Tert.am-ը գրում է.
Լուսանկարում Քրիստոֆեր Սմիթն է
 
ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացվել է Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ HR 4264 օրինագիծը, համաձայն որի ադրբեջանական կառավարության անդամներին ամերիկյան վիզաներ չեն տրամադրվելու, գրում է Независимая Газета-ն:
 
Եթե այդ փաստաթուղթն ընդունվի, Միացյալ Նահանգները հնարավոր է նաև տնտեսական պատժամիջոցներ սահմանի ընդդեմ Ադրբեջանի:
 
Բաքվի և Վաշինգտոնի հարաբերություններին սպառնացող այս փաստաթղթի հեղինակն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթն է։
 
«Մենք հասկանում ենք, որ մեր երկրների միջև ազգային անվտանգության ու տնտեսության ոլորտներում լուրջ կապեր են առկա»,-ասել է Սմիթն ու հավելել, որ ԱՄՆ-ն, սակայն, չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա բացասական իրավիճակի հանդեպ:
 
Ինչպես և կարելի էր ակնկալել՝ Եվրոպան տեղի ունեցող իրադարձություններից անմասն չի մնա: Ամեն դեպքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի վերջին որոշումը՝ Ադրբեջանում Մարդու իրավունքների հարցերով կոնվենցիային հետևելու հարցում պաշտոնական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, պարզ զուգադիպություն համարվել չի կարող, գրում է լրատվամիջոցը։
 
Նման կարծիք ունի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջան-ԱՄՆ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Սամեդ Սեիդովը:
 
«Դրանք հերթական հակաադրբեջանական ալիքն սկսելու նշաններ են: Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի կողմից ինչ-որ պատժամիջոցների ներմուծումն իրականությունը չի արտացոլում: Նման փորձեր բազմիցս եղել են, և ես վստահ եմ, որ ապագայում այդ ուժերն աշխատելու են Ադրբեջանի դեմ: Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ նման նախաձեռնությունները չունեն և չեն կարող ունենալ որևէ փաստացի նշանակություն»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել