1in.am-ը գրում է.
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նորանշանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի ձգձգված գործի դատական քննությունը:
Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:
Դավիթ Թամրազյանը աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:
Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:
Մինչև նոր դատավորի վարույթ անցնելը այս գործով դատական քննությունը համարյա հասել էր ավարտական փուլին:
Նախորդ դատավորի նախագահությամբ ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը հայտնել էր, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի հետ ինտիմ կապը խզելուց հետո նրա հետ ինքը չի վիճաբանել, սեռական հարաբերություններ չի ունեցել, իսկ Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը:
Նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:
Ինքը սուտ ցուցմունք է տվել նաև, երբ ասել է, թե սատանայապաշտական խմբի անդամ է եղել: Սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:
Գործով նախկին նախագահող Դավիթ Բալայանը այժմ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, իսկ Դավիթ Թամրազյանի գործի քննությունը հիմա նախագահում է նորանշանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
Այս գործով մեղադրանքը պաշտպանում է դատախազ Հարություն Սարգսյանը, ամբաստանյալի շահերը պաշտպանում է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Նախկին դատական նիստերի ժամանակ դատավարական այս կողմերը հաճախ վիճաբանության մեջ էին մտնում, ռեպլիկներ անում, և գործով նոր քննություն սկսող դատավորը պետք է կարողանար ի սկզբանե կառավարել դատական նիստը:
Եվ Տաթևիկ Գրիգորյանը զուսպ, բայց հատու տոնով հենց սկզբից ընդհատեց մեղադրողի ու պաշտպանի կողմից բառային «փոխհրաձգությունը»: Դատական նիստն ընթացավ հենց առավելապես զուսպ և հատու ոճով:
Դատական նիստի սկզբում ամբաստանյալի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հարց բարձրացրեց. «Պատշա՞ճ դատախազ է արդյոք այս գործով մեղադրող Հարություն Սարգսյանը, քանի որ նա՛ չի հաստատել գործով մեղադրական եզրակացությունը»:
Մեղադրողն էլ պաշտպանին հիշեցրեց, որ նախորդ նախագահողը ամբաստանյալի պաշտպանին հեռացրել էր՝ մի քանի նիստերի անհարգելի պատճառով չներկայանալու համար:
«Ես հեռացված չեմ, դո՛ւք այս գործով պատշաճ դատախազ չեք»,- ասաց փաստաբանը և նշեց, որ գործի քննությունը սկսվում է սկզբից, հետևաբար մեղադրողը պարտավոր է լիազորագիր ներկայացնել քաղաքի դատախազի կողմից:
Դատական նիստն ընդմիջվեց, նախագահողը հեռացավ դահլիճից՝ քրեական գործում մեղադրողի մասնակցության վերաբերյալ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար:
Հենց որ ընդմիջումից հետո դատավորը դահլիճ մտավ, մեղադրողը ոտքի կանգնեց՝ ինչ-որ հայտարարություն անելու, բայց դատավորը թույլ չտվեց. «Հարգելի՛ մեղադրող, ձեզ ձայն չի տրվել»:
Ապա դատավորը հայտնեց, որ քրեական գործի չորրորդ հատորում առկա է քաղաքի դատախազի կողմից ստորագրված գրություն այն մասին, որ Դավիթ Թամրազյանի գործով մեղադրանքի պաշտպանությունը հանձնարարվում է դատախազ Հարություն Սարգսյանին:
Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը շարունակեց պնդել, որ Հարություն Սարգսյանը պատշաճ մեղադրող չէ, հրապարակված փաստաթուղթը ոչ թե լիազորագիր է, այլ պաշտոնական գրություն՝ ուղղված հենց Հարություն Սարգսյանին:
Պաշտպանը բացարկ հայտնեց մեղադրող Սարգսյանին այն հիմքով, որ նա պատշաճ դատախազ չէ:
Մեղադրող Սարգսյանն ասաց. «Ստիպված եմ հայտարարություն անել: Հարգելի պաշտպանը լավ չի հասկանում՝ լիազորագիրն ինչ է: Դա այն փաստաթուղթն է, որով որոշակի անձ իր ենթակային կամ այլ անձի լիազորում է, իսկ էդ գրությունը քրեական գործում առկա է»:
Մեղադրողի կարծիքով՝ պաշտպանի բացարկն անհիմն էր, այն ենթակա էր մերժման:
Տուժողի իրավահաջորդը՝ սպանված մատուցողուհու մայրը, հայտարարեց. «Ես իմ դատախազի հետ համաձայն եմ, բայց իրա՝ այսինքն պաշտպան Կրոմվել Գրիգորյանի հետ, համաձայն չեմ, ինքը հեռացված է, ես նրա ներկայությամբ դատական նիստին չեմ մասնակցի»:
Այս ասելով՝ տիկինը առանց նախագահողի թույլտվության, որպես բողոքի ակցիա՝ դուրս եկավ դահլիճից ու հեռացավ:
Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Ամբաստանյալի քույրը ցանկացավ եղբորը փոխանցել անմոռուկ-կրծքանշան, սակայն ուղեկցողները թույլ չտվեցին:
Նախագահողը վերադարձավ ու հրապարակեց որոշումը: Դատարանը մերժեց պաշտպանի բացարկը մեղադրողի դեմ՝ անհիմն լինելու պատճառով:
Այնուհետև, արձանագրելով, որ տուժողի իրավահաջորդը դատական նիստի դահլիճից դուրս եկավ առանց նախագահողի թույլտվության, դատարանը նրա նկատմամբ որպես սանկցիա կիրառեց նախազգուշացումը:
Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, որոշեց դատական նիստը շարունակել տուժողի, տուժողի իրավահաջորդի և վկաների բացակայությամբ, ովքեր պատշաճ ծանուցված էին, բայց չէին ներկայացել:
Դատարանը որպես ամբաստանյալ շահերի պաշտպան ներգրավեց փաստաբան Կրոմվել Գրիգորյանին, ով հանդես եկավ միջնորդությամբ՝ ներգրավել որպես վկա և դատարանում հարցաքննել սպանված մատուցողուհու հետ վարձով ապրած երկու կանանց, ինչպես նաև նրա հետ աշխատած բարմենին:
Մեղադրողն առարկեց այս միջնորդության դեմ՝ ասելով, թե միջնորդություն ներկայացնողը պարտավոր էր հիմնավորել՝ ինչո՞ւ է պետք հրավիրել ու հարցաքննել նշված անձանց, ինչը Կ. Գրիգորյանն իր միջնորդությամբ չարեց:
Դատարանը որոշեց պաշտպանի միջնորդության լուծումը հետաձգել, դրան անդրադառնալ գործով ապացույցների հետազոտությունից հետո, երբ որոշում ընդունելու համար էական հանգամանքները կպարզվեն:
Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը չի ընդունում:
Դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանեց. կհարցաքննվի տուժողը՝ այն բնակարանի տերը, որտեղ սպանվել է մատուցողուհին և կատարվել է հրկիզում, ապա կհարցաքննվեն տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի մայրը, վկաները, կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները, կհարցաքննվի մեղքը չընդունող ամբաստանյալը, որից հետո դատարանը կանդրադառնա նոր վկաների ներգրավելու և հարցաքննելու՝ պաշտպանի արդեն հնչեցրած միջնորդությանը:
Տուժողի, տուժողի իրավահաջորդի, վկաների բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 14-ը:
Այս բազմաչարչար գործին դատական նիստերը վարելու ընդգծված հստակություն է անհրաժեշտ, ինչը առաջին նիստում դրսևորեց նախագահողը, բայց դատական քննության առաջիկա նիստերն էլ դյուրին ընթացք չեն ունենալու: