Прости, Армения!
Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում ու Երևանում, արդեն մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացվում, որոնցում պահանջում են ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել հայաստանյան արդարադատության ձեռքը։ Պերմյակովին կասկածում են Ավետիսյանների ընտանիքի ռեզոնանսային սպանությունն իրականացնելու մեջ, որի արդյունքում Ավետիսյանների տանը սպանվել է 6 մարդ։ 7-րդ զոհը 6 ամսական երեխա է, ում ենթադրյալ հանցագործը դանակով հարված էր հասցրել կրծքի շրջանում, և նա այժմ ծանր վիճակում է։
Սակայն «ենթադրյալ» բառն այստեղ զուտ ֆորմալ գործառույթ է կատարում։ Իհարկե, մարդն անմեղ է, քանի դեռ դատարանում չի ապացուցվել հակառակը, իսկ քննությունը չի ավարտվել դեռ ու դժվար թե ավարտվի վաղը։ Սակայն բոլորի համար, ովքեր գտնվում են իրադարձությունների վայրին մոտ, այդ թվում նաև քննիչներին, պարզ է, որ մարդասպանը հենց Վալերի Պերմյակովն է։
Այնուամենայնիվ, ուզում եմ իրավաբաններին թողնել իրենց իրավունքներն ու պարտականությունները ու փոխարենը խոսել Գյումրիում մի քանի օր առաջ կատարվածի մյուս կողմի մասին։
Ցավոք սրտի, ես հիմա Մոսկվայից հեռու եմ գտնվում ու դեռ երկար ժամանակ չեմ լինելու մայրաքաղաքում։ Բայց եթե ես այսօր այնտեղ լինեի, ապա անպայմանորեն ծաղիկներ կդնեի Հայաստանի դեսպանատան առջև։ Չգիտեմ, արդյո՞ք ծաղիկներ կան հիմա դեսպանատան պատերի տակ, արդյո՞ք մոմեր վառվում են։ Լավ կլիներ, եթե լինեին, իսկ եթե ո՞չ։ Պարզապես ոչ ոք, ոչ մի ռուսական ԶԼՄ չի հաղորդում այս փաստի մասին։ Ինչ-որ սուր անարդարություն է, երբ Փարիզում ահաբեկիչները 12 մարդու սպանեցին, Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ սկսեցին մարդիկ ժամանել, ովքեր անկեղծորեն ցավակցում էին զոհվածների ընտանիքներին ու ողջ Ֆրանսիային, և դա անդադար ցուցադրում էին հեռուստատեսությամբ։ Իսկ այս մի դեպքում Ռուսաստանում կարծես ոչ ոք չի իմանա Գյումրիի մասին…
Թե՞ բանը նրանում է, որ այս անգամ ֆրանսիացիների չեն սպանել, այլ հայերի։ Իսկ գուցե, որքան էլ դա սարսափելի հնչի, դիակների քանակն «այն չէ»՝ քչություն է անում։ Թե՞ խնդիրն այլ բանում է։ Նրանում, որ մարդկանց այս անգամ սպանել են ոչ թե միջազգային ահաբեկիչները, ում դեմ համաշխարհային ու համապարփակ պայքար է ընթանում, այլ ընդամենը 18-ամյա մի ք*ք։
Մեխանիկ-վարորդ Պերմյակովը՝ հայրենիքի հրամանով, ծառայում էր Հայաստանում։ Զինվորը ձանձրացել էր ծառայելուց ու փախել էր հերթապահությունից՝ զենքով հանդերձ։ Նա արդեն հասցրել է քննիչների հետ կիսվել իր պլանի մանրամասներով՝ Թուրքիա էր փախչում։ Սակայն սահմանի կեսճամփին, ինչպես հետևում է Պերմյակովի ցուցմունքներից, նրան համակեց ծարավը, ու նա հայտնվեց ինչ-որ մեկի տանը, որտեղ քնած էին։ Այդպես էլ զոհվեց Ավետիսյանների ընտանիքը, երբ անդամներից մեկն արթնացավ, Պերմյակովը վախեցավ ու գնդակահարեց բոլորին։ Քնածներին ինքնաձիգից սպանեց, իսկ կես տարեկան Սերյոժայի կրծքին դանակով հարվածեց։
Այս ողբերգությունը նման է նրան, ինչ կատարվեց 2012 թվականի մայիսի վերջին ղազախական սահմանապահ «Առկանկենգեն» հենակետում։ Այդ ժամանակ Վլադիսլավ Չելախը գնդակահարել էր իր համածառայակիցներին ու անտառապահին, ով հարևանությամբ էր բնակվում։ Զոհվել էին 15 մարդիկ։ Քննիչները եկել էին այն եզրահանգմանը, որ տեղ էին գտել ոչ կանոնադրական հարաբերությունների մեջ և «բանականության խավարում» շարքային Չելախի մոտ։ Չի բացառվում, որ Գյումրիի սպանդի պատճառներն էլ (համենայն դեպս՝ պաշտոնապես հայտարարվածների) լինեն նմանօրինակ, բայց, այնուամենայնիվ, այս երկու ողբերգությունների մեջ էական տարբերություն կա։ Չելախի գործողությունները ներղազախստանյան հարց են։ Այնտեղ բոլորը՝ թե՛ հանցագործը, թե՛ զոհերը, հանդիսանում էին միևնույն պետության քաղաքացիներ։ Գյումրիի սպանության պատմությունը կապված է երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների հետ։
Եթե դուք տեղյակ չեք, ապա Հայաստանը միակն է հետխորհրդային անդրկովկասյան հանրապետություններից, որը շարունակում է անկեղծորեն ձգվել դեպի Ռուսաստանը։ Ի՜նչ էլ ասեն վրաց-ռուսական հարաբերությունների վերակենդանացման մասին, 2008 թվականի եռօրյա պատերազմից հետո, դրանք այդպես էլ չեն կարգավորվել մեծ հաշվով ու դժվար էլ երբևէ դուրս գան վստահության այն մակարդակին, որում գտնվում էին մինչև 2008 թվականի օգոստոսը։ Նույնիսկ այսպես կոչված ժողովրդական դիվանագիտության առումով։
Ադրբեջանն իր կասպիական նավթով վաղուց է փորձում ինքնուրույն պարտիա խաղալ Աշխարհաքաղական դաշտի վրա ու ամենևին ոչ միշտ է ուղղորդվում ըստ Ռուսաստանի։ Ու միայն Հայաստանն է, որ մինչ այժմ շարունակում է մնալ հավատարիմ բարեկամ։ Ըստ էության, ռուսական ռազմաբազան գտնվում է Գյումրիում հենց այդ պատճառով։
Ինչպես կուզեք, բայց անձամբ ես վստահ եմ, որ տերության վեհությունն ու ուժերը, եթե, իհարկե, դրանք կան ու ուռճացված չեն, դրսևորվում են հենց նման իրավիճակներում։
Բնականաբար, Հայաստան մեկնեց ՊՆ-ի հանձնախումբը՝ փոխնախարարի գլխավորությամբ։ Բնականաբար, նույն ժամանակամիջոցին կամ էլ գրեթե նույն ժամանակամիջոցին սրիկային բռնեցին։ Բնականաբար, նրան դատելու են։ Ի սկզբանե, հայտնվեց տեղեկատվություն, որ քանի որ Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ընդ որում՝ զինծառայող, ով գտնվում էր ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ապա նա պետք է ենթարկվի Ռուսաստանի քննչական ու դատական իրավասությանը, բայց հնարավոր է, որ հայկական հանրության ճնշման ներքո հանցագործին հանձնեն տեղական արդարադատության ձեռքը, ու եթե դա տեղի ունենա, ապա դա ոչ մի կերպ չի վկայի Ռուսաստանի թուլության մասին։ Ճիշտ հակառակը։
Եթե քննությունն ունենա Պերմյակովի մեղքի համոզիչ ապացույցներ (իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն), ապա ուժեղի ժեստը տվյալ պարագայում կկայանա մյուս կողմին զիջումներ անելով։ Ի վերջո, մարդասպանին ոչ մի լավ բան չի սպասվում նաև Ռուսաստանում։ Լավագույն դեպքում՝ ցմահ ազատազրկում տխրահռչակ «Սև դելֆինում»։
Առավել ևս, որ համենայն դեպս հայերի մոտ դեռևս չի մոռացվել Հրաչյա Հարությունյանի ու 18 կյանք խլած ՃՏՊ-ի պատմությունը. երբ 2013 թվականի ամռանը Հարությունյանը շաքարով բռնված անսարք բեռնատարով մխրճվել էր մարդատար ավտոբուսի մեջ, ու ՀՀ քաղաքացուն դատում էին ռուսական դատարանում։ Իհակե, իրավաբանները կշտապեն զգուշացնել, որ պետք չէ թացը չորի հետ խառնել։ Այն իմաստով, որ Ռուսաստան գումար վաստակելու համար եկած խոպանչին ու զինվորը, ում պետությունն է ուղարկել արտասահման՝ ծառայելու, ամենևին էլ նույն բանը չեն։ Երևի դա այդպես է, բայց ես՝ որպես հասարակ մարդ, առանձնապես տարբերություն չեմ տեսնում։ Միայն այն, որ Հարությունյանը չարամիտ դիտավորություն չուներ։ Խախտումներ կային, իսկ դիտավորություն չկար, իսկ Պերմյակովը հենց դիտավորություն ուներ, ընդ որում՝ ի սկզբանե։ Ես հիմա մասսայական սպանության մասին չեմ խոսում, այլ զենքով դասալիքության ու սահմանը հատելու ապօրինի փորձի մասին։
Չեմ կասկածում, որ կգտնվեն այնպիսիք, ովքեր որպես հակափաստարկ կբերեն ԱՄՆ-ի օրինակը, ինչպես դա այժմ ընդունված է մեր մոտ. իբր ամերիկացի զինծառայողներին, ովքեր խաղաղ բնակիչների են սպանում Աֆղանստանում ու Իրաքում, դատում են ԱՄՆ-ում, ուստի մենք էլ չպետք է մերոնց արտահանձնենք ոչ մի պարագայում։
Իսկ ես համարում եմ, որ այդպիսի «մերոնց» հանձնել էլ է կարելի ու նույնիսկ պետք է։ Առավել ևս, եթե խոսքը գնում է եղբայրական ժողովրդի ու դաշնակից պետության մասին։ Հայաստանի տաք գլուխները ցույցերի են դուրս գալիս հակառուսկան կարգախոսներով, ինչ-որ մեկն անգամ ՌԴ դրոշը փորձեց այրել, և այդ մարդկանց կարելի է հասկանալ. նրանք չեն ուզում, որպեսզի իրենց հողի վրա թափվի իրենց անմեղ համերկրացիների արյունը։ Բարդ կացության մեջ է հայտնվել նաև տեղական պրոռուսական իշխանությունը, որը կարող է կորցնել ժողովրդի աջակցությունը։
Սակայն Պերմյակովին Հայաստանի քննությանն ու դատարանին հանձնելն, իմ կարծիքով, քիչ է։ Պետք է Հայաստան մեկնեն ու ներողություն խնդրեն մարդիկ, ովքեր ավելի բարձր կոչում ունեն, քան փոխնախարարը, առավել ևս, որ փոխնախարարը լիազորված էլ չէ դա անելու պետության անունից։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն Հայաստանի նախագահի ու մարդկանց հետ, բառեր գտնեն ու ոչ միայն։ Ռուսական ռազմական համազգեստով մարդկանց կողմից սպանվածների հարազատները պետք է Ռուսաստանի կողմից ցմահ ապահովվեն, ու վերջիվերջո, Հայաստանի դեսպանատան մոտ պետք է մարդիկ գնան ու գնան, ու այնտեղ պետք է լինեն ծաղիկների սարեր, ու մոմեր վառվեն։ Սա արդեն ոչ թե պետությանն էր վերաբերվում, այլ բոլորին։
Այ հենց այդ ժամանակ էլ մենք կդադարենք ընկերներ կորցնել։ Ընկեր մարդկանց ու ընկեր պետությունների։ Ու այդ ժամանակ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանն, իրոք, գերտերություն է։
Իսկ մինչ այդ ես ինքս եմ ներողություն խնդրում հայերից։ Ներեք ինձ, եղբայրներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել