամը մեր շուրթերին: Խաղաղ ապրելու և պատերազմելու մեր իրավունքը լրջագույնս օտարված է մեզանից: Պատերազմելու և հաղթելու իրավունքը օտարված է: Մի այլ սուբյեկտ ձգտում է այն պահել իր ձեռքին:
Բայց տխրելու ու տրտմելու պատճառ չիք: Եվ ոչ անգամ թշնամության՝ հանդեպ օտարողը: Ի՞նչ է պետք – ընդամենը ամենօրյա, համբերատար, համառ ԱՇԽԱՏԱՆՔ: Փայփայել ինքնիշխանության բարիքը: Եվ քայլ առ քայլ ետ վերադարձնել մեր բնիկ իրավունքը: Սա է լինելու մեր աշխատանքը:
Դրանից հետո խաղաղությունը միշտ մեզ հետ կլինի – նույնիսկ պատերազմի ժամին: Քանզի պատերազմելու որոշումը ընդունած կլինենք ՄԵՆՔ: Եվ այնժամ մեր լեռների վայրի մեղրի համը կզգանք մեր շուրթերին…