20151016-028

Սուսան Մարկոսյանը գիտե, պատմել եմ իմ լուսանկարչությամբ զբաղվելու շրջանի մասին… Ինչո՞ւ հիմա չեմ լուսանկարում, երբ հեծանվով ու առանց հեծանվի, հետիոտն ու մեքենայով շատ եմ ճամփորդում… Ա՛յ, հիմա մանկավարժական ժողովից-ընդհանուր պարապմունքից հետո եկա Մեդիակենտրոն, հրապարակեցի թվով 468-րդ գիրը, մանկավարժական լաբորատորիայում մի քննարկման մասնակցեցի ու ժամը 18.00՝ հայդե՜, հեծանվով սլանում եմ տուն. ես սիրելի հյուրեր ունեմ… Ու Երևանյան լճի ափին, դեպի Լենինգրադյան կամրջի ու Հաղթանակի կամրջի վրա իմ դադարի-հիացումի դիտարաններից… ի՜նչ կադրեր եմ աչքով շրխկացնում… Արխիվ է, է՜…

Ես ապրում եմ ավելի ու ավելի պարզորոշ գիտակցումով, որ կյանքի իմ երկրորդ վաթսուն տարվա շրջանը նույնքա՜ն կենսունակ եմ լինելու, հոգեբանական առումով էլ՝ ավելի հասուն… Էնքան բաներ եմ թողնում երկրորդ-երրորդ վաթսունի շրջանին՝ մեքենա վարելուց սկսած, վերալուսանկարելով չվերջացրած… Ի՞նչ կա շտապելու. մի մարդկային կյանք՝ առաջս…

Ես դեռ չեմ ազատվել երեկ Երևանի Կապույտ մզկիթում ինքնաբռնության այն մեկ ժամի հետևանքից… Ինչի՞ նման է՝ հրավիրել են քեզ 15.30, դու հարգանքով արձագանքել ես ու ճիշտ ժամանակին, հարգանքի արժանի ընկերներ Յուրա Գանջալյանի ու Աղասի Մարգարյանի հետ միացել հարյուրի չափ հարգանքի արժանի մարդկանց մեծ խմբի ու պիտի մեկ ժամ սպասե՞ս… Ո՞ւմ… Չեմ կարող… չեմ սպասել, չեմ սպասի… Ես վատ եմ հասկանում-ընկալում էս պարտադրանքը՝ հանրապետության վարչապետի թե Իրանի փոխնախագահի, մի ուրիշ անգամ էլ հանրապետության նախագահի ու այլ բարձրաստիճան հյուրերի անվտանգությա՞ն  նկատառումով, տասնյակ ու տասնյակ մարդկանց նվաստացնելու ճանապարհո՞վ… Եվ այն աժիոտաժը, որ սրանով առաջանում է մայրաքաղաքում… Ի՜նչ էր կատարվում մեկ ժամի չափ Մաշտոցի պողոտայում, Կապույտ մզկիթի տարածքում… ոստիկանական մեքենաների ու ամենատարբեր ծառայությունների ինչպիսի՜ կուտակում տեսա… Փախա Բանգլադեշ, որ պրծնեմ։ Մեդիակենտրոնում մանկավարժության լաբորատորիայի օրվա վերջի մեր քննարկումը  երկարեց…

Ավագ դպրոցում անցկացրած իմ ժամն այս անգամ դպրոցի «նորեկ դասարանների»՝ իններորդցիների հետ էր, որ 2015-2016 ուստարում հայտնվել են Ավագ դպրոցում… Ու տեսե՜ք՝ ինչպիսի հասունացում, ոչ միայն ուսուցիչների համար նկատելի՝ Նունե Մովսիսյանի թե Մարթա Ասատրյան տնօրենի, հասունացում պարտադրող… Այլ հարաբերություն են պարտադրում մեր երեկվա ութերորդ դասարանցիները… Այս առերեսումից ես գոհ մնացի. բոլոր առաջարկները քննարկելի-լուծելի են, լուծում է նաև մերժումը, երբ հարգանքով-փաստարկված ներկայացնում ես հեղինակային ծրագիր առաջարկողի անհայտ-դուրս մնացած փաստարկները… Կարևորը կյանք դարձող-հաստատվող իրողությունն է՝ սովորող-պատանու ինքնադրսևորմանն ու մասնագիտական կողմնորոշմանը սպասարկող կրթական միջավայրի հաստատումը, որ չի կարող արվել առանց սովորողի և ուսուցչի այսպիսի կապի…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել