Tert.am-ը գրում է.

Եգիպտոսում կործանված А-321 ռուսական օդանավի ուղևորներից ոչ ոք ողջ չի մնացել: Այս մասին հաղորդում է  РИА Новости-ն` վկայակոչելով  Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչների:
«Սինայում ռուսական ինքնաթիռի ավիավթարում ողջ մնացած մարդիկ չկան», - ասվում է ստացված  հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ փրկարարները հաղորդում էին, որ ինքնաթիռի կործանման վայրում ավելի քան 100 մարմին էին հայտնաբերել, այդ թվում` 17 երեխայի:

Reuters գործակալությունն ավելի վաղ հաղորդում էր, որ փրկարարներն ուղևորների ձայներ են լսել օդանավի փլատակների տակից:

Եգիպտոսի Քաղավիացիայի նախարարության հաղորդագրության համաձայն` KGL9268 չվերթի Airbus 321  ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ շաբաթ առավոտյան  և թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Օդանավում 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է գտնվել:

Եգիպտոսի ավիացիոն իշխանությունները հաղորդում են, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող  ռուսական ինքնաթիռի օդաչուն արտակարգ վայրէջքի թույլտվություն էր խնդրել  Սինայի Էլ-Արիշ քաղաքում` առաջ եկած տեխնիկական անսարքության պատճառով:

Նշվում է, որ օդաչուն զգուշացրել է ցամաքային ավիակարգավարներին, որ ինքնաթիռում «տեխնիկական խնդիր» է ծագել, և իրեն պետք է վայրէջք կատարել հնարավորինս շուտ:
Ռադարների տվյալներով` օդանավն իջնում էր 2 կմ/րոպե արագությամբ ընկնելուց առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել