Քիչ առաջ Բլոգ Նյուզը հեռախոսազրույց ունեցավ փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Թամարա Յայլոյանի հետ, որոնք գտնվում են Մոսկվայում: Նրանք հետևյալը պատմեցին այսօր Անդրեյ Մալախովի «Пусть говорят» հեռուստանախագծի նկարահանումները չեղյալ հայտարարելու մասին: Ի սկզբանե ծրագրին հրավիրված է եղել փաստաբան Թամարա Յայլոյանը, սակայն Փաստաբանների Պալատի կողմից որոշում է ընդունվել, որ նրան պետք է ուղեկցեն նաև փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյան ու Սիմոն Բաբայանը: Բոլոր ծախսերը ռուսական հեռուստաընկերությունը վերցրել է իր վրա: Մեր պատվիրակների հետ հանդիպման ժամանակ Մալախովը, դիմելով Թամարա Յայլոյանին, բառացի ասել է. «Ես հպարտ եմ, որ կա նման կին փաստաբան, որը հրաժարվել է պաշտպանել այդ տականքի շահերը»: Մալախովը չափազանց դրական վերաբերմունք է ցույց տվել մեր պատվիրակության հանդեպ: Նա հայտնել է, որ ծրագրի նպատակն է լարվածության հանդարտեցումը և փոքրիկ Սերյոժայի համար դրամահավաքի կազմակերպումը: Նկարահանումից կես ժամ առաջ Հայաստանից լուր է ստացվում փոքրիկի մահվան մասին: Մալախովը մոտենում է հրավիրվածներին և, հայցելով հրավիրվածների ներողամտությունը, հայտնում, որ նման ձևաչափով ծրագիրն այլևս չի կարող նկարահանվել, և հեռուստաընկերության տնօրինությունը որոշում է կայացրել հարցին անդրադառնալ կիրակնօրյա «Итоги» լրատվական ծրագրի շրջանակներում:
Նկարահանմանը հրավիրված են եղել մի շարք հանրահայտ դեմքեր՝ Սվետլանա Սվետլիչնայան, Մարգարիտա Սիմոնյանը, Ռոքսաննա Բաբայանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Քոչարյանը, Հայ համայնքի մի շարք ակտիվիստներ և ներկայացուցիչներ:
Մեր զրույցի վերջում տիկին Յայլոյանը նաև հայտնեց, որ համացանցում հայտնված տեղեկությունը սուտ է, և իր նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել: Ռուսական կողմից Պերմյակովի գործը քննող քննիչն իրեն չի կանչել:



