Հայագիտութիւնն այս վերջին շրջանում մեծ թափով զարգացում է ապրում։
Հայաստանը քաղաքակրթութեան բնօրրանն է։
Այս թեզը, որ ժամանակին աշխարհում ընկալուած է եղել որպէս բացարձակ ճշմարտութիւն, քանզի «քաղաքակրթութեան բնօրրան» եզրոյթը գիտական շրջանառութեան մէջ էր մտել հէնց Հայաստանի, հին Հայաստանի բնութագրման համար, այսօր շատ շատերի կողմից կասկածի տակ է առնուում։
Սակայն, Հին հայկական երբէմնի հզօր պատմութիւնը միայն սերտելով մենք միանգամից չենք կարող դառնալ այդ հին հայերը։ Աւելին, դրանով մենք աւելի վտանգաւոր խնդրի ենք բախւում․․․ սնապարծութեան խնդրին, դրանով մենք յաճախ մեծամտանում ենք։ Որովհետեւ իսկապէս գայթակղիչ է լսելը այդ հզօր եւ մեծ պատմութիւնների մասին։
Երեւոյթը նման է այն դէպքին, երբ թոռնիկը հպարտանում է, որ իր պապը կամ պապի պապն առաջինն է եղել, ով իրենց քաղաքում մեքենայ է ունեցել։
Միայն գենետիկան քիչ է։ Գենը տարբեր մարդկանց մօտ տարբեր կերպ է ակտիւանում։ Մենք մեր գենին, մեր տեսակին ենք անշուշտ պարտական տարբեր ասպարեզներում մեր գրանցած յաջողութիւնների մէջ։ Բայց միայն դրանով մենք չենք կարող դառնալ այդ նո՛յն համաշխարհային քաղաքակրթութեան ստեղծողները։ Դրանով մենք չենք դառնում այսօր մեր քաղաքում առաջին «մեքենա վարողը»։
Թերեւս հենց սա՛ է պատճառը, որ մեզանում շատերը քննադատում են եւ նոյնիսկ վախենում են հայագիտութեան զարգացման ներկայ թափից։
Որպեսզի մենք կարողանանք լինել նոյնը, ինչ փառահեղ պատմութիւն կերտած մեր պապերը, անհրաժեշտ է, որ գաղափարապէս, հոգէպէս, մտքով, մղումով լինենք նոյնը՝ ինչ նրանք։
Ուրէմն հայագիտութեան այս յաղթարշաւին զուգահեռ անհրաժեշտ է իրականցնել այլ քայլեր նոյնպէս, մենք պէտք է սերտենք մեր մշակոյթը՝ երգը, պարը, գրականութիւնը, հաւատքը։
Ես վստահ եմ, այսպիսի զարգացումն արդէն կը լինի ներդաշնակ։ Ես վստահ եմ, որ այսպէս մենք այս դարաշրջանում նոյնպէս կը վերականգնենք մեր երբէմն դէրը աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել