
Այս իմ նամակը ուղված է հայ մտավորականներին և գրողներին, քաղաքական գործիչներին: Բանն այն է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցով շփվելով շատերի հետ, որոնք գտնվում են հայրենիքում և արտերկրում, հասկանում եմ միայն մեկ բան՝ դեռևս շատ բաներ կան, որպեսզի բացահայտենք մեզ՝ հայերիս, թե ովքեր ենք մենք, մեր տեսակն ու որակը: Այն, ինչ եմ ասում, հայտնի է բոլորիս, սա հայտնագործություն չէ, սակայն բայց ինչ կլսեք հետո, դա կլինի բացահայտում, կխնդրեի մինչև վերջ կարդալ: Համարեք, որ սա սուրհանդակի խոսքն է, որը պիտի ասեին մարդիկ, սակայն լռել են և շարունակում են լռել: Դեռևս պատանի էի, երբ կարդացի Վարդգես Պետրոսյանի ամերիկյան ուղևորությունների առաջին տպավորություններով գրված պատմությունը: Ճիշտն ասած, այդ պատմվածքի վերնագրիը չեմ հիշում, սակայն հետագայում համոզվեցի այն տպավորությունների մեջ, ինչի մասին գրել էր գրողը տասնամյակներ առաջ: Սովետահայ գրողը և դաշնակցական հնչակյան կուսակցական դիրքորոշում ունեցող մեր սփյուռքի հայրենակիցների հարաբերություների մասին: Դեռևս այն ժամանակ զարմանում էի, թե ինչու չենք կարողանում հասկանալ իրար, չէ՞ որ մենք հայ ենք, և նպատակը մեկն է՝ տեսնել մեր երկիրը և ժողովրդին ազատ ու երջանիկ: Սակայն մոռանում ենք այն պատմության դասերը, որը տվել է մեզ ժամանակը: Ծանոթ լինելով եվրոպական մի քանի երկրների հայկական համայքների ձևական վիճակին՝ ակամայից սարսափում ես. այստեղ համայքները բաժանված են մի քանի խմբերի, օրինակ` թուրքախոս հայեր, Լիբանանի, Սիրիայի հայեր, իրանահայեր, հայաստանցի հայեր, և այս բոլորին իրար միավորում է միայն թշնամությունը մեկմեկու հանդեպ, նրանք պատրաստ են իրար հոշոտել, փոխադարձ արհամարհանքը անպակաս է նրանց առօրյայից: Այս խմբերն էլ իրենց հերթին բաժանված են կուսակցական և ընտանեկան խմբերի` դաշնակների, հնչակների, ռամկավարների, լավ տղերքի և այլն: Եվ այս բաժանումը այդքանով չի ավարտվում. դրանք էլ իրենց հերթին ենթարկվում են դասակարգային բաժանման` հարուստներ, ունևորներ և աղքատներ: Սակայն այս բոլորի ետևում մնում է միայն մի բառ՝ Հայեր… Եվ ցավալին այն է, որ կան այդ խմբերի մեջ մտավորականներ, որոնք երբևէ չեն էլ փորձում իրար հետ հաշտության եզրեր գտնել, որպեսզի ծառայեցնեն իրենց միությունը և հնարավորությունները հայրենիքի հզորացմանը: Ճիշտ է, ունենք լավ հայրենասեր սփյուռքահայեր, որոնք բազմիցս օգնել են հայրենիքին և տարբեր այլ կառույցներին, սակայն նրանց այդ օգնություններից ավելի շատ հարստանում են Հայաստանի իշխանությունները, քան թե ժողովուրդը: Սակայն սա իր բացասական և դրական հետևանքներն է թողնում ազգի զարգացման վրա, որի մասին բոլորս գիտենք, սակայն դժբախտությունը նորից ու նորից մնում է՝ թշնամությունը մեկմեկու հանդեպ, և հայ ազգը մասնատվում է մեր իսկ աչքի առաջ և դրա հիմնական մեղավորները մեր մտավորականներն են, որոնք կարծես թե ջուր են լցում թշնամու ջրաղացին: Մեր նախքին և ներկայիս իշխանությունների ջանքերով Հայաստանից հեռացավ շուրջ մեկ միլիոն մարդ, և դրանց մեջ էին մեր մտավորակններց շատերը, և բոլորն էլ հեռացան հայտնի պատճառներով: Կարելի է դա անվանել ճիշտ բառով՝ վտարվածներ կամ տարագիրներ, իսկ դա հասկանալի է, որ այդպես է, սակայն դեռևս ինձ հայտնի չէ որևէ մի դեպք, երբ Հայաստանի նախագահին հենց այդ տարագիր հայերը Սփյուռքում դիմավորեն լոլիկներով կամ, ինչպես եղավ Ամերիկայի նախագահի հետ, կոշիկներով: Դեռ չգտնվեց մի հայ մտավորական, որպեսզի Եվրոպական կամ միջազգային դատարան հայց ներկայացներ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի Սպիտակ եղեռնը իրագործելու համար, չնայած ինձ հայտնի է միայն մի դեպք, որ մեր մտավորականներից մեկն այդպիսի հարցապնդումով դիմել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարան, սակայն խուսափում եմ տալ նրա անունը: Ինչո՞ւ մենք՝ հայերս, չենք կարում միավորվել, ինչո՞ւ ենք իրար հանդեպ թշնամությամբ լցված, կուսակցական այս բաժանումը քայքայում է ազգը, նրա ոգին, չեմ կարծում, որ Տիգրան Մեծի ժամանակ եղել են այդպիսի կուսակցություններ, որոնք փորձել են մասնատել մեր ժողովրդին, այդ կուսակցություններն են հոշոտում ցեղի ոգին՝ ամեն մեկը քաշելով իր կուսակցական խմբի մեջ, մոլորեցնելով ժողովրդին: Այդ կուսակցության ղեկավարները և իրենց զոմբիացած կուսակիցները իրենց կուսակցական շահերը ավելի բարձր են դասում, քան ազգայինը: Դա մի նոր աղանդավորական երևույթ է՝ «կուսակցական» անվանումով: Մենք չսովորեցինք մեկ իշխանի միջոցով երկրիը հզորացնել, այլ փորձեցինք դառնալ իշխանիկներ և մասնատել առանց այն էլ մասնատված ազգը: Հիմա նախագահական ընտրությունների նախաշեմին ենք, և վստահ եմ, որ նախագահական ընտրություններում ամեն մի կուսակցություն առաջադրելու է իր թեկնածուին, և արդեն այս ամենը դառնալու է անիմաստ շաբլոն, կարելի է ասել շոու: «Քանի կուսակցություն՝ անքան թեկնածու». ժողովուրդը այդ բազմազանության մեջ չի կարողանա ընտրել իրեն արժանի առաջնորդին, և դա ձեռք է տալիս ներկայիս իշխանություններին, նրանց համար ավելի հեշտ կլինի կեղծել ընտրությունների արդյունքները: Զարմանալի չի լինի, որ թեկնածունների մի մասին առաջադրի հենց իշխող կուսակցությունը և իշխանությունը, որպեսզի կարողանա մասնատված ժողովրդին խեղաթյուրել: Նրանք քաղաքական փորձ ունեն, իսկ մենք էլ՝ խաբվելու ունակություն: Սակայն հարցը, որը բարձրացրել եմ, ավելի կարևոր է, քան նախագահական քարոզարշավը: Ինչ որ տեսնում եմ ֆեյսբուքյան էջերում, սարսափելի է: Մեր մտավորականները՝ առանձին -առանձնին վերցրած, շատ լավն են իրենց խելացի մտքերով և հոդվածներով, և փորձիր նրանց միավորել՝ կստացվի մի սարսափելի գլուխկոտրուկ: Մենք զարմանում ենք, որ մեր իշխանությունները և պատգամավորները այդպիսին են, սակայն ինչո՞ւ հարց չենք տալիս, թե ինչպիսի՞ն են մեր մտավորականները: Երբ բացում եմ Ֆեյսբուքի էջը, միայն տեսնում եմ նրանց հոդվածները իրար զրպարտող և հայհոյանքները, մեկը մյուսից փորձում է ավելի խելացի երևալ, անգամ ոգևորվում է իր ծանոթների «Քոմենթներից» և շարունակում է նույն ոճով նվաստացնել իր հակառակորդին՝ արժանանալով «ֆեյսբուքյան հաղթողի դափնիներին»: Անգամ Սփյուռքում գործող «Վտարանդի Հայ Գրողների և Արվեստագետների միությունում» չկա այն միությունը, որը պետք է լինի. նույն զրպարտանքը և նախանձը անպակաս են նրանց ֆեյսբուքյան էջերից: Ֆեյսբուքը դարձել է ամենալավ միջոցը, որով կարողանում են հեռվից հեռու քարկոծել, նվաստացնել և ահաբեկել իրար, հայհոյել և արհամարհել, մի խոսքով՝ ամեն ինչ, որպեսզի ցավ և վիրավորանք պատճառեն հակառակորդին: Հակառակի պես գտնվում են մարդիկ, որոնք իրենց «քոմենթներն» օգտագործում են նաև նվաստացնելով և ծաղրելով դիմացինի արժանանապատվությունը, որն էլ շարունակվելով դառնում է փոխադարձ հայհոյանքների մի տարափ: Դա նորմալ երևույթ է, որովհետև ժամանակները փոխվել են և հայհոյանքների ձևերը՝ նույնպես, սակայն նորմալ երևույթ չէ, որ դրան մասնակից են դառնում գրողներն ու լրագրողները, արվեստագետները և գիտնակաները և անգամ հոգևորականները, դե քաղաքական գործիչների մասին չեմ խոսում: Մենք աղաղակում ենք, թե մենք՝ հայերս, քաղաքակրթության նախահայրն ենք, սակայն քաղաքակակրթությունը մեզանից հեռու է կարծես, որպեսզի կարողանանք հասկանալ, որ Աստծո պատվիրանների համաձայն հարկավոր է առաջին հերթին Ներել և Լռել սովորել: Ողջ արաբական աշխարհը, այդ թվում և եվրոպական շատ երկրների երիտասարդությունը ֆեյսբուքյան հեղափոխության միջոցով ոտքի է կանգնել և մեկ դրոշի տակ միավորվել, իսկ մենք՝ հայերս, փորձում ենք հակառակ գործընթացը՝ ֆեյսբուքյան կուսակցական խմբեր ստեղծելով իրար վրա թուք ու մուր թափել, զրպարտանքներ և սպառնալիքներով, անիմաստ փիլիսոփայություններով խառնել առանց այն էլ մոլորված երիտասարդությանը: Նախօրոք կցանկանայի ասել՝ եթե ֆեյսբուքյան ընկերներիս մեջ կգտնվեն «ընկերներ», որոնց դուր չեն գա այս խոսքերը, կառաջարկեմ հանել իրենց ընկերների ցանկից և արգելափակել, կարծում եմ՝ այդպես ճիշտ կլինի… Շնորհակալություն: Մենք՝ որպես մարդիկ, մտահոգված լինելով հայրենիքի ճակատագրով, պետք է կարողանանք դաստիարակել երիտասարդներին, որպեսզի հարգանք ունենան և սովորեն ճշմարտության դասերը, որպեսզի սովորեն միավորվելու և միմյանց հարգելու գաղափարախոսությունը՝ դարձնելով իրենց համար կյանքի իմաստ և սկզբունք: Մեր ժողովուրդը մինչև հիմա չգիտի, թե Ղարաբաղյան պատերազմի հաղթանակնի գրավականը որն է, ինչու պատերազմը կարողացանք ավարտել մեր օգտին, չնայած որ դեռևս ավարտված չէ: Կասեմ՝ այն է կարևոր, որ ոչ թե հաղթեցինք մեր գեներալների և զորավարների շնորհիվ, այլ միայն ազատամարտիկի հայրենասիրության և ոգու շնորհիվ և ամենակարևորը երկու գործոնի մասին մենք շարունակ լռում ենք: Եվ թույլ տվեք վերջապես ասել, թե որոնք են այդ կարևոր գործոնները: Հաղթանակի այդ երկու գործոններից մեկը «Համբերությունն» է, իսկ մյուսը «Լռությունը»: Շատերին տարօրինակ կթվա այս հայտարարությունը, սակայն կարող եմ բացատրել և անգամ ցուցադրել: Իսկ այդ լռության հետևում ի՞նչ է թաքնված: Ազատամարտիկները շարունակում են լռել ու լռել, և կարծես թե այս հոդվածով ես խախտեցի այդ լռության անդորրը: Որպես ազատամարտիկ՝ կարող եմ ասել, որ դեռևս պատերազմի ժամանակ մեզ հայհոյել են, մենք լռել ենք ի սեր հայրենյաց, մեզ դավաճանել են՝ մենք լռել ենք, մեզ խոշտանգել են՝ մենք լռել ենք, մեզ ոչնչացրել և ոչնչացնում են՝ լռել ենք և շարունակում ենք լռել ու լռել: Եվ ինքներդ տեսեք և կհամոզվեք, որ ազատամարտիկները մինչև հիմա լռում են, այդպես լռելով ու վիրավորված հեռանում այս աշխարհից: Սակայն նրանք լռեցին, որպեսզի բերեն այս հաղթանակը, քանի որ գիտեին՝ խոսալով և ընդվզելով այդ ամենի դեմ Հայաստանում կսկսվեր եղբայրասպան քաղաքացիական պատերազմ, որի արդյունքում ոչ միայն տանուլ կտայինք Ղարաբաղը, այլև Հայաստանը նույնպես: Իսկ նրանք հիմա շարունակում են լռել, որովհետև գիտեն, որ կարժանանան նույն ճակատագրին ինչ որ մեր տղաներից շատերը, որոնք փորձեցին ըմբոստանալ և խախտել այս լռությունը: Եվ որ կարող են հայտնվել բանտախցերում դավաճանի պիտակով՝ անգամ կորցնելով առանց այն էլ աղքատիկ ազատությունը: Ուստի այս ամենը ասելով՝ ես ցանկացա հիշեցնել մեր մտավորականներից շատերին, որոնք կարող էին ժամանակին ծանոթանալ ազատամարտիկների վիճակին և նրանց փոխարեն իրենք խախտեին այդ լռության անդորրը, սակայն նրանք լռեցին, իսկ խոսացողներն էլ միայն իրենց կուսակցական ու գահակալական իշխանների գովքն էին երգում: Այն ժամանակ ազատամարտիկները լռեցին, որովհետև գիտեին՝ ինչի համար էին լռում, իսկ մտավորականներն ինչո՞ւ լռեցին… Գոնե հիմա կարողացեք նպաստաբեր լինել ազգին, մի կողմ դրեք ձեր նախանձը և թշնամությունը մեկմեկու հանդեպ, փորձեք միավորվել մեկ դրոշի և գաղափարի շուրջ, որպեսզի նորից մեզ չօգտագործեն : Եթե արվեստագետներով և մտավորականներով չենք կարում միավորվենք, ապա ինչո՞ւ պիտի դժգոհենք, որ մեր ժողովուրդը չի համախմբվում: Ուստի առաջարկում եմ ստեղծել ֆեյսբուքյան մտավորականների աշխարհազորային, որ կփորձի ավելի քաղաքակիրթ ձևով ֆեյսբուքյան էջերը մաքրել հայհոյանքներից և զրպարտանքներից: Փորձենք երիտասադներին միավորել և դարձնել ազատամարտի հերոսների նման, որպեսզի կարողանան տեր լինել երկրին և մեր պատմությանը, տեր լինեն իրենց պատվին, ազատամարտիկների պես լինեն հայրենասեր, սակայն չարժանանան նույն ճակատագրին, ինչ նրանցից շատերը:
Վ Հովհաննիսյան 15/11/2012