
Միայնակ հայր ու հայտնի բոլգեր Դեն Պիրսը մի շատ զգացմունքային ու խորիմաստ հոդված է գրել՝ երեխայի դաստիրակության մեջ հոր ունեցած դերի մասին, որի թարգմանությունը ուզում ենք ներկայացնել Ձեզ։
Հայրիկներ, խնդրում եմ, դադարեք «կոտրել» ձեր երեխաներին
Ես պարզապես անհրաժեշտություն զգացի գրել այս մասին այն բանից հետո, ինչին այսօր ականատես եղա խանութում։ Խնդրում եմ, վաղօրոք ներել ինձ՝ տոնայնությանս համար, բայց այլ կերպ պարզապես չեմ կարող, քանի որ ես հիմա հուսահատությամբ ու զայրույթով եմ հագեցած։ Խնդրում եմ, կարդացեք գրածս մինչև վերջ, ես գիտեմ, որ այն բավականին ծավալուն է, բայց այն պարզապես պետք է կարդալ ու կիսվել։
Այսօր, երբ որդուս հետ հերթ էինք կանգնած խանությում, ես մեր առջև տեսա մի տղամարդու՝ իր վեցամյա որդու հետ։ Բալիկը շատ ամոթխած հարցրեց հորը, թե կարո՞ղ է արդյոք նա իր համար պաղպաղակ գնել տուն վերադառնալու ճանապարհին։ Հայրը վերևից նայեց նրան ու կոպիտ պատասխանեց, որ սուս մնա, կանգնի պատի տակ ու չշեղի իրեն։ Բալիկը միանգամից լլկվեց ու սեղմվեց պատին։
Մեր հերթը մի քիչ առաջացավ, ուստի բալիկը նորից մոտեցավ հորը՝ կամացուկ ինչ-որ մանկական երգ երգելով։ Կարծես թե նա արդեն մոռացել էր զայրալից այն պոռթման մասին, որը մի քանի րոպե առաջ համակել էր իր հորը։ Հայրը շրջվեց ու նորից նկատողություն արեց երեխային աղմուկի համար։ Տղան վախեցած վեր թռավ ու էլի սեղմվեց պատին։
Ես մի տեսակ կորած էի զգում ինձ։ Մի՞թե այս մարդը չի տեսնում այն, ինչ ես եմ տեսնում։ Ինչպե՞ս կարող էր նա չտեսնել իր ստվերում թաքնված այդ զարմանալի էակին։ Ինչո՞ւ է նա առանց մտածելու դատարկում իր իսկ երեխայի ողջ երջանկությունը։ Ինչո՞ւ նա չի գնահատում այն կարճ ժամանակամիջոցը, որում նա կարող է լինել ամեն ինչ սեփական զավակի համար։
Երեք հոգով էին մնացել խանութի դրամարկղի դիմաց, ու բալիկը նորից հեռացավ պատից ու մոտեցավ հորը։ Տղամարդը կտրուկ դուրս եկավ հերթի միջից, պինդ բռնեց նրա ուսերից ու այնպես սեղմեց, որ երեխան ծամածռվեց ցավից. «Եթե ես մի ձայն էլ լսեմ քեզնից, կամ էլ դու հեռանաս պատից, ապա տանը կստանաս», ու բալիկը նորից կպավ պատին ու էլ չէր շարժվում, ձայն չէր հանում, նրա գեղեցիկ մանկական դեմքը միանգամից խամրեց ու դադարեց էմոցիաներ արտահայտել։ Նա կոտրված էր։ Հայրը չէր ուզում գլուխ դնել նրա հետ, իսկ «կոտրելը» դաստիարակության ամենահեշտ միջոցն է։
Իսկ հետո մենք զարմանում ենք, թե ինչու են երեխաները մեծանում կոտրված։
Կտրուկ կլինեմ։ Շատ մարդիկ տեսնում են, թե ինչպես եմ ես շփվում որդուս հետ ու դեֆերամբներ են ձոնում ինձ այն բանի համար, որ ես իմ որդուն սիրում եմ ավելի շատ, քան այլ հայրերն իրենց որդիներին։ Գրո՛ղը տանի։ Ես դա չեմ հասկանում ու երբեք չեմ հասկանա։ Սիրել որդուն, դաստիարակել որդուն, խաղալ որդու հետ՝ խնդիրներ են, որոնք կարող են լուծել ամենևին էլ ոչ միայն սուպեր-հայրիկները։ Դա անել ի զորու է ցանկացած հայր, միշտ, առանց բացառությունների։ Ես ոչ մի հատուկ հատկանիշ չունեմ, ես պարզապես հայր եմ, ով սիրում է իր երեխային ու կանի ամենը՝ նրա բարօրության, անվտանգության և առողջության համար։ Ես ավելի շուտ կգերադասեմ բահով հարված ստանամ դեմքիս կամ էլ մուրճով գլխիս, քան կնվաստացնեմ կամ էլ «տեղը կդնեմ» զավակիս։
Ես ամենևին էլ իդեալական հայր չեմ։ Այո, գրողը տանի, բավականին լավն եմ, որպեսզի հասկացնեմ որդուս, որ ցանկացած կենսական դժվարությունների դեպքում նա կարող է իրեն բարձրունքում զգալ։ Ինչո՞ւ։ Որովհետև գիտակցում եմ, թե ինչ ազդեցություն է ունենում հայրը երեխայի կյանքի և ինքնավստահության վրա։ Ես հասկանում եմ, որ ինչ էլ ես անեմ ու ասեմ որդուս, կկլանվի նրա կողմից սպունգի պես՝ ի օգուտ կամ էլ ի վնաս։ Միայն մի բան չեմ հասկանում՝ ինչպե՞ս դա չեն գիտակցում այլ հայրերը։
Հայրե՛ր, արդյո՞ք լուսավորվում են ձեր դեմքերը, երբ առավոտյան կամ էլ աշխատանքից վերադառնալիս տեսնում եք ձեր երեխային։ Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր զավակների բարոյական արժեքները կառուցվում են բացառապես նրա վրա, թե ինչ են տեսնում նրանք ձեր դեմքերին։
Հասկանո՞ւմ եք արդյոք, որ երեխան համարում է իրեն հենց այնպիսին, ինչպես դուք եք նրան կոչում, որ մարդիկ շատ հաճախ սկսում են համապատասխանել հենց այն պիտակներին, որոնք իրենց են կպցնում։ Որքա՞ն հաճախ եք դուք երեխայում ասում. «Դա ամենահիմար բանն է, որ կարելի է մտածել», «Դա ամենաանհեթեթ արարքն է, որը կարելի է անել»… Դուք հավատո՞ւմ եք այն բանին, որ ձեր երեխան հիմար է։ Որովհետև նա արդեն հավատացել է դրան, բրավո՜։ Մտածեք այս մասին։
Հայրե՛ր, մի՞թե դուք կարծում եք, որ ինչ-որ մեկը կհավատա նրան, որ դուք չեք կարող գոնե մի 20 րոպեով կտրվել համակարգչից կամ էլ հեռուստացույցից, որպեսզի խաղաք ձեր երեխայի հետ։ Մի՞թե դուք չեք գիտակցում, որ երեխաների վստահության մակարդակը ծնողների հանդեպ ամբողջովին կախված է նրանից՝ խաղո՞ւմ են արդյոք նրանք իրենց հետ ու որքանով են նրանք ներգրավված խաղային պրոցեսսի մեջ։ Գիտակցո՞ւմ եք արդյոք այն վնասը, որը դուք պատճառում եք երեխաներին՝ նրանց հետ ամեն օր խաղ չանելով։
Դուք համարում եք, որ ինչ-որ մեկը կհավատա այդ հիմար ու էժան արդարացմա՞նը, որ զայրույթը երբեմն ու նույնիսկ հաճախ անհրաժեշտ է դաստիարակության պրոցեսում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ զայրույթը գրեթե միշտ այն մարդկանց հատուկ էմոցիան է, ովքեր ուզում են կառավարել այլոց՝ ի վիճակի չլինելով կառավարել նույնիսկ իրենք իրենց։ Դուք գիտե՞ք, որ գոյություն ունել հիանալի խաղեր ու ամբողջական կուրսեր, որոնք կարող են ձեզ ավելին սովորեցնել։ Ու որ ամենակարևորն է՝ նկատո՞ւմ եք արդյոք, թե ինչ արագ է կոտրվում երեխան, կամ էլ դուրս գալիս ենթակայության տակից, եթե ընտանիքում գերակայում է զայրույթը։
Դուք այնքան եք չորացել ու դադարել զգալ մանկական հոգին, որ անգամ ընկճված չեք զգում ձեզ, երբ նրանք վեր են թռնում կամ էլ կծկվում են ձեր ներկայությունից։ Արդյո՞ք դա միակ բանն է, որ դուք ցանկանում եք՝ որ նրանք անխոս ենթարկվեն ձեզ ու վախենան ձեզանից։
Դուք չե՞ք հասկանում, թե ինչ կապ է առաջանում, երբ դուք շոյում եք ձեր բալիկի մեջքը կամ փորը, երբ նրան պառկեցնում եք քնելու։ Արթնացե՛ք, հայրեր։ Այդ անկրկնելի թանկարժեք հոգիները վստահված են ձեր հոգածությանն ու ամեն ինչ շատ նրբորեն զգում են։ Ամեն բան, որ դուք կասեք նրանց կամ էլ չեք ասի, կարտահայտվի նրանց ունակությունների, հաջողության ու հետագա կյանքում հաջողության վրա։
Մի՞թե դուք չեք հասկանում, որ երեխաներն անելու են սխալներ ու շա՜տ սխալներ։ Մի՞թե դուք չեք գիտակցում վնասը, որը պատճառում եք՝ ամեն անգամ մատ թափ տալով երեխայի քթի առաջ, ամեն անգամ, երբ նա սխալվում է ու ինչ-որ ձախողում է ունում։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հեշտ է նսեմացնել երեխային։ Նույնքան հեշտ, ինչքան ասել. «Այս ի՞նչ ես արել, հիմարի մեկը», կամ էլ «Հիմար, քանի՞ անգամ կարելի է նույն բանը քեզ ասել…»
Թույլ տվեք հարցնել. դուք ստիպված եղե՞լ եք տեսնել այն ծնողների՝ արցունքներից ուռած աչքերը, ում երեխան հենց նոր մահացել է։
Իսկ ես տեսել եմ։
Դուք երբևիցե հեկեկացե՞լ եք երեխայի թաղման ժամանակ։
Ես հեկեկացել եմ։
Դուք երբևիցե դիպե՞լ եք, փայտե այդ արկղին, որի մեջ երեխան է հանգչում։ Երեխան, ում ծիծաղի ձայնը էլ երբեք չեք լսի։
Ես դիպչել եմ ու աղոթում եմ Աստծուն, որ էլ երբեք ու ոչ ոք ստիպված չլինի դա անել։
Հայրե՛ր. եկել է ժամանակը երեխաներին ասելու, որ սիրում եք իրենց, ու պետք է դա ասել պարբերաբար։ Եկել է ժամանակն ուրախանալու նրանց օրական 20000 հարցերին ու նրանց ունակությանը՝ ամեն ինչ ձեր ուզածի պես արագ չանելուն, նրանց դեմքերի արտահայտություններին ու բառերը սխալ արտասանելուն, ժամանակը՝ ուրախանալու այն ամենի համար, ինչ անում են երեխաները…
Եկել է ժամանակը, որ ինքներդ ձեզ հարցնեք. «Ի՞նչ կարող եմ անել ես, որպեսզի լավ հայր լինեմ»։ Որոշեք առաջնահերթություններն ու իսկապես դարձեք ամենալավը։
Իսկը ժամանակն է սեփական օրինակով ցույց տալ ձեր որդիներին, թե ինչպես է պետք վերաբերվել կնոջը, իսկ դստերը՝ ցույց տալ, թե ինչ վերաբերմունք է պետք ակնկալել տղամարդուց։ Ժամանակն է դրսևորել մեծահոգություն, կարեկցանք ու փոխապրում։ Իսկը ժամանակն է սեփական օրինակով, այլ ոչ թե խոսքով երեխաներին ցույց տալու, թե ինչ է առողջ ապրելակերպն ու ճիշտ սոցիալական նորմաները։ Ժամանակն է հասկանալ, որ «տղամարդ աղջիկ» ու «ղզիկ տղա» եզրույթներն աննորմալ են։ Երեխաներն իրենց կարծիքներն ու նախասիրություններն ունեն, ու պետք չէ նրանց կարծրատիպեր թելադրել։
Հայրե՛ր, ավելի մեղմ խոսեք ձեր որդիների հետ։ Ավելի զուսպ խոսեք ձեր դստրերի հետ։ Ի՞նչ եք դուք ցանկանում ձեր երեխաների համար. որ նա դպրոցում ընկերներ չունենա՞, հարգանք սեփական անձի հանդեպ չունենա՞, թե՞ որ նրան դասարանի ավագ ընտրեն, ու նա զգա, որ նա ավելիին է արժանի։ Մի՞թե մենք չենք տեսնում, որ երեխաներին դա տալը մեր ուժերի սահմանում է։ Մի՞թե մենք չենք հասկանում, որ կարող ենք մեր երեխաներին սոցիալական գոյատևման համար անհրաժեշտ գործիքներ տալ։
Ու մի՞թե մենք չենք տեսնում, թե ինչ ազդեցություն ենք ունենում երեխաների վրա, երբ ասում ենք, որ հավատում ենք մի մի բանի, իսկ անում ենք այլ բան, երբ այդքան քիչ ենք օգնում երեխաներին ընտրություն անել, իրենց տեսակետով կիսվել ու ապրել՝ համաձայն սեփական սկզբունքների։ Մենք չենք, որ պետք է ասենք, թե ինչ մտածեն։ Մենք կարող ենք օգնել նրանց մտածել ճիշտ։ Ու եթե մենք անենք դա, կարող ենք այլևս չանհանգստանալ, թե ինչ ընտրություն կանեն նրանք իրենց համար ու որքանով վճռական կլինեն նրանք այդ ընտրությունը պաշտպանելու։ Մարդը հավատարիմ է մնում իր համոզմունքներին իր ողջ կյանքի ընթացքում, իսկ ուրիշի համոզմունքներին, քանի դեռ չի վառվել դրանց պատճառով։
Գրողը տանի, հայրե՛ր։ Յուրաքանչյուր երեխա ունի բնածին իրավունք՝ պաղպաղակ ուզելու ու դրա համար նվաստացված չլինելու։ Յուրաքանչյուր երեխա բնածին իրավունք ունի՝ պաղպաղակ ուզելու ու ինչ-որ անկյունում վախվորած չկծկվելու, քանի որ մարդը, ով պետք է լինի նրա հերոսը, իրականում մանր մարդուկ է։ Յուրաքանչյուր երեխա բնածին իրավունք ունի երջանիկ լինելու, ծիծաղալու, զվարճանալու ու խաղ անելու։ Ինչո՞ւ դուք թույլ չեք տալիս անել այդ ամենը։ Բոլոր երեխաներն իրավունք ունեն հայր ունենալու, որը սկզբում մտածում է, հետո նոր խոսում, հայր, ով հասկանում, թե ինչ մեծ իշխանություն է իրեն տրված՝ ձևավորելու այլ մարդու կյանքը, հայր, ով սիրում է իր երեխային ավելի շատ, քան իր փասա-փուսեն, հայր, ով սիրում է իր երեխային ավելի շատ, քան սեփական ժամանակը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է սուպերհերոս-հայրիկ ունենալ։
Հնարավոր է, որ ճշմարտությունը նրանում է, որ ոչ ամեն հայր է արժանի երեխա ունենալու։
Հնարավոր է, որ ճշմարտությունը նրանում է, որ շատ հայրեր իրականում այդպիսին չեն էլ հանդիսանում։
Ներողություն եմ խնդրում արտահայտություններիս մեջ թույլ տրված կոպտության համար։ Երևի իմ ինչ-որ մի մասնիկ իրեն վախկոտ է զգում, որ ոչինչ չասեցի խանութի հերթում այդ մարդուն։ Թող սա լինի իմ ապաշխարհանքը։ Երևի իմ մի մասնիկը զգում է, որ եթե գեթ մեկ հայր կարդա իմ տեքստն ու որոշի ավելի լավը դառնալ, եթե գեթ մեկ երեխայի կյանքն էապես լավանա, քանի որ իմ բառերը դիպել են նրա հոր սրտին, ապա այս հոդվածը գրելու համար ծախսածս ժամանակի ոչ մի վայրկյան իզուր չեմ ծախսել։



