Յաճախ է լինում, որ չգիտես որտեղից եւ ինչու - կեանքի իմաստ հասկացութեան մասին մտքերն են ճախրում գանգուղեղիդ մէջ, եւ ստիպում քեզ խորասուզուել հազար ու մի բարդ հարցերի մէջ, որից աշխարհում քչերն են գլուխ հանել, բայց․․․ թերեւս, բոլորն էլ, երբեւէ խորհել են այդ խնդրի շուրջ․․․

Եւ ահա մտքերի մէջ խորասուզուած քայլում եմ փողոցով եւ ուշադիր հետեւում շուրջս կատարուող անցուդարձին։

«Ես միշտ հոգի տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կայ որ․․․․»

Թումանեանի այս տողերն են զրգնում ականջներիս մէջ եւ խոր արձագանքում դէպի անհունը,․․․ ես քայլում եմ մայթերով եւ հետաքրքրութեամբ նայում անցնող-դարձող մարդկանց - մէկը իր ընկերոջ հետ զայրացած ինչ որ բան քննարկելով իջնում է փողոցով։ Տպաւորութիւն է, որ ինչ որ տղայական հարաբերութիւններին վերաբերուող խնդիր են քննարկում, բայց աւելի մօտ որ անցայ, ականջս բռնեց զրոյցի քաղաքական երանգները։

․․․ Միւս մայթով մի աղջիկ հեռախօսով խօսելով դանդաղ քայլում է դէպի վեր։ Քիչ ուշադիր լինելու դէպքում կարելի էր նկատել նրա դէմքից հոսող անսահման մի երջանկութիւն եւ լոյս։ Ուզում ես գնալ եւ խնդրել նրան․

«- Ասա աշխարհին երջանիկ լինելուդ գաղտնիքը, թող մարդիկ իմանան, թող ճառագող լոյսդ վարակիչ լինի։ Մարդիկ այսօր ունե՜ն դրա կարիքը»։ Բայց դէ չհասկացուած դուրս գալու կսկիծը մէկ ակնթարթում սպանում է այդ ձգտումը, եւ այդ պահին խորը շունչ քաշելով թողնում եմ մտքերս եւ շարունակում ճանապարհս․․․

Աւելի հեռուում մի տատիկ է նստած, երկու ձեռքով բռնած ձեռնափայտը եւ լուռ հետեւում է փողոցի անցուդարձին։ Աչքե՜րը․․․ ես երբէ՜ք չեմ կարող անտարբեր անցնել ծերունիների աչքերի կողքով։ Մի մե՜ծ հանրագիտարան, որ կարելի է անվերջ կարդալ եւ չկշտանալ։ Լինում են, որ կայծկլտում են նրանց աչքերը, այդ ժամանակ այդ կայծերն ուղղակիօրէն անցնում են հոգուդ մէջ մի տեսակ ուժ, կորով, նպատակասլացութիւն հաղորդում, եւ լինում է, որ այնտեղ մարող լոյսն ես նկատում եւ հոգիդ կսկծւում է ու էս աշխարհում անարդարութիւն ծնող արգասիքների մասին մտքերն են պարուրում հոգիդ։

- Բարե՜ւ ձեզ, - անցնելով տատիկ կողքով ես բարեւում եմ։

Տատիկը, որ արդէն մի քանի մետրից հայացքով ինձ էր չափում, ծանր գլխով է անում։

Իսկ իմ ականջներում նորից զրնգում է Թումանեանի յանճարեղ խօսքերը․ «Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կայ որ․․․․»

Շարունակելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել