Newsbook.am-ը գրում է.
NewsBook-ի զրուցակիցն է բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը.
-Այս պահին ՀՀ քաղաքացիները զուգահեռաբար պայքարում են երկու ֆրոնտով՝ Աֆրիկյանների տան ապամոնտաժման և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Հաջողություններ կլինե՞ն՝ դատելով պայքարի անցած փորձից:
- Ես ավելի, քան համոզված եմ, որ հաջողության հասնելու ենք: Մի քանի օր առաջ Աֆրիկյանների տան համար պայքարողների հետ էի: Ես միացել եմ նաև «Դուրս մեր գրպանից» շարժմանը: Առհասարակ, ես յուրաքանչյուր պայքարող քաղաքացու և շարժման կողքին եմ: Ցավոք, հաճախ եմ բացակայում Հանրապետությունից: Ես վստահ եմ, որ եթե բոլորը միանան պայքարին, հեշտությամբ կհաղթենք: Ե՛վ Աֆրիկյանների տան ապամոնտաժման, և՛ հոսանքի թանկացման որոշումը, մեղմ ասած, անբարոյականություն է: Եվ ցավալի է, որ հասարակական դժգոհությունները ճնշվում են ոստիկանների կողմից, բայց դա չի կարող երկար ձգվել: Կա պարզ ճշմարտություն և այդ ճշմարտությունն, այնուամենայնիվ, ջրի երես է դուրս գալու, որովհետև իրավիճակն այնքան է վատացել երկրում, որ այդ ամենի վերջն ուղղակի գալու է:
- Զվարթնոցի և Գառնիի տաճարի սրբապղծումից հետո պատժվեցին Զվարնթոցի թանգարանի և Մշակույթի նախարարության երկու խեղճուկրակ աշխատակիցներ՝ մեկին ազատեցին աշխատանքից, մյուսին՝ խիստ նկատողություն տվեցին: Այսպե՞ս է ճշմարտությունը ջրի երես դուրս գալիս:
- Ես ցավում եմ, որ այս պատմության ժամանակ ինձ համար հարգելի մարդիկ հայտարարեցին, թե աշխարհի շատ այլ պատմամշակութային տարածքներում էլ տեղի են ունենում նման միջոցառումներ: Այո, աշխարհում այդպիսի միջոցառումներ տեղի ունենում են: Կոլիզեում համերգներ են եղել, այլ երաժշական նախագծեր նույնպես կյանքի են կոչվել պատամշակութային այլ կենտրոններում: Բայց այդ համերգների ժամանակ ռեստորանային սեղաններ չեն բացվել և կերուխում չի եղել:
- Հավանաբար, թատերագետ Արա Խզմալյանի վերջին հարցազրույցը նկատի ունեք, որտեղ նա հանդիմանում է լրագրողներին և մյուսներին անհարկի աղմուկ բարձրացնելու համար:
- Այո, և միայն Արա Խզմալյանը չէ, որ այդ կարծիքին է: Արան հիշեցնում էր, որ Պոլ Մաքարտնին էլ Կոլիզեում է երգել: Իհարկե, այդպիսի բաներ արվում են: Բայց դրանք մշակութային միջոցառումներ են, ոչ թե կորպորատիվ հավաքներ, որոնք ուղեկցվում են կերուխումով: Ոչ ոք այդ տարածքներում խրախճանք չի անում, բաժակ չի բարձրացնում և, ասենք, խորոված չի ուտում: Հավատացեք, ոչ մի արտիստ թույլ չի տա, որ իր համերգի ժամանակ հանդիսականը կերուխումով զբաղված լինի: Լուսահոգի Ղարաբեկյանը համերգ էր կազմակերպել Զվարթնոցի տաճարի մոտ, և դա հիանալի միջոցառում էր: Բայց այդ համերգին, ասենք, դեսերտ չի եղել, որովհետև դա ամոթ է, ուղղակի անթույլատրելի է:
- Հենց այդ պատճառով պետք է հետևողական պայքար տանել և պահանջել Հասմիկ Պողոսյանի հրաժարականը և թույլ չտալ, որ կատարված խայտառակությունը բարդվի թանգարանի խեղճուկրակ աշխատողի վրա:
- Ես բազում անգամներ խոսել եմ դրա անհրաժեշտության մասին: Բայց արդեն եկել եմ այն համոզման, որ Հասմիկ Պողոսյանը հավերժ է: Էլ ինչե՞ր պետք է նա անի... Ամեն երկու ամիսը մեկ մի սկանդալային պատմություն է լինում: Բայց դրանից ոչինչ չի փոխվում Հասմիկ Պողոսյանի կյանքում: Վերջերս նա ներկա էր իմ «Սև, դառը շոկոլադ» ներկայացմանը, գուցե՝ ստիպված, որովհետև առաջին տիկինն էր եկել: Ինձ էլ ասում է՝ «Какой привет, такой ответ»...
- Մշակույթի նախարա՞րն է նման բան ասել:
- Այո: Այդպես է պատճառաբանել իմ ոչ մի նամակին չպատասխանելը: Ասել է, որ իմ վերաբերմունքի պատճառով նա իմ նամակներին ոչ մի դրական պատասխան չի տալու, ես ոչ մի թատրոնում էլ չեմ աշխատելու: