Tert.am-ը գրում է.

Եգիպտոսում կործանված Airbus A321 ինքնաթիռը, հնարավոր է, վթարի է ենթարկվել փոքր ռումբի պայթյունի հետևանքով, որը թաքնված է եղել ուղևորների ուղեբեռում կամ ինքնաթիռի ֆյուզելյաժի անցքերից մեկում։ Այդ մասին գրում է Коммерсантъ թերթը` հղում անելով ավիաաղետի հետաքննությանը մոտ աղբյուրի։

Ռումբի ակտիվացման համար, հնարավոր է, օգտագործվել է ժամանակավոր թայմեր։ «Եթե ռումբը գտնվել է ոչ հերմետիկ, օրինակ` ինքնաթիռի պոչային հատվածում, դրան կարող էր ամրացված լինել տվիչ»,- նշել է աղբյուրը` հայտնելով, որ Եգիպտոսում գործող իսլամիստների ջոկատները բավականին որակավորված են` նման սարքավորում տեղադրելու համար։

Դատաբժշկական փորձաքննության աղբյուրները, իրենց հերթին, հայտնել են, որ աղետի զոհերի մարմինների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ուղևորների մի մասը մահացել է դեռևս օդում` ականի պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել