Hraparak.am-ը գրում է.
Էս նեղ մաջալում էլ, երբ շունը տիրոջը չի ճանաչում, մամուլում սկսել են Օեկ-ին գովաբանել՝ որպես սկզբունքային ու անդավաճան գործընկեր: Իսկ պահն է, ո՞վ է հիմա բոլշևիկյան այս թունդ հեղափոխության ժամանակ ուշադրություն դարձնում, թե ՕԵԿ-ին ով է գովում, ինչքան է գովում կամ ինչպես է գովում: Բոլշևիկ-մենշևիկ հեղափոխական դարաշրջանում ՕԵԿ-ին՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի, սկսել են սրբի թևեր հագցնել՝ ՕԵԿ-ի կշիռը մեծացե՜լ է, նրան հնարավոր չէ պոկել նախագահի մոտից, նա երբեք չի դավաճանի: Աշոտյանը, ինչպես բոլոր հարցերում, այս հարցի գետի մեջ էլ է մտել ու լողացել. «Եթե անգամ փոխվի վարչապետը, միևնույն է՝ նոր կոալիցիան կրկին կկազմվի երկու ուժերից՝ ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից»: Գեղամյանը, մաքսային ականջը կանչի, կարող է վրդովվել ու լացախառն նվնվալ. «Էդ ոնց եղավ է՜, Ազգային միաբանությունը ոտ ու ձեռով տրվեց նախագահին, ձուլվեց, միաձուլվեց, քոռացել եք, չեք տեսնում, իսկ Օեկ-ին անդավաճան ընկեր եք հաշվում»: Եվ ճիշտ էլ կանի: Եթե ՕԵԿ-ն անդավաճան է, նույն կարգի անդավաճան են նաև մյուս դավաճանները՝ Արտաշես Ա-ով սկսած, վերջացրած սիմ-ով ու մաֆթուլով: Անդավաճան ասողները գիտե՞ն, թե ի՞նչ է նշանակում անդավաճանը: Եթե մարդը ի շահ իրեն և ի վնաս ժողովրդի քայլեր է անում, դա անդավաճա՞ն է կոչվում: Եթե այո, ուրեմն մեր քաղաքական գործիչների գերակշիռ մասն անդավաճան է: Անդավաճան դղյակներ են շինում, անդավաճան հարստություն կուտակում, անդավաճան խոսում ու անդավաճան մնում իրենց պահողի կողքին: Հետաքրքիրն այն է, որ տևական ժամանակ ՕԵԿ-ն իր մասին հիշեցնել չի տվել, խորհրդավոր լռությամբ փորձել է իր ուսերին փակցնել հրեշտակի թևերը՝ տեսե՜ք- տեսե՜ք, բոլորը դավաճանել են նախագահին, բայց մենք նրա կողքին ենք: Այստեղ են ասել՝ մի քիչ կամաց, ջեյրա՜ն… թե չէ, մեկ էլ տեսար ախորժակդ եղնիկի միս ուզեց ու ասացիր՝ ես եմ ամենահարմար վարչապետը: Միակը, ում թվում է, թե իր մասին ժողովուրդը մոռացել է և ինքը նոր կոդով Արթուր Բաղդասարյանն է: Մի բան էլ կուզեի հիշեցնել՝ էդ դավաճանողներից շատերը կարող են ավելի անդավաճան լինել, քան ՕԵԿ-ը: Այնպես որ վաղ է խլվլալը:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



