Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր նախարարների մեծամասնությունն ատամհատիկին Սուպերմենի թիկնոցն է քաշել, այլապես չգիտեմ՝ էլ ինչ տրամաբանական բացատրություն գտնեմ հասարակության աչքում հերոսանալու նրանց անառողջ ցանկությանը։ Սկզբում ԱԻՆ նախարարը փրկեց դիմակավորված անձին Դավիթաշենի կամրջի վրա, իսկ այժմ նորից Սուպերնախարարի թիկնոցը ծածանվեց երկնակամարում։ Հերոսն այս անգամ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ սուպերնախարարն էր` Արմեն Մուրադյանը։ Իմիջիայլոց, ականատեսը հենց մեծատառերով է գրել այդ հերոսական նախարարության անունը։ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ կին է վատանում՝ կորցնելով գիտակցությունը։ Եվ ինչպես կարգն է՝ ինքնաթիռում հնչում է պրն. Մուրադյանի սիրելի հարցը` ինքնաթիռում բժիշկ կա՞, թե՞ ոչ: Այդ ժամանակ նա վեր է խոյանում ծածկոցի տակից և թռչում դեպի վատացած կինը։ Մի քանի մասնագիտական հնարք, և կինն առողջ էր, և ինչպես ասվում է ականատեսի տեքստում՝ «Պարոն Նախարարը անընդմեջ բանակցություներ էր տանում օդաչուի հետ»։ 

Լավ է, որ ականատեսը համեստորեն լռել է այն մասին, թե ինչպես հետո նախարարը վնասազերծեց ինքնաթիռն առևանգել ցանկացող թալիբներին, փրկեց վիրավոր օդաչուին ու ինքը «նստեցրեց» ինքնաթիռը։ 

PR-ը՝ PR, բայց դուք սուպերհերոսություններ անելու համար չեք ընտրված ձեր պաշտոններին։ Ձեր լավագույն հերոսությունը կլինի առողջապահության առօրյա խնդիրները լուծելը, որոնք, ինչպես ցավոք հաճախ ենք տեսնում կայքերի լրահոսներում, մեղմ ասած այդքան էլ քիչ չեն, իսկ սուպերհերոսական սցենարներն ավելի լավ է թողնել հոլիվուդյան ռեժիսորներին։

Ականատեսի խոսքն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել