Ռուսական «Рен ТВ» ալիքը պարբերաբար ներկայացնում է հեղինակային ռեպորտաժներ: Ոչ բոլորը, սակայն շատերը համեմված են ինչ-որ ֆանտաստիկ փաստերով, կադրերով, կյանքից վերցրած իրադարձություններով:
Նոր մի ռեպորտաժ տեսա ու հիշեցի մի դեպք: Սրանից մի 5 տարի առաջ, բանից անտեղյակ, նայում էի «Рен ТВ»-ի ռեպորտաժներից մեկը, որտեղ ներկայացվում էր «աշխարհն իրական աչքերով»:
Ռեպորտաժը բավականին երկար էր, բայց մեկ-երկու խոսքով ներկայացնեմ, թե ինչ էր իրականում համոզում հեռուստախցիկից այն կողմ խոսող, խրոխտ ձայնով ռուսը։ Ուրեմն, աշխարհը ղեկավարում են 6-7 տարեց պապիկներ, ովքեր ինչ-որ մի ազգությունից չեն, Հռոմի պապն իրականում антихрист ա (սատանա), այն, ինչ հիմա մենք կարդում ու գրում ենք, մասոնների ցանկությունն է, և մենք իրականում հիմարներ ենք, հեռուստացույցն ու ռադիոն խաբում են մեզ, իսկ ինտերնետն էլ աշխարհը ղեկավարող այդ մարդկանց հատուկ շտաբի ծրագրած, մարդկությանը ոչնչացման տանող մեծ ծրագիր ա:
Նայելուց հետո առաջիկա մեկ շաբաթը տարօրինակ բաներ էին հետս կատարվում: Սկսել էի կասկածանքով հաց ուտել (հանկարծ զոմբիացման փորձեր չանեին), ինտերնետ մտնողների վրա քահ-քահ ծիծաղում էի՝ մտքումս մտածելով, որ նրանք բոլորը հիմարացած են, ու ամենաադեկվատ մարդը ես եմ, խորհրդավոր էի քայլում ու ժպտում, մարդկանց էլ չգիտեմ՝ ինչի չէի վստահում։ Ահա այսպիսի դաժան կադրեր իմ կյանքից:
Եվ վերջում շնորհակալություն եմ ուզում հայտնել «Դժվար ապրուստի» ստեղծագործական թիմին՝ ինձ իրականություն վերադարձնելու համար: