Sari aghjikTesadasht.am-ը գրում է.

«Իմ կարծիքով, «Սարի աղջիկ» երգն արժեք չունի: Անհետաքրքիր, դատարկ, սրտից չբխող երգ է»,֊այսօր «Հայոց աշխարհ» թերթի թղթակցին այսպիսի կարծիք է հայտնել կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։

Խոսքն այն երգի մասին է , որը «Սարի աղջիկ»֊ը հայկական երգ է» նախաձեռնությունը փորձում է փրկել թուրք-ադրբեջանական սեփականաշնորհումից։ Կոմիտասագետը նշում է, որ իր համար «Սարի աղջիկ» երգը ոչ ադրբեջանական է, ոչ հայկական, ընդհանուր արևելյան անհաջող երգ է և չի հասկանում, թե ինչու են երիտասարդները որոշել հենց այդ երգի հայկականության հարցը փորձել բարձրացնել։

«Ադրբեջանցիները Կոմիտասի երգերը ներկայացնում են որպես սեփական: Այդ երգերը թողած` ինչո՞ւ են այս երգի հարցը բարձրացնում»,֊ հռետորական հարցով հանդես է եկել Արթուր Շահնազարյանը։

Թեմայի շուրջ TESADASHT.am-ը զրուցեց «Սարի աղջիկ»֊ը հայկական երգ է» նախաձեռնության համակարգողներից մեկի՝ Անի Մարգարյանի հետ։ «Մենք ցանկացած պարագայում ուրախ ենք, որ թե´ երգին, թե´ նախաձեռնությանն անդրադառնում են մեր մասնագետները, առավել ևս կոմիտասագետները։ Չնայած որ հարգում եմ պարոն Շահնազարյանին, սակայն իմ համեստ կարծիքով՝ ինքն ավելի շատ անձնական տեսակետ է հայտնել երգի մասին, քան թե մասնագիտական»,֊ նշեց Անին։

Նրա խոսքով, երգի՝ հայկական արմատներ ունենալու մասին բազմիցս նշել են, իսկ sari-aghjik կայքում այդ ամենի մասին գրված է։

Անին ընդգծեց նաև, որ նախաձեռնության անդամներն ընդամենը սկսել են այս երգով․ «Ունենք արդեն իսկ կազմած ցուցակ, թե որ հայկական երգերին ենք առաջիկայում անդրադառնալու։ Պարոն Շահնազարյանի հետ համամիտ եմ միայն այն հարցում, որ մենք, անշուշտ, ունենք մեղավորություն, քանզի երգը մոռացության մատնելու հետևանքով են մեր հարևանները դրանք յուրացնելու փորձեր կատարում»,֊հավելեց Անի Մարգարյանը։

Նշենք, որ վերջերս ախաձեռնությանը միացավ նաև երգիչ Անդրեն: Հանրության շրջանում երգն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով վերջերս «Սարի աղջիկ» երգի հիման վրա Անդրեի կատարմամբ նկարահանվեց տեսահոլովակ: 

Քրիստինա Բոյաջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել