Մարդկության պատմությանը հայտնի են շատ սերիական մարդասպաններ ու մանիակներ, ովքեր իրենց չարագործություններն իրակացնում էին բազմաթիվ երկրներում, բայց դրանց ցուցակում, անկասկած, առաջին տեղը պատկանում է Ջեք Մորթողին, ում դաժանագույն սպանություններն ահ ու սարսափ էին ներշնչում Լոնդոնի բնակչությանը՝ 1888 թվականի աշնանը։
19-րդ դարի երկրորդ կեսին Անգլիա բազմաթիվ ներգաղթյալներ էին ժամանում եվրոպական երկրներից ու Ռուսաստանից, ինչը բերեց քաղաքային բնակչության կտրուկ աճի։ Քանի որ աշխատատեղերն ու բնակտարածքները չէին բավականեցնում բոլոր ժամանողների համար, չքավորների թաղամասները գնալով ավելի էին աճում։ Դրանցում ծաղկում էին հարբեցողությունը, գողությունը, բռնությունը, սպանությունները և մարմնավաճառությունը։
Լոնդոնն այս առումով բացառություն չէր, ու 1888 թվականին այնտեղ 60 հասարակաց տուն էր գործում, որոնցում աշխատում էին 1500 մարմնավաճառներ։ Ու հենց այս անհանգիստ ժամանակներում Լոնդոնի փողոցներում հայտնվեց Ջեք Մորթողը...
Առաջին սպանությունը նա արեց 1888 թվականի ամռան վերջին օրը։ Չարագործի զոհը դարձավ 43-ամյա Մ. Նիքոլզը՝ «Գեղեցկուհի Փոլլին», ով հասարակաց տներում հայտնի էժանագին մարմնավաճառ-հարբեցող էր։ Մարդասպանը կտրել էր նրա կոկորդը, իսկ հետո պատռել էր որովայնը։ Ընդ որում, այնպիսի տպավորություն էր, որ մարդասպանը գազազած էր, քանի որ որովայնի խոռոչում ամեն ինչ բզկտված էր։ Ոստիկանությունն այդ ժամանակ առանձնապես ուշադրություն չդարձրեց այս սպանության վրա, քանի որ մարմնավաճառների սպանությունները եզակի երևույթ չէին այդ կողմերում։
Երկրորդ զոհը կրկին մարմնավաճառ էր՝ «Մուգ Էմմին», ով սպանվեց սեպտեմբերի 8-ին։ Նրա մարմինը գտան՝ կտրված կոկորդով ու պատռված որովայնով։ Նրա մարմնից հեռացրել էին արգանդը, հեշտոցն ու միզապարկը։ Փորձաքննությունը ցույց տվեց, որ նա թոքախտով էր հիվանդ։
Սեպտեմբերի երկրորդ կեսին ոստիկանությունը նամակ ստացավ՝ ենթադրյալ մարդասպանից, որտեղ վերջինս, ծաղրելով ոստիկանությանը, նկարագրում էր, թե ինչպես է սպանություններ գործել նախկինում, ինչպես է հաճույք ստացել դրանից ու խոստացել էր, որ կտրելու է մյուս զոհի ականջները։ Հենց այս նամակում մարդասպանն աառաջին անգամ ստորագրվեց որպես Ջեք Մորթող։ Ոստիկանությունը լուրջ չվերաբերվեց այս նամակին, սակայն սեպտեմբերի 30-ին հայտնաբերվեցին ևս երկու դիակներ։
Քառասունհինգամյա «Բարձրահասակ Լիզի» որովայնը պատռված չէր, բայց նրա ականջները կտրված էին։ Ոստիկանությունում հասկացան, որ մարդասպանն իր խոստումները կատարում է և հրապարակեցին նրա նամակը թերթում՝ հույս ունենալով, որ ընթերցողներից ինչ-որ մեկը կճանաչի ձեռագիրը, բայց ապարդյուն։ Նույն օրը՝ սեպտեմբերի 30-ին, սպանվեց 46-ամյա Կ.Էդդոուն։ Նրա դեմքին բազմաթիվ վնասվածքներ կային՝ սուր կտրող գործիքով պատճառված, ականջները կտրված էին և հեռացված էին արգանդն ու երիկամները։
Որոշ ժամանակ անձ Աչալրջության կոմիտե մի փաթեթ եկավ, որի մեջ գինու սպիրտով տարայի մեջ գտնվող երիկամի կես էր։ Կից նամակում մոլագարը հաղորդում էր, որ երիկամի երկրորդ կեսը նա կերել է։ Հաջորդ օրերին ոստիկանությունն էլի մի քանի նամակ ու բացիկ ստացավ, որտեղ մոլագարը հաղորդում էր նախապատրաստվող սպանությունների մասին։ Լոնդոնցիները սկսեցին վախի մթնոլորտում ապրել։ Կանայք դուրս չէին գալիս փողոց՝ առանց դանակի կամ էլ ատրճանակի, իսկ վաճառականները հարստանում էին՝ վաճառելով կաստետներ ու ճոխ զարդարված դաշույններ։
Ոստիկանությունն էլ անգործ չէր. կին ոստիկանները փողոց էին դուրս գալիս՝ մարմնավաճառների պես հագնված՝ հույս ունենալով, որ մանիակը կուլ կտա խայծը, բայց ամեն ինչ ապաարդյուն էր։ Մարդասպանի 5-րդ զոհը դարձավ 25-ամյա Մերի Քելլին, ով սպանվեց 1888 թվականի նոյեմբերի 9-ին։ Եթե նախորդ զոհերի մարմինները գտել էին փողոցում, ապա Քելլիի դին գտան նրա սենյակում։ Նա ոչ միայն ամենաերիտասարդն էր Ջեքի զոհերից, այլև ամենագեղեցիկը։ Ուստի, ինչպես կարծում էին քննիչները, ամենից շատն էր վաստակում ու կարող էր թույլ տալ իրեն սենյակ վարձել։ Նրա մարմինն անճանաչելիության աստիճանի էր ապականված, և հեռացված էին նրա սիրտն ու երիկամները։
Եթե նախկինում մարդասպանը հեռացված օրգաններն իր հետ էր տանում, ապա այս անգամ նա դրանք զգուշորեն դասավորել էր հատակին։ Դիահերձումն իրականացրած պաթոլոգաանատոմները միաբերան պնդում էին, որ մարդասպանը բժշկական կրթություն ունի ու, ամենայն հավանականությամբ, վիաբույժ է։ Նրանք նաև հավաստիացնում էին, որ լավ մասնագետը կարող է օրգանները հանել՝ առանց դրանք վնասելու, եթե նա առմնվազն կես ժամ ժամանակ ունենա ու հանգիստ պայմաններում գործի, մինչդեռ Ջեք Մորթողը կարողանում էր դա անել շատ արագ ու առավելապես փողոցում։ Ընդ որում, պատճառած վնասվածքների բնույթից երևում էր, որ մարդասպանը ձախլիկ է։
Ոստիկանության կողմից ստացված որոշ նամակներ պահպանվել են ու գիտնականներին հաջողվել է դրանցից ԴՆԹ-ի նմուշներ վերցնել: Այդ նմուշների փորձաքննության արդյունքները ապշեցուցիչ էին. նամակների հեղինակը կին էր։ 1890 թվականին մահապատժի էր ենթարկվել ոմն Մերի Փերսի՝ սիրեկանի կնոջը սպանելու համար։ Փորձագետները կարծում են, որ հենց այս կինն է այն նամակների հեղինակը, որոնցից ԴՆԹ նմուշներ էին վերցվել, իսկ նրա սպանության ձեռագիրը կրկնում էր Ջեք Մորթողի ձեռագիրը։
Հետագա ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ վերոնշյալ բոլոր սպանությունները Ջեք Մորթողինն են, իսկ արդեն հաջորդիվ տեղ գտած 10 սպանություններն իրականացվել են նրան նմանակողների կողմից։ Ոստիկանները ժամանակին բազմաթիվ տարբերակներ են դիտարկել, որպեսզի գտնեն մարդասպանին։ Համաձայն այդ տարբերակներից առաջինի՝ նա կարող էր լինել ընտանիքի ազնիվ հայր, ով ուզում էր մաքրել հասրակությունը պոռնկությունից։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ մարդասպանը պարզապես հոգեկան հիվանդ էր, մեկ այլ տարբերակի համաձայն՝ դա ծիսակարգային սպանություններ էին, իսկ ոմանք էլ համարում էին, որ մարդասպանը կապ ուներ արքայական ընտանիքի հետ կամ էլ մեկն էր, ով պարզապես վրեժ էր լուծում մարմնավաճառներից, որովհետև ինչ-որ մարմնավաճառ նրան վարակել էր սեռավարակային հիվանդությամբ։
Սակայն ամենահավանական տարբերակը այն է, որ մարդասպանը Իռլանդացի Ֆրենսիս Թամբլին է, ով ապրում էր այդ կողմերում ու կարող էր հանգիստ թաքնվեր իր տանը՝ սպանություն գործելուց հետո։ Բացի դրանից, նա վիրաբույժ էր, ով ֆանատիկոսորեն սիրում էր իր մասնագիտությունը։ Իհարկե, ոստիկանությունը դիտարկել էր նրա տարբերակը ու համեմատել էր նրա ձեռագիրը՝ իրենց ստացած նաակների հետ, բայց ոչ մի բան չէր կարողացել գտնել։
Ֆրենսիսին ճանաչող մարդիկ պնդում էին, որ նա շատ հմայիչ, խելացի ու սառնասիրտ մարդ էր։ 20-րդ դարի սկզբին՝ արդեն Թամբլլի մահանալուց հետո, նրա հարազատները հավաքում էին նրա տունը ու հայտնաբերեցին մի գաղտնի սենյակ, որը լցված էր սպիրտի մեջ պահվող մարդկային օրգաններով։ Սա հիմք դարձավ, որպեսզի ևս մեկ անգամ համեմատվեն Թամբլիի ու մարդասպանի ձեռագրերը և կիրառելով ժամանակակից մեթոդներ, պարզվեց որ դրանք համընկնում են 90 տոկոսով, իսկ մնացած 10 տոկոսը բացատրվում էր նրանով, որ մարդասպանը էմոցիոնալ գրգռված վիճակում է եղել՝ դրանք գրելիս։ Սակայն սա դեռ ոչինչ չի նշանակում, առավել ևս, որ Ֆրենսիս Թամբլին հոմոսեքսուալիստ էր, իսկ հոմոսեքսուալիստները հազվադեպ են կանանց սպանում, այն էլ՝ մարմնավաճառների...
Այնպես որ, դարի առեղծվածը դեռ չի լուծվել ու մինչ օրս էլ միանշանակորեն չի կարելի պնդել, թե ով է եղել Ջեք Մորթողը։



