Untitled-21in.am-ը գրում է․

«Հիվանդանոցում շատ անելիք կա, աշխատանքի ծավալները մեծացել են, և անհրաժեշտություն առաջացավ, որ որդիս նորից տեղափոխվի հիվանդանոց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով առողջապահության փոխնախարարի պաշտոնից որդու հրաժարականի պատճառներին։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանն ազատվել է աշխատանքից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր անցած տարվա դեկտեմբերից։

«Հիվանդանոցը հիմա նոր փուլի մեջ է մտնում, նոր ծրագրեր կան, ծրագրերն ընդլայնվել են, և իր կարիքը շատ կա։ Դրա համար էլ ինքը նորից գալիս է «Արաբկիր» բժշկական կենտրոն, որպեսզի շարունակի իր գործը»,- հավելեց Արա Բաբլոյանը։

Անդրադառնալով շշուկներին, թե փոխնախարար որդին խնդիրներ է ունեցել նախարար Արմեն Մուրադյանի հետ, պատգամավորն արձագանքեց․ «Չէ, չէ, խնդիր չկա, ոչ մի խնդիր։ Ոնց հնարավոր է՝ նախարարի հետ լեզու չգտնի, երբ մենք օրական 4 անգամ հանդիպում ենք նախարարի հետ, բոլոր ծրագրերն իրար հետ ենք մշակում»։

Նշենք սակայն, որ դեռևս օրեր առաջ մամուլում գրվեց, որ նախարարը ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իր մտերիմներից մեկին։

Արման Բաբլոյանը կնշանակվի «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել