Տիգրան Նալչաջյանի պատասխանը “գլամուրապաշտներին”

Քանի որ երկու անգամ հեռուստաեթերով աղավաղվեց այն, ինչ որ ես ասել եմ, այդ իսկ պատճառով ցանկանում եմ վերջին անգամ անդրադառնալ այս թեմային և մեկընդմիշտ փակել այն, քանի որ զբաղված եմ շատ ավելի կարևոր գործերով, քան գլամուրն է:
Հասկացա, որ այս պարագայում ասածս մեծ լսարանին տեղ հասցնելու համար պետք է ունենալ առնվազն սեփական հեռուստատեսություն, այդ իսկ պատճառով այս նամակի միջոցով փորձում եմ իրականությունը ներկայացնել ֆեյսբուքյան և էլեկտրոնային լրատվամիջցներ կարդացող հասարակությանը:
Ամեն ինչ սկսեմ սկզբից:
Ինձ Մհեր Բաղդասարյանը (նկարում ինքն է, ներկայացնում է հայ տղամարդու բոլոր ժամանակների հավաքական առնական կերպարը, միևնույն ժամանակ ցույց տալով դերասանական արվեստի էսթետիկ կողմը) հրավիրեց այն հաղորդմանը, որ ինքն էր վարում, մի քանի հարց տվեց իմ “GLAՄՈՒՌ” գրքի վերաբերյալ, ապա հարցազրույցը նկարահանելուց հետո ասաց, որ գրքիս լավ կողմով չեն անդրադարձել, ես էլ մտածելով, որ դա կլինի առողջ քննադատության ձևով, հեռացա: Այնուհետև եթերում լսում եմ հետևյալ խոսքերը. “Այն տխմարությունը, որն իմ ձեռքերում է գրել է Տիգրան Նալչաջյան անունով մի տղա, որն այն գիրք է անվանում…” և շարունակում հեգնական տոնով մեկնաբանել այն, ընթացքում ցույց տալով հատվածներ իմ հարցազրույցից: Դրան հետևեց հաջորդ օրը նրա ևս մեկ գերէսթետիկ և գերտղամարդկային նկարներից մեկի տարածմամբ իմ պատասխանը, որը տարածվեց Facebook սոցիալական ցանցով և էլեկտրոնային լրատվամիջոցներով: Այնուհետեև Սոնա անունով մի լրագրողուհի ինձ կանչում է “Արմնյուզ” հեռուստաալիքից, խոստանալով, որ հաղրդումը կլինի անաչառ, և քանի որ ինքս շատ լավ կարծիք ունեմ “Արմնյուզ” լրատվական հեռուստաալիքի մասին, գնում եմ: Սակայն հաջորդ օրը եթերով տեսնելով այդ հաղորդումը, մեծ հիասթափություն եմ ապրում: Տեղադրված են իմ հարցազրույցից այն կտորները, որոնք լրագրողական խորամանկությամբ լրիվ այլ կոնտեքստով օգտագործել են իմ դեմ, այն ամենը ինչ ես ասել եմ եթեր չի հեռարձակվում, այսինքն լրիվ անիմաստ 20-30 րոպե հարցազրույց եմ տվել, հեղինակի խոսքում ամեն ինչ արված էր ինձ վարկաբեկելու և իմ գիրքը գռեհիկ և ոչ գրագետ ներկայացնեկու համար: Ընթացքում էլ ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում Մհերին նույն կերպ ինձ վիրավորելու համար:
Հասկանալի է, թե այս ամենը ինչպես կարող է կազմակերպված լինել: Այդ իսկ պատճառով այլևս չեմ ցանկանում խորանալ այս հարցի շուրջ:
Իսկ հիմա երկու խոսք գրքի մասին: Այն ներկայացվում է, որպես Անժելա Սարգսյանի պոռնո-սկանդալի մասին պատմող վիպակ և ինձ մեղադրում են գրքի տեսքով նման թեման տարածելու համար: Որպես պատասխան ասեմ, որ սա ԱՆԺԵԼԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, այլ նույն մոտիվներով գրված մի գիրք, որտեղ մի տղա սիրահարված է մի դերասանուհու, որին երկրպագում է, սակայն այնուհետև դերասանուհին հայտնվում է նման սկանդալի կիզակետում: Այստեղ չկան պոռնոգրաֆիկ նկարների մեկնաբանություններ, պարզապես սարկազմի ձևով անդրադարձ է արվել հասարակական արձագանքին: Քննադատել եմ այն արատավոր երևույթները, որոնք տիրում են շոու-բիզնեսում և կեղծ գլամուրը ներկայացնող անձանց շրջանակներում, որի ականատեսն ինքս եմ եղել: Այդ իսկ պատճառով էլ այն զայրացրել է նմանատիպ մարդկանց, ովքեր կարդալով վիպակը` իրենք իրենց գտնում են այնտեղ: Եթե դա չլիներ, ապա կարծում եմ կարիք չէր լինի անդրադառնալ և վիրավորել հեղինակին, ինչպես օրինակ ես, որ գտնում եմ, որ հեռուստաեթերից աղբ է հոսում հեռուստասերիալների և գերտափակ հաղորդումների ձևով, այդ իսկ պատճառով արդեն մի քանի տարի հեռուստացույց չեմ նայում, բացի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արտագնա խաղերից:
Բոլոր նրանք, ովքեր կարդացել են վիպակը, համաձայն են ասածիս հետ, իսկ նրանք, ովքեր դեռ նոր են կարդալու, ապա վստահ եմ, որ կհամաձայնվեն:
Ես այս տողերը գրում եմ ոչ թե Մհերի դեմ, այլ այն պարզ պատճառով, որ այսօր իրոք մեր երկրում ոչ ոք իր տեղում չէ: Դիլետանտները, որոնք անգրագետ ու խղճուկ պատկերացում ունեն արվեստի, գրականության, գիտության և այլ ստեղծագործական ոլորտների մասին, այսօր գտնվում են լսարանների առաջ և տափակ դատողություններ են անում այս և այլ թեմաներով: Եվ ցավալի է, որ այսօր նմանները անգրագետ են անվանում ինձ ու իմ գրածն այն դեպքում, երբ ես ավարտել եմ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական բաժինը` լինելով կուրսի լավագույն սովորողներից մեկը, ծառայել եմ զինված ուժերում և մասնակցելով մարտական զորավարժության, որպես դասակի հրամանատար, ստացել Հայոց Բանակի Գերազանցիկ կրծքանշան, կարդացել եմ հազարավոր գրքեր և ծանոթ եմ համաշխարհային գրականության լավագույն գործերին:
Բնականաբար իմ գիրքը ընդամենը ժամանցային է և դրանով նպատակ չունեմ ներխուժել գրականության ասպարեզ, այդ իսկ պատճառով այս թեման ինձ համար փակված է, չեմ ուզում ժամանակս վատնել այնպիսի մարդկանց վրա, որոնց կյանքի իմաստը “քլաբային” ժամանցներն են, անճոռնի լուսանկարներում տեղ գտնելը և էժանագին ու իսկապես անգրագետ ամսագրերի նյութերը կլանելը: Ինձ քննադատում են մարդիկ, ովքեր նկարում են, թե ինչպես են այս կամ այն “կեղծ գլամուրիստները” հագուստ գնում second-hand-ից: Դա է նրանց սյուժեն: Եվ ավելորդ չէ նշել, որ իրենց հաղորդումներում փառաբանում են այնպիսի գրողների, ովքեր տարածում են հոմոսեքսուալիզմ, ստոր և ապազգային արժեքներ, ընտանիքի գաղափարը քանդող մտքեր և այլն: Եվ այս տողերն ուզում եմ ավարտել մի հարցով. “Պատերազմի դեպքում սրա՞նք են պաշտպանելու մեր երկիրը…ականջդ կանչի Մոնթե, ականջդ կանչի Վազգեն, ականջդ կանչի Թաթուլ… ”

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել