Երբ առաքեալներն ուղարկուեցին քարոզելու քրիստոնէութիւնը, այդ գործընթացը քաոտիկ չէր. ամէն մէկը մի տեղ գնաց՝ քարոզելու: Մեզ մօտ եկան երկու առաքեալներ` Ս. Թադէոսն ու Ս. Բարդուղիմէոսը, եւ հիմնեցին քրիստոնէական եկեղեցի, որ եւ առ այսօր կոչւում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի: Եթէ Աստուած կամեցաւ իր առաքեալների հաստատած եկեղեցու միջոցով քրիստոնէութեան բերել նաեւ հայ ազգին, ինչի՞ համար է անհրաժեշտ վերջին տասնամեակներում նոյն ազգը նորովի «դարձնել քրիստոնեայ»` նրան հեռացնելով դարերով ի վեր խնամքով աւանդուած եւ աչքի բիբի պէս փայփայուած քրիստոնեական սկզբունքներից ու առաքելահաստատ եկեղեցու ուղղադաւան ուսուցումներից, ինչպէս դա յաւակնում են անել բազմաթիւ աղանդներ` բողոքական «յարանուանութիւններ»-ի անուան տակ...
Աղանդաւորների արածը ոչ մի կապ չունի ո՛չ առաքեալների գործունէութեան, ո՛չ էլ Քրիստոսի վարդապետութեան հետ: Նրանց նպատակը չար է, որքան էլ որ չքմեղանան ճարտար լեզուներով եւ «քոյր ու եղբայր» յորջորջուելով: Նրանք իրականացնում են նեռի ծրագիրը` իրենց միւս գործակիցների հետ համատեղ ուժերով:
Քրիստոսի անունը տալը դեռ բաւարար չէ քրիստոնեայ լինելու համար: Քրիստոնեայ կոչուելու իրաւունք չունի նա, ով յամառօրէն ու շարունակաբար ջանքեր է գործադրում քանդելու Քրիստոսի հիմնած Եկեղեցին: Սակայն դա նրանց չի յաջողուելու, ինչպէս Տէրն Աւետարանում ասաց. «Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն պիտի չյաղթահարեն» (Մատթ. ԺԶ. 17)...
Ինչո՞ւ է պէտք եւ ո՞ւմ է ձեռնտու ազգի պառակտումն ու հաւատքի բզկտումը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել