Փոքրիկ սրճարանի ապակիները այցելուների պակասից այնքան էին խամրել, որ նույնիսկ վարագույրի կարիք չէին զգում փողոցի անդուդարձը ներս թափանցելը խանգարելու համար:
Մատուցողուհին, որը նաև հավաքարարն էր, նաև խոհարարն էր, նաև դռնապանը, տխուր աչքերով նայում էր համարյա անթափանց ապակիներին:
«Աստվա՜ծ իմ, այսօր էլ այցելու չի լինի, այսօր էլ ոչինչ չեմ ստանա». մտածելու պատասխանը համընկավ դռնից կախված զանգակների ձայնին:
Ներս մտավ միջին տարիքի, ճմրթված շորերով, մի քանի օր չսափրված դեմքով մի մարդ:
Հաճախ էին նման այցելուներ լինում, որոնք միայն խնդրում էին հաց կամ թեյ, վստահ իմանալով, որ աղջիկը ոչնչով չէր կարող օգնել իրենց, բայց դե սովը ստիպում էր, որի դեմ անկարող էր և աղջիկը, և խնդրողը:
«Աստվա՜ծ իմ, նորից սրանք, չէ՞ որ ես ոչնչով չեմ կարող օգնել, իսկ նրանք գալիս են, անձայն, իրենց խնդրողի աչքերով հարցնում, պատասխանը ստանում իմ աչքերով ու գլխահակ հեռանում, որից ես ավելի վատ եմ զգում:»
Այս մեկի աչքերը խնդրողի չեն, չնայած բարի են, դեմքն էլ անծանոթ, նման չէ ամենօրյա կիսաայցելող բոմժերին, բայց տեսքը…
- Բարև Ձեզ, ես Աստվածն եմ:
- Ներեցե՞ք…
- Ո՛չ մի ներեցեք, խորհուրդներ չեմ ընդունում, ի՛նքս եմ որոշում:
- Բա՞յց…
- Ո՛չ մի բայց, ասացի չէ՞ խորհուրդներ չեմ ընդունում:
- Ուրե՜մն…
- Դա՛ էլ եմ ես որոշում, մի բաժակ քաղցր սուրճ, մեկ հատիկ ծխախոտ, միայն արա՛գ, շտապո՛ւմ եմ:
Ի՞նչը ստիպեց աղջկան ենթարկվել, չհասկացավ արագ անցավ գործի, հետո նոր միայն մտքում ասաց.
«Պատկերացնեմ, որ հայրս է, որին կյանքում չեմ տեսել, այս անգամ էլ թող այսպես լինի, տնօրենին էլ մի բան կխաբեմ, Աստվա՜ծ իմ, ո՞ր մեղքիս համար:»
Արագ –արագ ծխախոտի ծուխն ագահաբար ներս քաշելով, աչքը չկտրելով աղջկա ձեռքերից, որոնք ծալել էր կրծքին` խմեց սուրճն ու առանց վճարելու հպարտ հեռացավ…
Խմած սուրճի բաժակը դեռ չէր հասցրել լվացարանի մոտ, երբ վազելով ներս մտան երեք քաղաքացիական հագուստով մարդիկ:
- Այստեղ մարդ մտե՞լ է, ճմրթված շորերով, կեղտոտ փողկապով, իրեն Աստված է անվանում, դա ի՞ր խմած բաժակն է:
Աղջիկը, որ շատ էր ցանկանում ստել, բայց ստել չգիտեր, պատասխանեց գլխով:
Նրանցից մեկը, որն ավելի տարիքով էր, զայրացած հարցրեց.
- Իսկ ինչո՞ւ չես զանգահարել:
- Ո՞ւմ, ինչո՞ւ համար:
- Ինչպե՞ս թե ում, դու ի՞նչ է հեռուստացույց չես նայում:
- Ես հեռուստացույց չունեմ, նա ասաց, որ Աստվածն է:
- Այդ մարդը հոգեբուժարանից է փախել, ամբողջ քաղաքն է նրան փնտրում:
- Լա՜վ, թող աղջկան, հեռու չի կարող գնալ, սուրճ խմենք ու նոր շարունակենք, միևնույն է` նա անվնաս է: Երեք սուրճ ու խմորեղեն:
Աղջիկն ուրախությունից անցավ գործի:
Նոր էին դուրս եկել նրանք երբ ներս մտան երկու ոստիկան:
- Այստե՞ղ է մտել իրեն Աստված անվանող մարդը, դու հիմա կպատասխանես մեր հարցերին: Սկզբից երկու «Ամարեթո», հետո սուրճ, միայն թե արագ: Նրա խմած բաժակը չլվանալ, փորձագետներ են գալու, պա՞րզ է:
Հետո եկան հոգեբուժարանից, ինչ-որ լրատվական թերթից, եկան քաղաքապետարանից, շտապ օգնությունից, եկան փորձագետներ, եկավ սրճարանի տնօրենը, եկան ինչ-որ կուսակցություններից…
…Եկավ մի երիտասարդ տղա, ասաց, որ այդ մարդն իր հայրն է, որ մեկ ամիս առաջ քաղաքապետն էր ու իր կամքով հրաժարական է տվել, նրան համարում են հոգեկան խանգարված մարդ ու խնդրեց, երբ երևա, անմիջապես զանգի իրեն, մեծ գումար թողեց աղջկան ու հեռացավ:
Աղջիկն ամբողջ օրը վազվզում էր մի սեղանից մյուսն ու ժամանակ չուներ մտածելու:
Երբ պատրաստվում էր փակել սրճարանի դուռը, անսպասելի, կարծես ստվերից հայտնվեց այդ մարդը:
- Բարև Ձեզ, ես Աստվածն եմ:
- Գիտե՜մ…
- Կարո՞ղ եմ այս գիշեր քնել այստեղ, այստեղ ինձ ոչ ոք չի փնտրի:
Ս.Ումառ-Հարությունյան