Երեկ վերջապես անձրեւեց... Իսկապես այս անգամ անձրեւին երկար էի սպասել: Մի տեսակ ամեն ինչ ծանրացել էր ներսումս եւ «մաքրման» կարիք ուներ:
Օրերի ու ամիսների փոշին կուտակվել էր հոգումս, ինչից սրտիս աշխատանքն էլ ավելի էր ծանրանում, շունչս էլ արդեն կտրվում էր...
...Ինչպես միշտ չվախեցա թրջվելուց... դուրս եկա փողոց, այս անգամ նույնպես առանց անձրեւանոց... Քայլեցի երկար-բարակ, անցա վայրերով, որտեղ անելիք չկար: Աննպատակ քայլում էի` նայում անցորդների դժգոհ երեսներին, ովքեր վազվզելով` փախչում էին սառը կաթիլներից: Փորձում եմ հասկանալ նրանց, բայց չի ստացվում. Ի՞նչպես կարելի է անձրեւ չսիրել: Ի՞նչպես կարելի է փախչել մի բանից, որը միայն թարմություն եւ մաքրություն է բերում, նախ` հոգուդ, հետո` սրտիդ, եւ հետո միայն հողին եւ օդին: Եվ արդեն էական էլ չէ, թե քանի անգամ անցա քաղաքի այն ծանոթ եւ անծանոթ վայրերով. գնում էի այնտեղ` որտեղ ոտքերս էին տանում, թրջված ոտքերս: 
Ամեն անգամ երբ անձրեւ է գալիս` Բոբ Մառլիի խոսքերն եմ հիշում, որ ասել է. «Դուք ասում եք` սիրում ենք անձրեւ, բայց անձրեւանոց եք օգտագործում` նրա տակ քայլելիս: Դուք ասում եք` սիրում ենք արեւ, բայց ստվեր եք փնտրում, երբ այն շողում է: Դուք ասում եք` սիրում ենք քամի, բայց երբ այն գալիս է` փակում եք պատուհանը: Ես վախենում եմ, երբ Դուք ասում եք` սիրում ենք քեզ…»: Ի՞նչպես կարելի է չհավատալ այս բառերին, ախր նրանց մեջ այնքան իմաստ կա, այնքան կյանք կա... 
Եվ ի՞նչ է մնում:
 …Պարզապես դուրս գալ փողոց, երբ անձրեւ է գալիս... եւ քայլել, քայլել եւ անդադար քայլել... Թրջվել ինչքան հնարավոր է շատ: Հետո վերադարնալ տուն, փոխել հագուստը, մի բաժակ տաք թեյ խմել ու հեռուստացույց նայել... կամ զբաղվել մի ինչ-որ օգտակար բանով:
Եվ այս ձայնը լսելով մարմնովդ մի հաճելի սառը դող է անցնում: Փակում ես աչքերդ ու մտովի պատկերացնում, որ սիրելիիդ հետ վազում ես փողոցով` փորձելով չթրջվել, չնայած երկուսդ էլ մահու չափ ուզում եք թրջվել, որ հետո տաքացնեք միմյանց  սեփական շնչառությամբ... Եվ այդժամ հաճելի է անգամ թրջվելը... 
Ասում են  վաղն էլի անձրեւ է գալու, ո՞վ է միանում ինձ)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել