Tert.am-ը գրում է.

ՀԷԿ-երը Հայաստանում հանգեցրել են ոչ միայն լուրջ բնապահպանական, սոցիալական, այլև բարոյահոգեբանական խնդիրների, Tert.am-ի հետ զրույցում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը՝ անդրադառնալով Երևան-Ապարան ջրատարի վրա կառուցվող ՀԷԿ–ի շինարարությանը, որի դեմ բողոքում էին տարածաշրջանի 7 գյուղերի բնակիչներ:

«Երբ ՀԷԿ-երի գործունեության արդյունքում գետը իր երկարության կեսից ավելին գետ չի արդեն, և այն անցնում է ինչ-որ գյուղի տարածքով, այդ գյուղի գյուղացին, որ իր ապրելակերպով կապված է այդ գետի հետ, ու այն վերցնում են այդ գյուղից, նրանից վերցնում են իր միջավայրը»,-ասաց նա։

Բնապահպան Ապրես Զոհրաբյանն էլ Tert.am–ի հետ զրույցում, պաշտպանելով այս «տեսությունը», նշեց, որ կա էթնոբուսաբանություն կոչվող գիտություն, ըստ որի՝ մարդը և բնությունը մի ամբողջական օրգանիզմ են:

«Յուրաքանչյուր տեղանքի ֆլորան ազդում է այդ տեղանքում ապրող մարդկանց մտածելակերպի վրա: Հիմա եթե Հայաստանում նայում ենք, որ մոտավորապես 1000 կիլոմետր և ավելի ձգվող գետը չորացնում են՝ մտցնելով խողովակ. գլոբալ իմաստով դա չի կարող չանդրադառնալ այդ գետի տարածքում ապրող մարդկանց հոգեբանության վրա: Եթե չորացված բնություն եղավ, ինքը կլինի այդ չորացված բնությանը համապատասխան ժողովուրդ: Այսինքն՝ նման գոլբալ ազդեցությունը հենց հիմա չի լինի, իսկ հենց հիմա այն ազդեցությունը կունենա, որ եթե առաջ կարող էր գետի ձկնով սնվել, հիմա էլ չի կարող»,-ասաց բնապահպանը:

Հայաստանում ամեն գետի վրա միջինը 2-3 ՀԷԿ կա

Բնապահպան Լևոն Գալստյանի տեղեկացմամբ՝ այս պահին Հայաստանում գործող ավելի քան 150 ՀԷԿ-երից 120–ը կառուցված են գետերի վրա, իսկ մնացածը՝ ջրագծերի. «Գետեր կան, որոնց վրա 3-4, նույնիսկ 5 հատ ՀԷԿ կա, Մարզ գետի վրա, օրինակ, 3-րդն են կառուցում, և գետը իր երկարության կեսից ավելին գետ չի արդեն»:

Ըստ բնապահպանի՝ փոքր ՀԷԿ-երը չեն կարող գետի ջրային պաշարները նվազեցնել, քանի որ վերցնում են ջուրը և մի քանի կիլոմետր ներքև այն հետ մղում, բայց այն հատվածները, որտեղ վերցվում է ջուրը, ցամաքում են:

Ըստ Լևոն Գալստյանի՝  ներկայումս փոքր ՀԷԿ-երի կառուցման համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների մեջ ընդհանրապես բացակայում է էկոհամակարգային մոտեցումը, ինչն ուղղակի հետևանք է ՀՀ կառավարության 2011թ․ «Ըստ ՀՀ ջրավազանային տարածքների՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» որոշման, համաձայն որի՝ բնապահպանական թողքի արժեքը որոշելիս որպես հիմք ընդունվում է տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը:

«Սա նշանակում է, որ եթե երկարատև հիդրոլոգիական դիտարկման ամենասակավաջուր տարիներից մեկում այդ 10 օրերի միջին ելքը կազմել է օրինակ 5 լիտր/վրկ, ապա կարելի է ամբողջ տարվա համար դա սահմանել որպես բնապահպանական թողք և փաստացի ջրազրկել գետը։ Այս որոշումը ընդհանրապես առնչություն չունի ջրավազանների էկոհամակարգերի պահպանության կարիքների հետ և չի կարող ապահովել այդ էկոհամակարգերի բնական կենսագործունեությունը»,–ասաց նա:

Ապրես Զոհրաբյանն էլ ՀԷԿ-երի նախագծերի կազմման և լիցենզիաների մասին նշեց, որ ամեն ինչ աչքաչափով է արվում:

«Եթե նայեք՝ այդ փորձաքննությունը, որը, իբր, անցնում է ՀԷԿ-ը կառուցելու համար, դրանք որևէ լուրջ ուսումնասիրություն չեն անցնում: Օրինակի համար՝ Վայոց ձորի գետի փորձաքննության տվյալները մեխանիկորեն կառուցում են Իջևանի որևէ գետի վրա կառուցվող փորձագիտական եզրակացության մեջ՝ առանց հաշվի առնելու, որ բնաշխարհը տարբեր է, լանդշաֆտը: Բայց քանի որ կոռուպցիան Հայաստանում ահավոր չափերի է հասել բնապահպանության մեջ, դա հեշտությամբ անց են կացնում»,-ասաց բնապահպանական ակտիվիստը:

Նրա տեղեկացմամբ՝ սա իր անդրադարձն է թողնում նաև գյուղատնտեսության, իսկ դրանով պայմանավորված նա՝ գյուղացիների սոցիալական վիճակի վրա: Ապրես Զոհրաբյանը բերեց Արագածի մարզի Գեղառատ գյուղի օրինակը: Ըստ նրա՝ նախկինում երբ Արագած լեռան գագաթից լեռնային վտակը իջնում էր գյուղ, ճանապարհին հանդիպում էր քարերի, որոնք մաքրում-պոկում էին աղի մեծ քանակություն ունեցող ջուրը: Երբ ՀԷԿ կառուցվեց և ջուրը մտցվեց խողովակ, աղակալած ջուրը վնասել է գյուղացու ցանքատարածությունները:

ՀԷԿ-երի բիզնեսում ոչ մի պատահական մարդ չկա, բայց իշխանությունները սկսել են մի քիչ «մրսել»

ՀԷԿ-երի բիզնեսը ժամանակի ընթացքում ապացուցել է իր շահութաբերությունը (դրան է նպաստում նաև էլեկտրաէներգիայի գնման բարձր սակագինը գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից՝ մեկ կվտ/ժամը 21 դրամ)։ Այդ իսկ պատճառով՝ ըստ բնապահպանների՝ ՀԷԿ-երի բիզնեսում պատահական մարդիկ չկան: Մամուլը պարբերաբար անդրադառնում է առանձին անունների՝ ԱԺ պատգամավորներ, դատախազներ, դատավորներ, հայտնի գործարարներ:

Ըստ Լևոն Գալստյանի՝ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանություններն էլ ապահովել են բարենպաստ օրենսդրական բազա՝ ընդունելով այնպիսի օրենքներ և որոշումներ, որոնք թույլ են տալիս ցանկացած տնտեսվարողի կառուցել փոքր ՀԷԿ քիչ թե շատ հոսք ունեցող գետերի վրա:

Ապրես Զոհրաբյանը, սակայն, որոշակի տեղաշարժ նկատում է իշխանությունների պահվածքում, որ նրանք սկսել են «մրսել», մտածել, որ որևէ հայտնի անձին նոր լիցենզիայի տրամադրումը հասարակական հնչեղություն կստանա՞ , թե ոչ: Եվ դա առաջին հերթին կապված է բնակիչների և բնապահպանների բարձրացրած աղմուկի հետ:

«Ես պատահական լսել եմ՝ Վայոց ձորի մարզպետը խոսում էր մի գործարարի հետ, որը համոզում էր, որ այստեղ ՀԷԿ սարքենք, ինքը ասաց՝ «դե բնապահպանները աղմուկ կբարձրացնեն»։ Հիմա էդ տեսակ բաները ազդում են, որովհետև ինքը մտածում էր, որ չարժի էդ տեսակ բան անել»,–ասաց նա։

Ապրես Զոհրաբյանի ամփոփմամբ՝ նկատվում է նաև միտում, որ արդեն այս ոլորտում ներդրումն անողներն էլ մտածում են՝ կկարողանա՞ն հետ բերել այդ գումարները:

Գյուղացին ինքն իր մաշկի վրա զգացել է նման բիզնես գործունեության հետևանքները և ակտիվ պայքարում է

Ըստ Ապրես Զոհրաբյանի՝ գործող ՀԷԿ-երի մերձակա տարածքում ապրող բնակիչներն իրենց մաշկի վրա են զգացել դրանց բերած աղետները և, հետևաբար, ակտիվ պայքարում են:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել