Երկար ժամանակ է բլոգս հանգստի վիճակում էր: Այժմ որոշել եմ վերականգնել այն:

Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Պետրովը իր առաջին անիմացիոն ֆիլմը նկարահանել է դեռևս 1990 թվականին, սակայն ֆիլմերում որպես նկարիչ սկսել է աշխատել դեռևս 1984 թվականից: Պետրովի աշխատանքները աչքի են ընկնում յուրահատուկ ոճով: Այստեղ չկան սովորական անիմացիային հատուկ հնարքները, չկան համակարգչային բարդ էֆֆեկտները և չկան սովորական նկարազարդումները:
Նրա անիմացիաներում կարծես կենդանացած նկարներ լինեն, գեղանկարչության նմուշներ: Ամեն մի կադր այս մուլտֆիլմի մեջ լցված է նկարչությանը հատուկ հմայքով, կարծես նկարները միավորվելով իրար հետ կազմում են մի ամբողջություն: Պետրովի հենց առաջին անիմացիան մեծ ճանաչում ձեռք բերեց, և առաջադրվեց Օսկարի: Բայց  Օսկար Պետրովը ստացավ միայն 2000 թվականին Էռնեստ Հեմինգույի "Ծերունին և ծովը" պատմվածքը էկրանավորելու համար: Իհարկե շատերը նշում են, որ պատմվածքի ողջ էությունը բացահայտված չէ այս մուլտֆիլմում, մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ դա անհնար է անել, քանի որ գրականությունն ու կինոն արվեստի տարբեր ոլորտներ են: Եվ գրականությունը, և կինոն ունեն իրենց հատուկ արտահայտչամիջոցները, և համեմատել գրական երկը ֆիլմի հետ, իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չէ: Ինչևիցէ, գրական ստեղծագործության էկրանավորումը դա այլ խնդիր է, իսկ այստեղ  ես Ձեզ առաջարկում եմ վայելել այս հիասքանչ ստեղծագործությունը, և ինքներդ դատեք, թե որքան է պատմվածքը կորցրել էկրանավորումից, և ինչ է այն ձեռք բերել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել