Tert.am-ը գրում է.
Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական A321 օդանավի կործանման պատճառը Եգիպտոսի հատուկ ծառայությունների «դավաճանությունն» է եղել։ Այդ մասին գրում է Коммерсантъ թերթը` վկայակոչելով պետկառույցներում աղբյուրների։
«Ինչ էլ որ տեղի ունեցած լինի, սա եգիպտական հատուկ ծառայությունների համար լուրջ տապալում էր»,-ասել է աղբյուրը։
Коммерсантъ-ի ունեցած տվյալների համաձայն՝ ներկայում ստուգվում է այն տեղեկությունը, ըստ որի «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած A321 օդանավում անհայտ պատճառներով թռիչքից առաջ կողմնակի անձինք են եղել:
Բացի այդ, Коммерсантъ-ը հավելում է, որ դեպի Եգիպտոս թռիչքների իրականացման համար սահմանված ժամանակավոր արգելքը կարող է տևել «մի քանի տարի»։ Այդ մասին պարբերականին հայտնել է ՌԴ կառավարությունում աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ավիահաղորդակցությունը նոյեմբերի 6-ից ժամանակավորապես դադարեցվել է, քանի դեռ չեն պարզվել ավիաաղետի պատճառները:
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը, որում եղել էր 224 մարդ, կործանվել է հոկտեմբերի 31-ին` օդ բարձրանալուց 23 րոպե անց: Ըստ արևմտյան երկրների՝ մեծ է ահաբեկչության իրականացման վարկածի հավանականությունը։



