Այսօր մարտի 1-ն է։ Բոլոր լրատվականների գլխավոր նորությունների բաժնում կարելի է գտնել ծավալուն վերլուծություն այն մասին, թե ինչ սարսափելի ողբերգություն էր դա ու ինչպես անպաստասխան մնացին բազմաթիվ հարցեր՝ կապված այդ օրվա հետ։ Բնականաբար, ավանդաբար ջուր կծեծեն իշխանափոխության, կորած վերածննդի, անմեղ զոհերի ու նրանց անպատիժ դահիճների մասին։ Երեկոյան էլ, մոմեր կվառեն, բոցկլտուն ստատուսներ կգրեն ու կցրվեն տներով։ Վաղն էլ կլինի մարտի 2-ը ու այս բենեֆիսը կկրկնվի մեկ էլ 1 տարի անց։
Դառը իրականությունը կայանում է նրանում, որ Մարտի 1-ի հարցով իրոք անպատասխան հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, իսկ անկեղծության առումով ծանրաբեռնված չեն ոչ իշխանությունները, ոչ էլ այդ օրերի ընդդիմությունը։ Ի վերջո, բերեք անկեղծ լինենք ու խոստովանենք, որ եթեիշխանությունները գոնե փորձում են պատրանք ստեղծել, թե իրենք ընդունում են իրենց մասով պատասխանատվություն, ապա ընդդիմությունից մենք դա այդպես էլ չլսեցինք ոչ մի անգամ ու ոչ ոքից։
Մինչդեռ իրոք զոհվել է 10 մարդ, որոնցից 2-ը ոստիկան։ Առ այսօր հստակ չէ, թե կոնկրետ ովքեր են մեղավոր ինպես 8 քաղաքացիական անձանց մահվան մեջ, այնպես էլ ոստիկանության ու ներքին զորքերի 2 զոհերի սպանության մեջ։ Տպավորություն է, թե դա ոչ մեկի չի էլ հետաքրքրում այսօր, իսկ Մարտի 1-ը պահում են օրակարգում զուտ քաղաքական պոլեմիկայի ու քաղաքական դաշտում իրենց ներկայության մասին հիշեցնելու մասին։
Այնպես որ, կեղծ են բոլոր այն արցունքներն ու կաղկանձանքները, որոնցով հեղեղվում է մեդիա դաշտն այսօր։ Կեղծ են քաղաքական գործիչների էմոցիաները, կեղծ են այդ օրը պատասխանատվություն կրած կերպարների հետևորդների ֆլեշմոբերը՝ ինչպես իշխանությանը սատարող, այնպես էլ ընդդիմությանը։ Ամեն ինչ կեղծ է ու միայն մի բան է հաստատ․ վաղը կլինի մարտի 2-ը ու մարդիկ կմոռանան այս թեման մինչև 2017 թվի մարտի 1-ը։