Էսօր իմացա, որ Կառավարությունը հավանությունը տվել է՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը կքանդվի:

Մի քանի օր առաջ Հանրային խորհուրդը քննարկել էր հարցը, ու մի շարք վաստակավոր ու հարգարժան մարդիկ ստորագրել էին բաց նամակ նախագահին (չգիտեմ՝ ինչու, այդ նամակի տեքստը գտա միայն Գոլոսում, թարգմանված)

Կարելի է զայրանալ, ինչ խոսք

Բայց

Դիմում եմ բաց նամակը ստորագրած մարդկանց, իրոք հարգարժան, իրոք վաստակավոր
Դուք չե՞ք տեսնում, որ ձեզ արհամարհում են, ձեր համբերության բաժակը ե՞րբ է լցվելու, ինչքա՞ն կարելի ա: Էլ ի՞նչ պետք է անեն, որ հունից դուրս գաք, էդ կեղծ քաղաքավարությունը մի կողմ դնեք:
XIX դարի շերտը վերացավ, կոնստրուկտիվիզմից մի քանի արժեքավոր շենք քանդեցին, մնացածը այլանդակված ա: Նույնիսկ էն, որ մտքներովս չէր անցնի՝ Փակ շուկան քանդեցին, ձեն չհանեցինք համարյա, մոդեռնիզմից մի քանի բան ա մնացել: Մոդեռնիզմից, որը դուք՝ ստորագրածներիցդ մի քանիսն եք նախագծել-կառուցել-օգտագործել-շահարկել-հպարտացել-նախանձել:
Մի բան արեք: Ախար դուք որ մենակ նամակ գրեք, բա մե՞նք ինչ անենք: Ձեզ գոնե անձամբ են ճանաչում, հեղինակություն եք վայելում, մտեք վարչապետի մոտ, ձեռքով խփեք սեղանին, մի բան կոտրեք, բաժակ ա, ինչ ա, մի հատ լավ սկանդալ սարքեք, աղմուկ: Մի տեղից, մի հանձնաժողովից շուխուրով դուրս եկեք, մի պարգևից բարձրաձայն հրաժարվեք, ինչ ասեմ, մի կոչում հանեք, գետնով զարկեք: Մի հատ կռիվ սարքեք, մեկին ուղիղ եթերում ապտակեք, ախար սենց ո՞նց կլինի: Մտեք նախագահի ընդունարան, ասեք՝ մինչևչասես «սիրուն չի»՝ տեղից չենք շարժվի: Մենք էլ մեջքներիդ կանգնած ենք, լավ, իմ փոխարեն ասեմ, ես կամ, հաստատ էլի լիքը մարդ: Բայց, ախա՜ր, դուք չկաք:

Հերիք ա տրամաբանված նամակներ գրել, ու՞մ են պետք, ո՞վ ա կարդացողը: Պետք չի ասել, որ վարչապետի առաջարկած մակետներով պուրակը «ուրիշ բան ա», ասեք ուղիղ, ոնց մտածում եք, ասեք, որ դա ցինիկ ծաղրանք ա, էլ ումի՞ց եք քաշվում: Էլ ի՞նչ պիտի կորցնեք, եթե ձեր կառուցածը էլ չի լինի վաղը:


Ախար չե՞ք տեսնում, ձեր էրեկվա կառուցածին են հասել, հնից էլ բան չի մնացել: Հիմա, որ մենք և մանավանդ դուք, մեր կողմից հարգված մեծ սերունդ, ուրիշներից ժառանգածը չկարողացանք պահպանել, դուք կրկնակի պարտավոր եք ՁԵՐ ստեղծածի համար ԻՍԿԱՊԵՍ պայքարել: Սպասում եմ, ես: Ու պետք չի հետո ասել, էէէ, չկարողացանք, չստացվեց, ափսոս:

 

SHU_3434

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել