Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերին 11-12-ին պաշտոնական այցով կլինի Թուրքմենստանում: Թուրքմեն գործընկեր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, գրում է Независимая газета-ն։
 
Թուրքմենստանը կդառնա երրորդ երկիրը, որն Էրդողանը կայցելի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակից հետո: Մինչ այդ նա եղել է Ադրբեջանում ու Քաթարում:
 
«Թուրքմենստանին ընտրելը որպես նախկին ԽՍՀՄ երկրներից Թուրքիայի դաշնակից պատահական չէ: Էրդողանը Թուրքմենստանի ղեկավար Բերդիմուհամեդովին է դիմում՝ նկատի ունենալով թուրքերի ու թուրքմենների միջև առկա արյունակցական կապը»,- НГ-ին ասել է պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Շոհրաթ Կադիրովը:
 
Այսօր Թուրքմենստանի տնտեսությունը հիմնականում հիմնված է թուրքական բիզնեսի վրա: Եվ չնայած բյուջեի հիմնական եկամուտները թուրքմենները ստանում են նավթի ու գազի վաճառքից, ներդրված գումարները շրջանառվում են թուրքմենական ու թուրքական էլիտայի բիզնես նախագծերում:
 
Պաշտոնական տվյալներով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիան Թուրքմենստանում 24 մլրդ դոլար է ներդրել:
 
Թուրքմենա-թուրքական տնտեսական հարաբերությունների ֆոնին Աշխաբադի ու Մոսկվայի հարաբերություններն ավելի համեստ են թվում: Հատկապես՝ 2009 թվականին թուրքմենական գազի գնման կրճատումից հետո:
 
Էրդողանի ու Բերդիմուհամեդովի բանակցությունների հիմնական հարցն առնչվելու է Թուրքիա գազամատակարարմանը: Օրերս թուրք նախագահը հայտարարել էր, թե Թուրքիան ռուսական գազին փոխարինող կգտնի՝ Ռուսաստանից էներգակիրների ներկրման նվազեցման դեպքում:
 
Օրերս Անկարան բնական հեղուկ գազի ներկրման հուշագիր էր ստորագրել նաև Քաթարի հետ:
Թուրքմենստանը ևս Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես գազի մատակարար: Թուրքական մասնավոր ընկերությունները պայմանավորվել են Իրանի տարածքով 2 մլրդ խորանարդ մետր թուրքմենական գազ գնել: Այդ մասին վերջերս հաղորդել էր Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
 
Անկարան ցանկանում է գնումները հասցնել մինչև 10 մլրդ խորանարդ մետրի: Առկա ենթակառուցվածքները բավարար չեն ավելի մեծ ծավալների մատակարարման համար:
 
Բացառված չէ, որ Էրդողանն ու Բերդիմուհամեդովը հարցը կքննարկեն Աշխաբադում կայանալիք բանակցությունների ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել