karabakh-open.info
Մարտունու շրջանի Շեխեր գյուղից Ավշարյան ամուսիններն իրենց դստեր` 16-ամյա Մելինեի հետ արդեն մեկնում էին Երեւան, երբ հանդիպեցինք Ստեփանակերտում։ Մեր զրույցը հիմնականում Մելինեի մոր հետ էր:
Մելինեն Երեւանում հինգերորդ բուժման կուրսը պիտի անցնի, նա տառապում է սուր լեյկոզ հիվանդությամբ /արյան քաղցկեղ/:Մինչեւ վիրահատություն իրականացնելն անհրաժեշտ է արյան փոխներարկում կատարել, ինչի համար դեռ համապատասխան դոնոր չեն գտել: Վիրահատությունը, որի համար մեծ գումարներ են պահանջվում, Հայաստանում չի արվում։ «Մենք այդ գումարները չունենք, հովանավոր ենք փնտրում: Այդ վիրահատությունը 100-150 հազար եվրո արժե: Սակայն մինչ վիրահատությունը կատարելը հարկավոր է համապատասխան դոնոր գտնել: Նման վիրահատություններն անում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Իրանում, Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում»,- ասում է Մելինեի մայրը՝ Նվարդ Ավշարյանը:
Ախտորոշումը հաստատվել է Երեւանի արյունաբանական կենտրոնում` Ստեփանակերտում վիրահատություն անելուց հետո: Վիրահատությունից հետո ապաքինման ընթացքում լուրջ խնդիրներ են առաջացել:
Վերջերս Ոսկրածուծի հայկական ռեեստրը Արցախում կրկին արյան դոնորագրում է կազմակերպել: Դոնորագրմանը մասնակցել են կամավորականները: Տիկին Նվարդը հույս ունի, որ այս դոնորագրումից հետո կգտնվի համապատասխան արյուն. «Վերջին անգամ նաեւ Մելինեի զարմիկներն ու զարմուհիներն են դոնորագրվել… Հասնենք Երեւան պիտի մտնենք Ոսկրածուծի հայկական ռեեստր, հույս ունենք…»:
Ընդհանրապես հարազատների ու բարեկամության շրջանում հավանականությունը մեծ է համատեղելի արյուն գտնելու համար, սակայն քույրերի արյունը համատեղելի չէր, իսկ եղբոր արյունը՝ 50 տոկոսով, ինչը բավարար չէ փոխներարկում կատարելու համար,-ասում է Մելինեի մայրը:
Տիկին Նվարդը, ով ճակատագրի բերումով արդեն ծանոթ է բժշկական այս երեւույթներին ու տերմիններին, բացատրեց, որ համատեղելի արյունը հարկավոր է նաեւ նրա համար, որպեսզի հնարավոր լինի ցողունային բջիջների փոխպատվաստում կատարել:
Ավշարյանների ընտանիքին ԼՂՀ առողջապահության ու սոցիալական հարցերի նախարարությունները 50 հազարական դրամ են տրամադրել` ճանապարհածախսերը հոգալու համար: Բայց դա բազմազավակ ընտանիքի համար շատ փոքր գումար է, որովհետեւ միայն Մելինեի դեղորայքի համար ծնողները միջին հաշվով ծախսում են 60-100 հազար դրամ։
Հայկ Ղազարյան
*****
Հ.Գ. Մեր հանդիպման օրը Մելինեն չուզեց լուսանկարվել, սակայն Մելինեի քույրը` Լիլիթը, ասաց, որ լուսանկարները կարող ենք վերցնել “Одноклассники” կայքի իր էջի «Սիրունս» ալբոմից:
Լիլիթը Ավշարյանի էջում հանդիպեցինք նաեւ այս հայտարարությանը. « Ի սեր Աստծո եւ ի սեր 16-ամյա աղջնակի: Մելինեն տառապում է լեյկոզ հիվանդությամբ, խնդրում եմ, բարի մարդիկ, օգնեք: Մենք Մելինեի փրկության համար բացել ենք հաշվեհամարներ»:
AMD` «Արցախբանկ» ՓԲԸ 22300015555400 եւ «Արարատբանկ» ԲԲԸ 1510018450320100
USD/EUR` «Արարատբանկ» ԲԲԸ` 1510018450320101
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 097 205 215