Տխրության ծովում խարխուլ նավակով տատանվողն եմ, որն այդքանը կորցնելուց հետո այլևս չի վախենում կորստից: Չի վախենում ոչ մի խորտակումից, որովհետև ամենից սարսափելին արդեն եղել է. խորտակվել են երազանքներս ու էլ չկան .... մահացա՜ն: Եվ սպանողն էլ դու ես եղել:
Ես ուժեղ եմ քեզնից, բայց թույլ՝ քո պատճառով:
Քեզ չհիշելն ու մոռանալ փորձելը նույնքան դժվար է, որքան սայլակին գամվածի համար քայլելն է լինում...իսկ ես փորձում եմ անիրական թվացող, սրտին հակառակ ցանկությունը կատարել:
Ես ներել եմ տվածդ ամեն ցավը, բայց հեռանալդ չեմ կարողանում ընկալել ու ներել, դու էլ իմ անկարողության համար ինձ ներիր:  
Քեզ չեմ խաբել, չեմ եղել կեղծ: Մեկ մեղադրում ես ինձ, մեկ էլ ուզում գրկել, որովհետև կարոտում ես: Ի՞նչ ես դու ուզում, ասա՛ վերջապես, մի ցավեցրու ինձ ու առանց այդ էլ իմ սառած սրտին, որ չի ուզում զգալ ոչինչ:
Սակայն թողնում ես ինձ ապրել առանց քեզ ու երջանիկ լինել... շնորհակալ եմ, բայց չեմ կարող:
Աղոթքներս՝ քեզ չհիշելու, քո մասին չմտածելու, քիչ հանգստացնում են, հետո էլի ցավեցնում ու մի խո՜րը շունչ, որ առաջ գնամ: Երևի դու էլ աղոթում ես, որ հիշեմ քեզ: Մեկ ապրեցնում ես նորից՝ տալով այնքա՜ն ջերմություն, որ անգամ չես էլ պատկերացնում գուցե: Մեկ էլ՝ սպանում....Ինչպե՞ս հասկանամ սրտինդ: Թե հետ գալ ես ուզում, անվախ ու վստահ եղիր, կամ էլ գնա, գնա՛ անդարձ, որ հասկանամ՝ էլ չես գալու ու չսպասեմ: Գուցե ի՞նձ ես սպասում: Բայց ես չեմ գա, որովհետև դու գնացիր, դու էլ պիտի հետ գաս, թե սիրում ես իրականում:
Հիշո՞ւմ ես, ասում էիր՝ «անիմաստ է կյանքս առանց քեզ», մոռացե՞լ ես, թե ուրիշն է հիմա իմաստավորել կյանքդ: Մոռացե՞լ ես՝ ինչպես էիր ինձ անվանում, որ միայն դու էիր այդպես կարողանում: Իմ անունը քո շուրթերից այնքա՜ն քաղցր էր հնչում: Երբեմն տխրում էիր անգամ երջանկությունից: Դու ինձ քո կյանքից առավել էիր սիրում՝ ինչպես ինքդ էիր ասում, իսկ քայլերդ այլ բան էին ասում: Հիշու՞մ ես՝ ինչպես էինք սպասում մեր հանդիպմանը: Ես կարոտ եմ քո ձեռքերի ջերմությանը: Ես հիշում եմ ամենը, ինչ քեզ հետ է կապված եղել: Ես չեմ մոռացել ու չեմ ուրացել: Բայց երանի եմ տալիս, որ մի օր աչքերս բացեմ ու չզգամ ոչինչ, ուզում եմ ազատվել այս ցավից: Թե սեր տայիր ինձ մի քիչ....Հիմա անզգայացել եմ: Անսեր եմ հիմա այնքա՜ն: Մենք հեռու ենք, բայց մոտ՝ սրտով: Օտար ենք ասես, բայց հարազատ՝ հոգով:
Ամեն բացվող առավոտ թվում է, թե այն, ինչ անցյալում է մնացել, անցյալ է .... այո՛, թվում է:
Անցնում են օրերը հատ-հատ, ոչինչ չի փոխվում, չի դադարում ցավել հոգիս: Ես դեռ շնչում եմ... դու էլ առանց ինձ այնպես ես ապրում, որ ես առանց քեզ դեռ չեմ մահանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել