Ուզում ես հասկացիր, ուզում ես զարմացիր, ուզում ես հավատա, ուզում ես մտածիր, թե տարօրինակ եմ. Կամքը քոնն է, մանավանդ որ այդ եզրահանգման մեջ մենակ չես, մանավանդ, որ ես էլ գիտեմ`տարօրինակության աստիճան չհարմարված եմ, հասկանում ու ընդունում եմ դա: 
Կարծում էի, թե մեծացել եմ, կարծում էի թե այնքան եմ ջրազրկվել իմ ճշտից, որ փոշի դառնալով վայրէջք կկատարեմ ժամանակի ուսերին ու կապրեմ ռեալում`ժամանակը սանձած, օրվա թելադրանքով ու վերջապես լիաթոք կշնչեմ` անտեսելով պահի աղբահոտը... Հուսով էի ոչինչ չի մնացել իմ ճշտից, մաշվել, պրծել է այսքան տարի անապատում անհույս, անլույս, անջուր մնալուց ... կարծում էի, թե Սահարայից դուրս եմ եկել պատրաստ ռեալիզմի հովերով քշված պոռնիկ դառնալուն... չէ, մի նեղվիր, վատ բան չեմ ասում. խոսքս պահով ապրել կարողանալու մասին է, բոլոր ռեալիստներն էլ մի քիչ պոռնիկ են, առանց գունավոր երազների ամեն պահ կյանքի այսքա՜ն մերկություն են տեսնում, ու դեռ նպատակին հասնելու համար կարողանում են ընտրել ամենամերկն ու ռեալը, դեպի նպատակ են գնում առանց իրենց մերկությունից նեղվելու, առանց ուրիշի մերկությունից խորշելու, կամ խորշում են ճիշտ ժամանակին ու ճիշտ պահին, երբ պետք է լինում, կախված նրանից, թե ո՞ր դեպքում արագ կհասնեն վերջնակետին: Իսկ ես...այն օրը հասկացա, որ պահը դեռ կարողանում է ցավ պատճառել, որ ճշտի սապատը դեռ ուսերիս է, որ նրա մեջ դեռ երազանք է մնացել,որ...որ...որ... իսկ քանի դեռ “ջրի”պաշար ունեմ, քո ճշտից վատ հոտ եմ առնելու... Վախենամ էս անտեր սապատը այդպես էլ չմաշվի, ինքը կա ու կլինի, աչքիս անապատում ոչ թե ես, այլ ինքն է ինձով սնվել...
Մաշվել եմ, իսկ ժամանակը կտկտում է...
Ասում ես ինչպիսի՞ն է քո ճիշտը, որ փորձում ես գլուխս մտցնել:
Есть только миг между прошлым и будушим именно он называеться жизнь...
Երանի՜ ձեզ, պահը բռնողներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել