Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ ՀարությունյանըՑավով ու խորը կսկիծով հայտնում եմ, որ կյանքի 72-րդ տարում, կարճատև հիվանդությունից հետո վախճանվեց դերասան, ասմունքող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Գրիգորի Հարությունյանը։
Դեռևս 1968 թվականին Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետի ավարտական դիպլոմային դերակատարումները Անդրանիկն ստիպված էր զուգակցել Երևանի նորաստեղծ դրամատիկ թատրոնի ստեղծագործական փորձերին, քանի որ Հրաչյա Ղափլանյանը, խորաթափանց արվեստագետի պայծառատեսությամբ, դեռևս ուսումը չավարտած երիտասարդին հրավիրել էր թատրոն և վստահել գլխավոր դերեր:
Շնորհիվ բնատուր ձիրքի և ստեղծագործական վառ երևակայության` Ա. Հարությունյանը մեկը մյուսի ետևից ստեղծեց կյանքային ճշմարտացիությամբ առլի կերպարներ` Սարո («Անուշ»), Բոբբի («Գիշերային պատմություն»), Նարեկ («Մենք, նրանք և մյուսները»), Ռիչմոնդ («Ռիչարդ երրորդ»), Էդվարդ թագավոր («Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը»), Նեսսի («Կոտորածն մանկանց»), անձնավորումներ, որոնցով դերասանը թափանցեց ծանոթ ու մտերիմ հանդիսատեսի հոգու գաղտնարանները` հաստատելով իր տեղը բեմարվեստում:
Հարությունյան-արվեստագետն իր ուրույն տեղն ուներ նաև հեռուստատեսային և ռադիոթատրոններում, հատկապես Սարոյանի («Հայը և հայը»), Գուլոյանի («Սպիտակ դրոշներ»), Հուրոնցի («Շաբաթվա ութերորդ օրը»), Բաբբիի («Խենթացած մի գնա») հեռուստատեսային և Թեհլերյանի («Ոտքի, դատարանն է գալիս»), Հեղինակի («Խմբապետ Շավարշ»), Չոլոյի («Ռանչպարների կանչը») ռադիոդերակատարումներով, որոնք բարություն են սփռել, ջերմացրել են հանդիսատեսին և ունկնդրին, հոգևոր դաշինքով կարմջել մեր ժողովրդի հին ու նոր սերունդներին: 
Ա. Հարությունյանին հոգեհարազատ էր հայ պոեզիան: Նա յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել Չարենցին, Հովհ. Թումանյանին, Համո Սահյանին, Պարույր Սևակին, Վահագն Դավթյանին, Գևորգ Էմինին:
2005 թվականին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունը նախաձեռնությամբ նկարարահանվեց «Անդրանիկ» ֆիլմ-ներկայացումը, որտեղ գլխավոր դերը վստահված էր Ա. Հարությունյանին: Նոր մարմնավորումը եղավ հայ պանդուխտի դարավոր կանչի և հայի ոգու նոր զարթոնքի խորհրդանիշը:
Վերջին տարիներին նրա բեմական կյանքին նոր լիցք ու եռանդ էր պարգևել Մայր թատրոնը՝ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը։
2007 թվականին վաստակաշատ արվեստագետին շնորհվեց Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Դեռ երկար-երկար կուղեկցի մեզ Անդրանիկ Հարությունյանի, մեր հոգու ընկերոջ, բեմի նվիրյալի, ընտանիքի սիրելի հոր հիշատակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել