Բուլղարիա – Հայաստան խաղից հետո մտածում էինք, թե արդյոք արժե կարծիք հայտնել խաղի վերաբերյալ: Եկանք այն եզրահանգման, որ ոչ: Գոնե մենք լռենք, որովհետև բոլորը խոսում են, որովհետև նպատակը խոսելն է, նպատակը մեղավոր փնտրելն է. մեր ազգին և, մասնավորապես, ֆուտբոլային հանրությանը հատկանշական բնորոշիչ է, որ առաջինը մեղավոր փնտրում և գտնում են հենց մեղավորները: Ցավալի է, բայց փաստ:

Շատերը տեղյակ են մեր համագործակցության մասին ռուս վերլուծաբան Պյոտր Չուլկովի հետ, ով համաձայնեց վերլուծել մեր թիմի և նրա մրցակիցների խաղերը և հայտնել իր կարծիքը տեսածի վերաբերյալ: Մալթա – Հայաստան խաղից հետո նրա տված գնահատականները, որոնք մեծամասամբ վերաբերում էին մեր հավաքականի թերի կողմերին, շատերի կողմից սվիններով ընդունվեցին: Ցավով ենք նշում, բայց փաստ է, որ այդ գնահատականներից և ոչ մեկը չի դիմանում քննադատության: Եվ ցավոք սրտի Չուլկովի տեսակետները հիմնավորել կարելի է նաև Բուլղարիա – Հայաստան խաղով: Բայց այսօր այդ մասին չէ, որ ցանկանում ենք խոսել: Եկեք մի կողմ թողնենք մեր հավաքականը, փորձենք հասկանալ ինքներս մեզ` հավաքականի երկրպագուներիս. որտե՞ղ ենք սխալվում, որտե՞ղ ենք մեղավոր հավաքականի պարտություններում և ի՞նչ կարող ենք անել:

Հայաստան - Բոսնիա խաղը հիշո՞ւմ եք. «Նեմե´ց, հեռացի´ր», «Վարդա´ն, հեռացի´ր» արտահայտությունները, որ գոռում էինք: Հիշու՞մ եք: Նույնքան անկեղծ էինք գոռում, որքան անկեղծ ուրախանում էինք վերջին հաղթանակներից, ու եթե այդ ժամանակ մեկը գոռար «Վարդա´ն, հեռացի´ր», կմտածեինք, որ այդ մարդը հոգեկան հիվանդ է, չէ՞:

2 խաղ իրար հետևից հավաքականը ցուցադրում է դժգույն խաղ, ու մենք կրկին պատրաստ ենք գոռալ «Վարդա´ն, հեռացի´ր» կամ գոնե «մի հեռացիր, բայց սենց խաղա, նենց խաղա», «սրան մի դիր սաստավ»...

Ինչու՞ պարտվեց հավաքականը. կարմիր քարտե՞ր, «վատ» մրցավարությու՞ն.....

Թե չէ հելնելու էինք մոՌթեինք, չէ՞: Ի՞նչ եք կարծում` մենք էլ չե՞նք մեղավոր: Մենակ նրանով, որ տեսել ենք մի քանի հաղթանակ ու մտածում ենք, որ վերջ, սենց պետք ա լինի: Որ տղերքը սրանից հետո Սլովակիայի կարգի թիմերին գոնե մի 4 հատ կխփեն, դե մի հատ Յուրան, մի հատ Հենոն, մի հատ Գևը, մի հատ էլ տենց խաղի վերջերում Սարկիսովը: Հենոն էլ չխփի, Արազը կխփի, դե Արազն էլ չխփի, Մարկոսը հա կա ու կա: Մի խոսքով «ստոպռացենտ» կրած ենք:

Էդպես էինք չէ՞ մտածում, ասենք, Ղազախստանի հետ խաղից հետո:  Բա հիմա՞: Հիմա ո՞նց ենք մտածում...

Մենք ամեն ինչ գիտենք, որովհետև կարող ենք բացատրել թե´ պարտությունը (Մինասյանը վատ մարզիչ ա, Հենոն, Յուրան կամ մնացածը վատ են խաղում), թե´ հաղթանակը (Մինասյանը «ցենտր» մարզիչ ա, Հենոն, Յուրան «իսպալնյատ» են անում): Ու քանի որ մենք գիտենք պատճառները, մեր պարտականությունն ենք համարում մեր «հզոր» մտքերը հայտնել ի լուր աշխարհի, որ ով չգիտի` իմանա, հավաքականի մարզիչները կամ խաղացողներն էլ «ֆայմեն»` ինչ պետք ա անել: Բայց կա մի հատ «հլը չճշտված վերսիա»` իրենք հավաքականի մարզիչներ ու ֆուտբոլիստներ են մենակ նրա համար, որ գոնե մեր չափ հասկանում են ֆուտբոլից ու գիտեն ոնց գնդակ «տշեն», կամ կարող ա դաժե մի քիչ էլ շատ են հասկանոմ: Սա դեռ մի կողմ, մենք պատրաստ չենք պարտության, մենք պատրաստ չենք դժվարությունների, որովհետև հաղթելուց ասում ենք «կրինք», պարտվելուց ասում ենք «էլի դրանք կրվան արա»:

Ժողովո´ւրդ, Հայաստանի հավաքականին էդպես երկրպագել չի կարելի մենակ էն պատճառով, որ էդ «Փյունիկ»-ը չի, «Բարսելոնա»-ն կամ «Ռեալ»-ը չի,  էդ Հայաստանի հավաքականն ա` մեր երկրի ֆուտբոլային դեմքն ա: Եթե դուք այնքան ցավ չեք ապրում պարտությունից, որքան ուրախանում եք հաղթանակից, ի սեր Աստծո, գնացե´ք «Բարսելոնա» երկրպագելու. էս թիմն ուրեմն ձերը չի: Եթե դուք էդ թիմի մասնիկ հանդիսացող յուրաքանչյուր խաղացողի, անկախ նրանից` ինչքան վատն ա, ինչ սխալ գործեց, չեք համարում ձերը ու որպես օտարի եք քննադատում… միգուցե «Ռեա՞լ»:

Ու՞ր էիք, երբ Հենկ Վիսմանի ժամանակ խաղը դեռ չսկսած մտածում էինք, թե երբ պիտի ավարտվի: Ու՞ր էիք, երբ մարզադաշտում նստած հույս չունեինք, որ ավելին ենք ունենալու: Եթե մոռացել եք, անպայման հիշեք` որտեղ եք եղել, որովհետև էլի հետ եք գնալու այնտեղ, հենց եղավ անհաջողություն, հենց էլ էդ ֆուտբոլիստի մարզաշապիկները մոդա չլինեն...

Football Club

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել