Untitled-21in.am-ը գրում է․

«Այս պահին Գյումրիում համեմատաբար հանգիստ վիճակ է, և 1000-ից ավելի ցուցարարները Ռուսաստանի հյուպատոսության և դատախազության դիմաց խմբված սպասում են Գլխավոր դատախազի որոշմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։ Վերջինիս խոսքերով՝ ցուցարարներին հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք ինչպես մայթերին ու փողոցներում են խմբված, այնպես էլ մեքենաների մեջ։

Անդրադառնալով հարցին, թե ինչու ցուցարարները երկու մասի բաժանվեցին, Թումասյանն ասաց, թե պատճառն այն էր, որ ցույցն ինքնաբուխ էր, կազմակերպիչ չկար։ «Դրա պատճառով էլ ցուցարարների մի մասն ուղևորվեց դեպի հյուպատոսարանի դիմաց, որտեղ ցավալի բախում եղավ։ Իհարկե, կար նաև ոստիկանության չմտածված պահվածքը, որի պատճառով նաև բախումը թեժացավ ու գրգռվեց։ Պայթուցիկներ եղան և այլն»,- ասաց Թումասյանը։

Նա հավելեց, որ բախումների հետևանքով վիրավորներ կան, որոնք հիմնականում վիրավորվել են քարերի հարվածներից, բայց կոնկրետ թիվ չնշեց։

Թումասյանը նաև ասաց, որ կա նաև մոտ 7 ձերբակալված անձ, որոնց ազատարձակման համար այս պահին գլխավոր դատախազի, մարզի և քաղաքի ոստիկանապետերի հետ բանակցում են ԱԺ մի քանի պատգամավորներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել