Հայաստա՞ն: Օ՜, ներեցեք, չեմ լսել…168.am–ը գրում է.

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին ուղղված հայ երիտասարդի հարցը, թե ի՞նչ է պատրաստվում անել սոցիալական այս ցանցը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, քանի որ «անկախ ազգությունից՝ յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի և դատապարտի 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կատարած բոլոր ոճիրները», սոցցանցում քննարկման նյութ դարձավ: Շատ օգտատերեր հավաստեցին իրենց հարգանքը հարց տված երիտասարդին և ծաղր ու սրամտություններ շռայլեցին հարցին լռությամբ պատասխանած Ցուկերբերգի հասցեին: Իսկ եթե մեզ՝ հայերիս, օտարերկրացիները հարց տան՝ ի՞նչ օր է ձեզ համար ապրիլի 7-ը: Մենք անմիջապես կպատասխանենք՝ Մայրության և գեղեցկության օրը: Հարց տվողները գլուխները բացասաբար կօրորեն՝ «Չէ՛, ուրի՛շ օր է»: Այդ օրը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության օրն է: Երբ 1994 թ., այսինքն՝ 20-րդ դարի ավարտին, Եվրոպայի, Արևմուտքի, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, ՄԱԿ-ի անգործությամբ, մոտ մեկ միլիոն մարդ կոտորվեց, ենթարկվեց անմարդկային կտտանքների, մեկ միլիոն մարդ բռնեց գաղթի ճամփան: Գիտե՞նք, հիշո՞ւմ ենք նման բան: Ոչ միայն չենք հիշում, այլև այնքան էլ լավ չենք պատկերացնում Ռուանդայի տեղը երկրագնդի վրա: Ճիշտ այնպես, ինչպես, երբ արտասահմանում որևէ մեկին հարցնում ենք հայերի, Հայաստանի մասին, բարեկրթորեն ժպտում է.«Ներեցեք, չգիտեմ»: Արդեն 21-րդ դարում, հենց այս տարվա օգոստոսին, Իրաքի հյուսիսային շրջաններում ցեղասպանություն իրականացվեց եզդիների հանդեպ: Սա ձեզ համար 20-րդ դարասկիզբը չէ, երբ լուրը տեղից տեղ հասնում էր օրերի, ամիսների ընթացքում: Հաճախ՝ չէր էլ հասնում: Եզդի ժողովրդի ցեղասպանությունը ֆիքսել են բազմաթիվ տեսախցիկներ, այն գրեթե ցուցադրվել է օն-լայն ռեժիմով: Այսինքն՝ աշխարհն անմիջապես է իմացել է, որ, այսպես ու այսպես, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ոչնչացնում են եզդիներին: Սակայն պարզվեց, որ, ինչպես 1915-ին, 21-րդ դարում ևս աշխարհի հզոր պետությունները, միջազգային կառույցները ոչ միայն ի վիճակի չեղան պաշտպանել եզդի ժողովրդին, այլ որոշ դեպքերում, ինչպես մասնագետներն են պնդում, զենք չտրամադրվեց նույնիսկ նրանց ինքնապաշտպանության համար: Ու բոլորս հեռուստատեսությամբ տեսանք Հայոց ցեղասպանությունը հիշեցնող կադրեր՝ գլխատված, հոշոտված մարմիններ, սարսափած հայացքներով երեխաներ ու կանայք: Ի տարբերություն Ռուանդայում ցեղասպանության ենթարկված թութսիների, որոնց մասին շատերն անգամ չեն էլ լսել, եզդիներ ապրում են մեր հանրապետությունում, մեր կողքին: Հարյուր-հազարավոր հայեր փողոց դուրս չեկան ու աշխարհից չպահանջեցին պաշտպանել եզդիներին ցեղասպանությունից: ՀՀ կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի շենքի մոտ եզդիները բողոքի փոքրիկ, կարելի է ասել՝ կամերային, ցույց կազմակերպեցին: Հեռուստացույցով ցուցադրվող կադրերն անգամ ոմանց աչքից ժլատ արցունք քամեցին: Ցեղասպանություն տեսած ժողովուրդը, որպիսին մենք մեզ կոչում ենք, գործողությունների, աշխարհընկալման լրիվ այլ փիլիսոփայություն պիտի ունենար: Կարեկցանք ու սատարում բոլոր նրանց, այն ժողովուրդներին, որոնք այսօր, 21-րդ դարում ցեղասպանության վտանգի առաջ են: Հիմա՝ մենք ազգությամբ հրեա երիտասարդից՝ Մարկ Ցուկերբերգից, հետաքրքրվում ենք, թե ինչ է նա պատրաստվում կազմակերպել իր հիմնադրած Ֆեյսբուքում: Եթե, դիցուք, ապրիլի 7-ին, բոլորս մեր ֆբ էջերում անդրադառնանք 1994-ին տեղի ունեցած Ռուանդայի ցեղասպանությանը, եթե գիշեր-ցերեկ փորձենք ինչ-որ ձևով՝ քաղաքական հայտարարությամբ, դիվանագիտական խողովակներով, մեր զորակցությունը հայտնել եզդի ժողովրդին, գուցե և բարոյական իրավունք կունենանք նաև Ցուկեռբերգի նման տղայից ակնկալել քայլեր Ապրիլի 24-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել