ԲլոգՆյուզում Դավիթ Սանասարյանի ստատոսի տակ սրտխառնոցով ընթերցեցի մեկնաբանություններ, որոնց հեղինակների ով լինելը տեսնելով ընդամենը եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեր երկրի պետական ապարատը ու հատկապես տեղական ինքնակառավարման մարմինները հեղեղված են անդաստիարակ, անգրագետ, անմակարդակ, ստրկամիտ եւ ստորաքարշ անձանցով: Ճիշտ է նկատել Ստյոպա Սաֆարյանը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ եւս տառապում են անձի պաշտամունքով, այլ բառերով` «հեյդար բաբայի» ախտանիշով: Էլ ի՞նչ սպասես նման պետական ապարատից: Էլ ո՞նց հավատաս, որ փոխվելու են: Չնայած ինչի եմ զարմանում? Եթե անկախության 21 տարին բոլորած, արտաքին եւ ներքին բազմաթիվ մարտահրավերների առջեւ կանգնած Հայաստանի Հանրապետությունում անգամ օրենսդիր բարձրագույն իշխանության` խորհրդարանի անդամ են «ընտրվում», իսկ ավելի ճիշտ` կարգվում ոչ թե պրոֆեսիոնալիզմի, օրենսդիրի հմտությունների, կրթվածության, քաղաքական պատրաստվածության, միջազգային ասպարեզում ունեցած հեղինակության սկզբունքով այլ ազգակցական-խնամիական, ապա ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բուրգի ձեւավորման հիմքում կարող է դրվել մրցութային-մրցակցային սկզբունքը, երբ հաղթում է ոչ թե որեւէ «հեյդար բաբայի» ազգական, խնամի կամ աներձագ, այլ առավել արժանին եւ պաշտոնավարում առավել գրագետ, հանրային ռեսուրսները տնօրինում առավել արդյունավետ:
Մենուա Հարությունայնն էլ Ստյոպա Սաֆարյանի մի ստատուսի ներքո մեկնաբանություն է թողել, թե «hargeli Styopa inchel aseq es vstah em vor Avanum voreve mek@ ayd tvum ev Duq cheq karox Taronin haxtel»: Հարգելի Մենուա, բա մենք էլ հենց դա ենք ասում, որ եթե Ավանում Ստյոպա Սաֆարյանի մրցակիցը ոչ թե քաղաքապետից տարբեր անուն-ազգանուն ունեցող թեկնածուն էր (չեմ էլ հիշում անունը) այլ Տարոն Մարգարյանը, ապա երեւի նրա փոխարեն օրենքներն է՞լ պետք է Տարոն Մարգարյանը գրի: Իսկ միջազգային միջխորհրդարանական միջոցառումների ընթացքում ե՞ւս այդ նորելուկ պատգամավորի փոխարեն Տարոն Մարգարյանն է գնալու եւ իր փայլուն անգլերենով (դե որ Երեւանի պես քաղաքի ղեկավար է դարձել` կիմանա, էլի... երեւի) Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու: Իսկ վաղը նախագահական ընտրությունների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, Ավանում ոչ թե Սերժ Սարգսյանի հետ է մրցելու, այլ նույն Տարոն Մարգարյանի՞: Իսկ Մալաթիայում` Սամվել Ալեքսանյանի՞: Իսկ Էրեբունիում` Մհեր Սեդրակյանի՞: ԵՎ այդպես շարունա՞կ: Իսկ եթե վաղը Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվի այդ մարդի՞կ են նրա փոխարեն կառավարելու: Թե՞ ավելի շուտ հերթական անգամ մեջ-մեջ են անելու երկիրը, որ մնացած բնակչությունն էլ արտագաղթի ու երկրում մնան միայն մի քանի հազար «հեյդար բաբայի» վկաները:
Ի դեպ, աներձագի (կներեք, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել այս մարդու անուն-ազգանումը) 18000 ձայնով շատ հրճվողներին ուզում եմ հիշեցնել, որ Ռուբեն Հայրապետյանն էլ 19000 ձայն էր հավաքել: Հավանաբար ոչ բոլորն են հիշում, թե արդյունքում ինչ տեղի ունեցավ: