1in.am-ը գրում է.
Լրատվամիջոցներում նախօրեին բուռն քննարկումների պատճառ էր դարձել Հալեպում սպանված մի երիտասարդի նկար: Սպանվածը, ըստ շրջանառվող տեղեկությունների, հայազգի Մինաս անունով երիտասարդն էր, որը հոր հետ առևանգված լինելով՝ հրաժարվել էր իսլամ ընդունել, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել:
Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Նա ներկայացրեց եղելությունը:
«Ընդհանրապես, լուրը տարածվեց այն ազդանշանից, որ այս տղան հագել է մի բաճկոն, որի վրա մեր եկեղեցու նկարը կա` Հայ ավետարանական Բեթել եկեղեցու նկարը: Պետք է ասեմ, որ, նախ, այս տղան հայ չէ, երկրորդ` այս ժակետները` հատուկենտ, նախատեսված էին մեր վարժարանի աշակերտների համար` Սիրիայի պատերազմը սկսվելուց դեռ մի քանի շաբաթ առաջ, սակայն մենք չհասցրինք աշակերտներին բաժանել, և դրանք մնացին Հյուսիսային Հալեպում ինչ-որ տեղ` պահեստանոցում դրված, քանի որ չկարողացանք դրանք տեղ հասցնել մեզ համար հաստատվելուց հետո»,- ասաց նա:
Սելիմյանի խոսքով`այդ պիջակները պահեստից թալանվել են` թվով 1000 պիջակ, և հիմա այդ պիջակները, որոնց վրա եկեղեցու նշանը կա, նաև անունն է գրված, մեր հայ աշակերտները կամ հայ ժողովրդի զավակները չեն հագնում, այլ մարդիկ, ովքեր թալանել են և կրում են: Վերապատվելին նշեց, որ նկարում պատկերված երիտասարդը ընդամենը հագել է հայկական դպրոցին պատկանող, բայց թալանված պիջակ. այս է ամբողջ պատմությունը: Սակայն ո՛չ Մինաս անունով մեկը կա, ոչ էլ հայ է այդ նկարում պատկերված երիտասարդը: Դա հավանաբար զինյալ է, ում առևանգած և սպանած կարող են լինել:
Սելիմյանը նշեց, որ տեղում իրավիճակը հիմա մի քիչ լարված է: «Այդ լարվածության մեջ գլխավորաբար մենք ենք, որ տառապում ենք, հատկապես` քրիստոնեական, հայկական կողմերը, որովհետև աչքներն ընդհանրապես մեզ վրա են ուղղել: Անշուշտ, դեռ ուղղակիորեն մեզ` հայերիս համար վտանգավոր արարքներ չկան, այդ ուղղությամբ լիագումար հանձնաժողովի աշխատանքները պիտի ավելի հստակություն ունենան: Սակայն առավել անվտանգ մեր շրջաններում մասնավոր դժվարությունների չենք հասել, մեզ ուղղված որևէ բան չկա»,- ասաց նա:



