Տիկնիկը
Մարդը ծնվում է կյանքի առաջին իսկ օրերից երջանիկ լինելու համար: Բայց… Իր կյանքի առաջին իսկ վայրկյանից հարված է ուտում հետույքին` բղավելու համար: Հետո բարուրում են ձեռքերն ու ոտքերը` սահմանափակելով շարժումները: Եվ, երբ մայրական կաթը չի բավարարում, ստիպում են հանդիպել առաջին ստին` բերանն են խցկում ռետինե ծծակն ու ասում` կե´ր, ապրի´ր երջանիկ, մեծացի´ր, ստեղծագործի´ր: Կյանքի պատերազմում հարկավոր է համբերությամբ սպասել, երբ Կյանքն ինքը կհպվի քեզ անհրաժեշտ պահին` նուրբ ու հաճելի… Փորձի´ր զգալ Նրան` լեզվի ծայրով, շուրթերով: Եթե ոչինչ չստացվի, փորձի´ր մատներիդ բարձիկներով հպվել… Սկզբից կզգաս հեռավոր կայծակի պայթյուն, հետո` ասես աշնան տերևների լուռ սոսափյուն, իսկ վերջնականապես` տաք մի զեփյուռի գրկում կմոռանաս ամե~ն- ամե~ն ինչ… Հեռվից կլսես քեզ կանչող մի երաժշտություն ու կգնաս…
* * *
Վեր կացավ անկողնուց: Բնակարանը սառն էր: Անհրապույր: Սեփական պաշտոնական իրավունքներին ձեռնահաս ձմեռը ջանասիրաբար կատարում էր իր ցուրտ գործը: Խալաթը գցեց վրան, փորձեց գնալ խոհանոց՝ սուրճ եփելու, բայց մի պահ կանգ առավ… Ձմեռն իր սառը ձեռքը մտցրեց ծոցը, սառցե մատներով շոյեց կրծքերն ու փորձեց իջնել ավելի ներքև… … Արդեն մեկ տարի կլինի, ինչ իրեն չեն շոյել, չեն սիրել տղամարդկային ձեռքեր: Ամուսին կոչվածը, ինչ բանտից ազատվել, տուն է եկել միշտ կա´մ հարբած է, կա´մ` ինչ-որ դեղերի ազդեցության տակ: Դե, հո ինքն էլ քարից չէ՞, դեռ երեսուն տարեկան չկա: Բայց ի՞նչ անի… <Թքա´ծ, կդիմանամ>,- մտածեց ու խալաթով ավելի ամուր փաթաթվեց: Պահարաններում սուրճ կամ շաքարավազ գտնելու բոլոր փորձերն անցան ապարդյուն: <Էլի ընկերներով հավաքվել են ու…>: Հարկավոր է խանութ գնալ: Հազար դրամ կա, կհերիքի սուրճի ու շաքարավազի: Գտավ ծխախոտի մի կիսատ տուփ: <Ամեն ինչ մաքրել են մորեխների նման: Ինչպե~ս եմ զզվում այս կյանքից: Ո՞ր մեղքիս համար…Վաղը Նոր տարի է, տունը` դատարկ, մի կոպեկ փող չկա: Ո՞ւր հասա ես…>: Հիշեց հոր խոսքերը. - Ի՞նչ գործ ունես այդ ավարայի հետ: Քեզ քանի անգամ եմ ասել` տուն մի´ բեր դրան: Նրա համար մի տիկնիկ ես, որի հետ միառժամանակ խաղալուց կարող է հոգնել ու շպրտել մի կողմ: - Պա´պ, սիրում եմ, ի՞նչ անեմ: Դե, չի ստացվել կյանքը: Ի՞նչ է, պետք է անպայման բարձրագո՞ւյն ունենա… - Բարձրագույնն ի՞նչ կապ ունի: Դա նորմալ մարդ չէ, չե՞ս զգում: Աչքերը` ապակյա, ոչինչ չարտահայտող: Կարդացած միակ գիրքն էլ` <Սպանված աղավնին> է: Այն էլ, հիշում է, որ տատն է կարդացել իր համար: Իսկ հիշո՞ւմ ես` ինձ ինչ ասաց: Է~խ, Անի~, Անի~, շատ ես հիշելու ինձ… Իհարկե, հիշում է, այն էլ` ինչպես: Վառեց ծխախոտն ու մոտեցավ պատուհանին: Ձյուն էր գալիս:
* * *
Կյանքը միշտ լի է անակնկալներով, հատկապես բացասական և միայն հանրահայտ նկարի քառակուսում չէ սև գույնը գերիշխող՝ այլ նաև կյանքում: Ուղղակի պետք է հիշել, որ սևից հետո անպայման սպիտակն է գալիս, հետո նորից սև, նորից սպիտակ….. Պետք է կյանքի անկյունագծով քայլել, որ անընդհատ լինի սպիտակ, բայց միթե դա հնարավոր է:
* * *
Շենքի տակ գտնվող խանութում իրեն լավ են ճանաչում: Արդեն քանի տարի է, ինչ այստեղից է առևտուր անում: Առևտուր: Առածն ի՞նչ է որ` հաց, մի քիչ երշիկ կամ պանիր, ծխախոտ, սուրճ, մի քիչ շաքարավազ: Իրեն հաճախ թույլ է տալիս որոշ ապրանքներ թաքցնել պայուսակում կամ շորի տակ: Այլ կերպ հնարավոր չէ ապրել: Անվտանգության աշխատակիցները երբեք չեն ստուգում: Նրանցից մեկն էլ տակի հարևանն է` իր հոր ուսանողներից: Մոտեցավ դրամարկղին: - Սեդա´ ջան, հաշվի´ր, սուրճ… - Երեք հազար պետք է ավելացնեմ: Երեկ Գագոն` ամուսինդ օղի և պահածոներ է վերցրել: - Բայց մոտս չկա: Մի ուրիշ անգամ կտամ: Ինչո՞ւ եք սպասարկել: Չէ՞ որ զգուշացրել էի: - Մի այնպիսի տուրուդմբոց սարքեց, որ… Ձեր ներքևի հարևանին էլ, որ մեզ մոտ է աշխատում, ծեծեց, ատամները ջարդեց ու փախավ: Գիտե´ս, որ հաճախ լռել եմ: Բայց հիմա տեսախցիկներ են տեղադրել, արդեն երկու օր է… - Ի՞նչ տեսախցիկներ, - կարծես սառը ջուր լցրեցին վրան: - Լա´վ, գնա´, մի ուրիշ անգամ կվճարես: Խանութից դուրս չեկած` մոտեցավ անվտանգության աշխատակիցը: Նոր էր: - Ձեզ խնդրում եմ անցնել այս սենյակ,- ձեռքով ցույց տվեց կողքի դուռը: - Ի՞նչ է եղել: Ահա´ իմ կտրոնը, ես… - Գիտեմ, անցե´ք, խնդրում եմ: Պե´տք չէ աղմուկ բարձրացնել: Ձեր օգտին չէ: Սենյակը դատարկ էր: Մի սեղան էր` վրան համակարգիչ, մի բազկաթոռ: - Դատարկե´ք պայուսակը, խնդրեմ, թե՞ համակարգչով ցույց տամ Ձեր առևտուրը: Պայուսակից դուրս եկավ ձեթի մի շիշ, կարմիր գինու մի շիշ, երկու փաթեթ` խոզապուխտով և բաստուրմայով… - Վե՞րջ - հարցրեց աշխատակիցը: - Վերջ: Մոռացել էի ցույց տալ դրամարկղում, – գլուխը կախ պատասխանեց ու զգաց, որ ականջներն այրվում են: - Վերարկուի կոճակնե´րն էլ բացեք: - Ձեզ պետք է, դուք էլ բացեք: Տղամարդը մոտեցավ, դանդաղ քանդեց կոճակները, ձեռքով շոշափեց թևի տակ թաքցրած շամպայնի շիշը, վերցրեց դրեց սեղանին: Նորից մոտեցավ Անիին: Ուղիղ աչքերի մեջ նայելով` հարցրեց: - Շարունակե՞մ, թե ոստիկանություն զանգեմ: Ես գիտեմ` ինչ է դուրս գալու և քանի հատ: Ձայն չհանեց ամոթից: Տղամարդու ձեռքերն սկսեցին շոշափել մարմինը` կոնքերից սկսած: Երբ ձեռքերը հասան կրծքերին, աչքերը փակեց: Նույնիսկ այդ դրության մեջ զգաց, թե ինչքան հաճելի է այդ շփումը: Ոտքերը թուլացան, հայտնվեց տղամարդու ձեռքերի մեջ: Տղամարդը մի կերպ տեղավորեց նրան բազկաթոռին: Հետո , ասես երազում, տեսավ, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը նորից տեղավորում ապրանքները պայուսակում: - Կարող ես գնալ, բայց այս խանութ է´լ չմտնես: Կարգին կին ես երևում, ամոթ չէ՞: Ի՞նձ էլ չես հիշում: Անին ուշադիր նայեց նրան: Չէ՛, չի հիշում: Ամոթի կարմիր գույնը երևի դեռ չէր լքել իր երեսը, որը տարուբերվեց աջ ու ձախ: - Ձեր դասարանի Մուննաթն եմ` Վարդանը, հիշեցի՞ր: Անին ժպտաց: Իր դպրոցական սերն էր:
* * *
Ձյունը, որ նման չէր ձյան, այլ մոխրագույն, թեթև մոխրի փաթիլների, իջնում էր դանդաղ: Ձյունը փափուկ չէր, խավոտ էր ու դաժան: Ձյունը տոնական չէր, այլ դավադիր ու սառը, որ նստելով ուսերին ու գլխին`կապարի ծանրությամբ սեղմում էր նրան` ստիպելով մոտենալ գետնին: <Ավելի լավ էր գետինը մտնեի: Ի~նչ լավ է, որ արդեն չկաս, հա´յր: Ու ի~նչ վատ է, որ անընդհատ պտտվում ես գլխումս>:
* * *
Երբ փորձ արեց դուռը բացելու, զարմացավ: Լավ հիշում էր, թե ինչպես է բանալիով փակել: Հրեց, մտավ ներս: Միջանցքում դրեց պայուսակը, հանեց վերարկուն ու, երբ ցանկանում էր վերարկուն կախիչից կախել, լսեց. - Դե´, Գագո´ ջան, խմե´նք: Ախպե´ր, քեզնից բան չենք ուզում, բայց, դե, պարտք ես, պետք է տաս, ուրիշ ձև չկա: - Տիկո´ ջան, երկու օր էլ, ու կտամ… - Չէ´, հիմա է պետք: Կարո՞ղ է`ես ընտանիք չեմ պահում: Նոր տարի ա, բան ա, երեխեքի նվեր… - Ճիշտ ա ասում, Գա´գ: Երեք ամիս ա` ֆռռացնում ես, հո մենք թուլա չե՞նք: - Արա´, Գագո´, լսի´, ուզո՞ւմ ես, երբ Անին գա, մի ժամով մենակ թող ինձ ու իրան: Պարտքի կեսը ջրեմ, ուզո՞ւմ ես : - Տիկո´ ,հո չե՞ս ցնդել: Բա մյո´ւս կեսն ինչպե՞ս եմ տալու: Չեղա´վ, ախպե´ր: * * * Կարծես ինչ-որ մեկի ձեռքն ամուր սեղմեց սիրտը բռունցքի մեջ: Կծկվեց, ուսով հենվեց միջանցքի պահարանին: Սառույցե մի շուն սկսեց լիզել ոտքերից մինչև փորը: Կրակե մի գորտ փորձեց իրեն կուլ տալ: Բայց ինքը, գլխից մինչև գոտկատեղը սողալով, մնաց կրակե գորտի բերանում: Զգաց, որ միատեղ ապրած տարիներն իզուր են եղել: Ապրածն անիմաստ: Հիշեց. < Պապ, ինչո՞ւ եմ տիկնիկ: Սիրում եմ, ի՞նչ անեմ: Դե, չի ստացվել կյանքը …>:
* * *
Սենյակից նորից լսվեցին ձայները: - Գնացողի հետևից վատ բան չեն ասում: Լավ էլ տարի էր, օղորմի´ իրեն: Խմե´նք եկող տարվա համար: Գագոյի հասկացողությա´ն համար: Ապրե´ս, ախպե´րս , թասիբի´ մարդ ես: Լսվեցին զարկվող բաժակների ձայները, որոնք կարծես սգո ղողանջների նման լցվեցին ականջները: Աչքերի առաջ փայտե սև խաչեր էին ու գերեզմանափոսեր, որտեղից ինչ-որ մեկնված ձեռքեր կանչում էին իրեն: Ձեռքերից մեկի դաստակին մի հին ժամացույց էր` հոր սիրած ժամացույցը, որ պատերազմից էր բերել տուն: <Ամեն ինչ կտայի, կուրանայի ամեն մի սրբություն, որ այս ամենը երազ լիներ: Ամեն ինչ…>:
* * *
Առանց վերարկուի դուրս թռավ փողոց: Չհիշեց` ինչպես, ինչ կերպ հասավ գերեզմանոց: Չհիշեց `ինչպես է մոտեցել հոր գերեզմանին, ծնկել ձյան վրա, գլուխը հենել տապանաքարին ու լաց լինելուց հոգնած` քնել այդպես: Մարմնով մեկ դողում էր: Հետո հասկացավ, որ արդեն մութն ընկնում է ու մի կերպ վեր կացավ:
* * *
Շենքի տակի խանութի լույսերը վառ էին: Մոտեցավ: Խանութի տաք օդը հարվածեց դեմքին: Մարդ չէր երևում: Անվտանգության աշխատակիցների սենյակից դուրս եկավ Վարդանը: Վազելով` մոտեցավ: - Անի՞, այս ինչ օրի ես, ի՞նչ է պատահել: Անին ընկավ հատակին: Աչքերը բացեց: Բազկաթոռի մեջ էր` ծածկված պիջակով: Անտանելի ցանկություն կար ծխելու: Վեր կացավ, մոտեցավ սեղանին: Միայն կրակայրիչ էր: Իսկ համակարգչին հենած էր դեղին մազերով, պոչիկներ կապած մի փոքրիկ ժպտացող տիկնիկ: Շոյեց տիկնիկը գլուխը, ժպտաց: Վերցրեց կրակայրիչը, մոտեցավ սենյակի անկյունի աղբամանին: Ձեռքով փնտրեց, գտավ մի կիսատ, հանգցրած ծխախոտ, վառեց: <Ի՞նչ է կատարվում: Ես` կենսաբանական գիտությունների թեկնածուս, որ օրինակ եմ եղել Համալսարանի շատ ու շատ աշխատակիցների համար, այսօր…> Ներս մտավ Վարդանը. - Արթնացա՞ր: Հարձակվե՞լ են վրադ, ո՞ւր է վերարկուդ, ի՞նչ է տեսքդ: Անի´, ի՞նչ է տեղի ունենում, ես քեզ չեմ ճանաչում… Վազելով` մոտեցավ, ձեռքերով փաթաթվեց Վարդանի պարանոցին: Սկսեց համբուրել խելակորույս` այտերը, շուրթերը… - Սիրի´ր ինձ, խնդրո´ւմ եմ, սիրի´ր: Ես մահանում եմ, հասկանո՞ւմ ես : Սիրի´ր, ինչպես կամենում ես: Մա՞րդ ես, թե՞ ոչ… Սկսեց ձեռքերով հարվածել Վարդանի երեսին, մարմնին… - Ես մա´րդ եմ, հասկանո՞ւմ ես` մա´րդ: Ծնվել եմ` պետք է ապրե´մ, ապրե´մ, ինչ էլ, որ լինի …
* * *
Ծնվել ես` ուզած-չուզած պետք է ապրես: Եթե կյանքի ծուռումուռ ճանապարհներին հանդիպած մարդիկ բարի լինեն, համեմատաբար հարթ կլինի քո ուղին էլ, որը կանցնես` չհայտնվելով բիլիարդի փոսիկ-ցանցի մեջ, այլ կմնաս սեղանի վրա` չկորցնելով արժանապատվությունդ ու հպարտությունդ, բայց` ամեն վայրկյան սպասելով հարվածի: Այդպես է կյանքը: Միշտ պետք է պատրաստ լինել:
* * *
Կյանքի պատերազմում հարկավոր է համբերությամբ սպասել, երբ Կյանքն ինքը կհպվի քեզ անհրաժեշտ պահին` նուրբ ու հաճելի… Փորձի´ր զգալ Նրան` լեզվի ծայրով, շուրթերով: Եթե ոչինչ չստացվի, փորձի´ր մատներիդ բարձիկներով հպվել…
* * *
Նորից գրկեց Վարդանին: Սեղմեց կրծքին: Համբուրում էր գլուխը, մազերը: Կանգ չէր առնում, ձեռքով փակած Վարդանի բերանը` համբուրում էր … Համակարգչին հենած տիկնիկը ժպտում էր:
* * *
Երբ վերակենդանանում են վաղուց թաղված սրտաբուխ բառերը, կին արարածը հավերժական առեղծվածից վերափոխվում է մի հրաշալի արարածի, որը հանուն սիրո ընդունակ է անհնարին թվացող այն արարքների, որոնց առջև տղամարդն անզոր է: Սեր`մարդ արարծի նկատմամբ:
* * *
Ձյունն իջնում էր: Փաթիլները սպիտակ էին, փափուկ: Ձմեռն իր պարտականությունն է կատարում: Ու ինչքան էլ ցուրտ լինի, եթե կարողանում ես մոռանալ կյանքի սև ճանապարհները, արհամարհել, երկար ես վայելում վերահաս երջանկության զգացողությունը: Ու այդ ժամանակ էլ ամեն մի` <սև> կոչվող իրադարձություն, աղիողորմ լաց լինելով, լքում է քեզ` գլխիկոր հեռանալով, գուցև` հավերժ: