Tert.am-ը գրում է.
Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ հնչեցրած քննադատությունները չի կարելի անվանել ընդդիմության քննադատություն։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ քննադատում են մեկ-երկու քաղաքական գործիչ, ոչ թե ամբողջ ընդդիմությունը։
Դիտարկմանը, թե օրինակ ՀԱԿ-ի քննադատությունը հիմնավո՞ր է իր համար, Վահրամ Բաղդասարյանը կրկնեց․«ՀԱԿ ասելով` ո՞ւմ նկատի ունեք։ Մեջբերեք օրինակ, թե ինչ էր ասում Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը,Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը․․․ ՀԱԿ-ը լայն հասկացություն է։ Ասեք՝ ՀԱԿ-ից ինչ-որ քաղաքական գործիչներ (նկատի ունի՝ Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին-խմբ.) , որոնք չեն ուզում ոչինչ տեսնել, դրական ոչինչ տեսնել չեն ուզում, գիտեն իրենց ապագա ճակատագիրը, գիտեն իրենց ռեսուրսները, դրա համար պետք է անընդհատ վրեժխնդրությունը ժողովրդից հանեն, շպրտեն, կեղտոտեն, ցեխոտեն՝ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» վերնագրով շարժվելով առաջ»։
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ եթե քննադատող այդ գործիչները բացասականի մեջ նկատեին նաև դրականը, ընդունեին, որ կան նաև լավ կողմեր ու առաջարկեին աշխատել «վատերը», թերությունները շտկելու վրա, իրենց հետ կտարվեր աշխատանք, հակառակ դեպքում՝ անիմաստ է։
«Այս փաստաթղթում կան իրենց մտահոգությունների լուծումները, պարզապես իրենք տեսնել չեն ուզում։ Այդ մարդիկ ունակ չեն որևէ բան ընկալելու, երբ դա առաջարկում է իշխանությունը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Վահրամ Բաղդասարյանը շեշտեց՝ քաղաքական այդ գործիչների շարժառիթն այլ է։
Հարցին՝ ի՞նչ նկատի ունեք «գիտեն իրենց ճակատագիրը» դրա համար են քննադատում, Վահրամ Բաղդասարյանը մանրամասնեց․«Այսինքն՝ իրենց ճակատագիրը գիտեն, որ իրենք դատապարտված են, գիտեն, որ այս ժողովուրդն իրենց տեսել է, էլ չի վստահելու ու վտանգի տակ են նույնիսկ խորհրդարան գալու համար»։
Ճշտող հարցին՝ Բաղդասարյանը նկատի ունի ՀԱԿ քաղաքական այդ գործիչները հաջորդ խորհրդարանում չեն լինի, պատասխանեց․«Ես խիստ կասկածներ ունեմ»։



