Իշխանությունների ու նրանց ենթակաների մասով ամեն ինչ պարզ է, մարդիկ ամեն կերպ պետք է փորձեն խոչընդոտել կոնսոլիդացիայի կայացմանն ու ձգտեն հասնել մարտի 22-ի՝ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի տապալմանը։ Հատուկ եմ նշում, որ հանրահավաքը ոչ թե այս կամ այն ուժն է կազմակերպել, ինչպես պնդում են որոշակի շրջանակներից կոորդինացվող կայքեր ու անհատներ, այլ նախաձեռնության անդամները, ոչ իշխանական քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները վերջապես հնարավորություն են ստացել միասնաբար հանդես գալու մեկ հարթակից։ Ընդ որում իշխանությանը ինչ-որ չափով հաջողվել է իրենցից դժգոհ ժողովրդին բաժանել 2 մասի, որոնցից առաջինը վստահում է 4 ուժերի համախմբմանը, մյուս մասը հավատում է այդ համախմբմանը չհավատացողներին (Նիկոլ Փաշինյան, Նախախորհրդարան, Հայազն և այլն), որոնք կամա թե ակամա իշխանություններից չեն տարբերվում համախմբման մասին իրենց կարծիքներով ու գնահատականներով։ Միևնույն ժամանակ նրանք ոչ առաջարկում են այլ քաղաքական օրակարգ (մեծ հաշվով չեն էլ կարող, քանի որ չունեն իշխանությունների վրա ազդելու լծակներ կամ հետևորդների մեծ բանակ), ոչ էլ համախմբվում են մյուսների հետ, բայց վերամբարձ կոչերով ու բոլորի հրաժարականի պահանջներով են հանդես գալիս։ Անշուշտ, փոփոխություններն անհրաժեշտ են, բայց դրանց հասնելու կոչերը ներքաղաքական «սեպարատիստների» կողմից նմանվում է Քաջ Նազարի «քարվան կտրելուն», երբ չունենալով բավարար ռեսուրսներ և կամք, իրենց համարում են միակն ու անկրկնելին։
Վաղվա հանրահավաքը կարող է լակմուսի թուղթ դառնալ բոլոր ուժերի համար, ելույթ են ունենալու թե քառյակի ներկայացուցիչները, թե Նիկոլ Փաշինյանն ու Սեֆիլյանը։ Գրեթե վստահ եմ, որ քառյակը կրկին կոչ է անելու համախմբվել ու բոլորով միասին պայքարել, իսկ մյուսները կոչ են անելու չհավատալ նրանց ու պայքարել առանձին-առանձին՝ փոշիացնելով մարդկանց հույսն ու հավատը։ Գուցե սա ևս քաղաքական մոտեցում է, բայց այն ձեռնտու է միայն իշխանություններին, ուստի եթե վաղը նման կոչեր հնչեն Ազատության հրապարակի հարթակից, թող ոչ ոք ոչ մեկին չմեղադրի այդ անձանց «ծախված», «իշխանության կամակատար» կամ «դհոլ» որակելու դեպքում։ Մենք էլ ենք փոփոխություններ ուզում, բայց մենք ոչ իդեալիստ ենք, որ պահանջենք ամեն ինչ ու միանգամից, ոչ էլ կամիկաձե, որ վտանգենք մեր ու մեզ հավատացող մարդկանց կյանքերը ու հանուն աթոռի հանգեցնենք ցնցումների։ Սրա մասին է խոսքը, երբ քառյակի ներկայացուցիչները հայտարարում են, որ պաշտոնի համար չեն պայքարում, թե չէ մեր իրականությունն այնպիսին է, որ ցանկացած մարդու ցանկացած խոսք կասկածի տակ է դրվում, նույնիսկ եթե մարդը անկեղծ է։
Հ.Գ. Ես վաղը լինելու եմ Ազատության հրապարակում, որովհետև դեմ եմ պարտադիրին, որովհետև մենք չենք ապրում այն Հայաստանում, որում կարող ենք ապրել, մնացած կարծիքներն ու պատվերներն ինձ չեն հետաքրքրում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201667874086670?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել